Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք ղազագիրը ստորագրեք

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եկեք ղազագիրը ստորագրեք

Մի քանի շաբաթ առաջ արտահերթ ընտրություններից հրապարակավ հրաժարված գործող իշխանությունները ընդդիմության հետ կրկին այդ հարցն են քննարկում։ Երեկ կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Փաշինյանն արտահերթ  ընտրություն անցկացնելու մեկ նախապայման է դնում՝ խորհրդարանական ընդդիմությունը պետք է հուշագիր ստորագրի եւ երաշխիք տա, որ իր հրաժարականի դեպքում ընդդիմությունը սահմանված 2 շաբաթվա ընթացքում նոր թեկնածու չի առաջադրի, եւ կգնան ԱԺ լուծարման, որից ամենաուշը 40 օր հետո կլինեն նոր ընտրություններ։ Նա այս պայմանը հիմնավորեց․ «Մենք ընտրությունները դիտարկում ենք որպես հանրային համերաշխությունը վերականգնելու միջոց»։ Նշեց, որ միայնակ էլ կարող էին, բայց չեն ուզում։

Երեկ մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպումից հետո Մարուքյանը տեղեկացրեց, որ համաձայնության չեն եկել, քանի որ Փաշինյանը չի զիջել․ բանն այն է, որ Մարուքյանն արտահերթ ընտրությունների հարցով պատրաստ էր համաձայնության գալ եւ ստորագրել հուշագիրը, եթե Փաշինյանը հրաժարվեր Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու մտքից։ «Վարչապետը 2 հարցն իրար հետ չի կապում, մենք 2 հարցն իրար հետ ենք կապում․․․ ես կարծում եմ, որ պետք է շարունակել խոսել։ Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ես շատ եմ մտահոգված զինված ուժերի ԳՇ ղեկավարության եւ կառավարության միջեւ առկա այս պրոցեսի հետ կապված եւ ես միշտ ասել եմ, որ որեւէ ձեւով մենք չպետք է զինված ուժերը քաղաքականացնենք, եւ ես ասում էի, որ զինված ուժերը թողնենք իր տեղում, գնանք ընտրությունների, ընտրություններից հետո մնացածը կորոշենք։ Այստեղ ընտրություններն ամենահիմնարար խնդիր լուծող հարցն են, որովհետեւ եթե երկրում արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենում, մենք չենք կարող այս ճգնաժամից դուրս գալ։ Ես որեւէ ձեւով այլ ճանապարհ չեմ տեսնում։ Կա կամք՝ շարունակել այս բանակցությունները․ ես այդ կամքն ունեմ, վարչապետն էլ ունի, ԲՀԿ-ի կամքը կտեսնենք, նաեւ իրենց հետ բանակցությունները կլինեն, թե ոչ, որից հետո կշարունակենք խոսել»,- ասաց Մարուքյանը։ 

Մինչեւ վերջ պնդելո՞ւ եք ԳՇ պետի հետ կապված պահանջը։ Մարուքյանը հրաժարվեց պատասխանել․ «Չեկանք համաձայնության, առայժմ՝ այսքանը»։ 

Սակայն երեկ լրատվամիջոցները տեղեկություններ հրապարակեցին, որ թե՛ Էդմոն Մարուքյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի հետ Փաշինյանին հաջողվել է լեզու գտնել, եւ առաջիկա օրերին կստորագրվի հուշագիրը։ Այսօր էլ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը կկայանա։ Ուշագրավ է, որ երեկ ԲՀԿ-ականներն ընդհատակ էին անցել,  չէին ուզում խոսել այս թեմայով։ 

Զրուցեցինք Ծառուկյանի մտերիմ պատգամավորներից մեկի՝ Արթուր Գրիգորյանի հետ, ով վստահեցրեց, որ մինչ այս պահը բանակցություններ չեն եղել։ Նկատեցինք՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հույս հայտնեց, որ ընդդիմության հետ համաձայնության կգան։ «Մենք դեռ որոշում չենք կայացրել, երբ ԲՀԿ խորհուրդը որոշում կկայացնի, կտեղեկացնենք»,- ասաց Գրիգորյանը։ Իսկ հուշագրին կարո՞ղ է հաջորդել պայմանավորվածություն կոալիցիոն կառավարման մասին՝ պորտֆելներ ստանաք։ «Դա իմ որոշելիքը չի լինելու։ Ես կրկնում եմ՝ մեր կուսակցության քաղաքական մեծամասնությունը դեռ պետք է իր կարծիքը հայտնի այս հարցերի վերաբերյալ»։

Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ վերահաստատեց իր մոտեցումը, որ արտահերթ ընտրություններին մասնակցելու է։ Տեղեկություններ կան, որ ընդդիմության որոշ հատված միասնական կգնա ընտրությունների՝ ՀՅԴ-ն եւ «Հայրենիքը» Քոչարյանի հետ համատեղ գնալու ծրագիր ունեն, կստացվի, թե ոչ՝ դեռեւս հայտնի չէ։

Միակ ուժը, որը կարծես թե դեմ է ընտրություններին, ՀՀԿ-ն է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ այսօր է՞լ շարունակում են պնդել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ չեն մասնակցի ընտրություններին։ Նա ասաց․ շարունակում են պնդել, որ արտահերթի թեման կեղծ օրակարգ է, ինչպես շաբաթներ առաջ։ Շարմազանովի խոսքով՝ երբ Փաշինյանի տեղը նեղվում է, ընտրություններ է առաջարկում, բայց չկա ոչ մի երաշխիք, որ վաղը կկրկնի, թե արտահերթի պահանջ չկա։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի դիրքորոշմանը, ասաց՝ երբ հայտարարվեն ընտրություններ, ՀՀԿ-ն կքննարկի եւ կներկայացնի իր որոշումը, ինքը մնում է իր կարծիքին։ «Իր վարչապետությամբ ի՞նչ ընտրություն, սնայպերներով է գնալու ընտրությունների, 5-10 հազար ոստիկաններին հետեւից գցած՝ պիտի էս ռայոնից էն ռայոն քարոզարշավի՞ տանի, նա մի փողոցից մյուսը չի կարողանում հանգիստ գնալ, ուժային կառույցներին՝ գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ՝ հետեւին տված է ման գալիս։ Սա ամեն ինչի գնում է, ժողովրդի վրա դիպուկահարի սնայպեր է պահում, որ իր աթոռը պահի, սա, մտածում եք, ընտրություն չի՞ կեղծելու։ Ինքն ի՞նչ ընտրություն պիտի կազմակերպի, իր բառերով ասած՝ ասում է՝ եկեք ղազագիրը ստորագրեք, որ վարչապետ չե՞ք առաջադրի, էդքան վստահ ես՝ հրաժարական տուր, 83 հոգանոց ֆրակցիա ունես»։

Հարցրինք՝ իսկ իրենք վստա՞հ են, որ ՀՓՇ իրենց գործընկեր Գագիկ Ծառուկյանը չի ստորագրի հուշագիր։ «Ես վստահ եմ միայն իմ եւ իմ ընկերների վրա։ Փաստն այն է, որ մի անգամ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը մերժել են այդ առաջարկը, այսօր ինչ կանեն՝ ես չգիտեմ։ Բայց այն ժամանակ, երբ իրենք մերժում էին, բանակը չէր պահանջում վարչապետի հրաժարական, պիտի բոլորը հասկանան, որ բանակը մեծ կառույց է, սա միայն Օնիկ Գասպարյանի խնդիրը չէ, եւ, այո, այսօր օրակարգի միակ հարցն իր հրաժարականն է»։

Մեր դիտարկմանը, որ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո էլ հրաժարականի մտադրություն չունի, եւ ընդհանրապես՝ տպավորություն է, որ չի հեռանալու այդ աթոռից՝ խորացնելով ճգնաժամը, պատասխանեց․ «Բա որ հրաժարականի մտադրություն չկա, գնում են արտահերթի, որ ի՞նչ անեն, որ գնան ասեն՝ երկու մանդատ Նիկոլը մեզ տվե՞ց»։