Այսօր փաստաբաններն ավելի ծանրաբեռնված են․ պալատի նախագահ

Այսօր փաստաբաններն ավելի ծանրաբեռնված են․ պալատի նախագահ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Հայաստանում փաստաբանական համայնքի ձևավորման 104-րդ ամյակի կապակցությամբ հանդիսավոր կերպով արտոնագրեր հանձնվեցին Փաստաբանական ակադեմիայի շրջանավարտներին։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին հարցրինք՝ հաշվի առնելով, որ տարբեր անձանց պաշտպանների թիրախավորման դեպքերը և նաև փաստաբանների նկատմամբ քրեական գործերի հարուցման դեպքերը, կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունների կողմից ճնշում կա նաև փաստաբանական համայնքի նկատմամբ, ինչպես դա արվում է դատավորների նկատմամբ․

«Հարցին այսպես կպատասխանեմ․ փաստաբանական համայնքը, լինելով անկախ և արհեստավարժ համայնք, որի առաքելությունն է արդյունավետ իրականացնել անձանց իրավունքների պաշտպանությունը, միշտ բախվելու է նմանատիպ խնդրի, որը որպես կանոն լինում է իշխանությունների կողմից։ Այսինքն՝ իշխանությունը միշտ ցանկանում է իր իշխանությունը բանեցնել նաև փաստաբանների նկատմամբ։ Այդ երևույթները մեզ մոտ միշտ դիտարկվել են տարբեր ժամանակահատվածներում, այսօր էլ բացառություն չէ։ Ինչ վերաբերում է Ձեր կողմից մատնանշված վերջին զարգացումներին, ապա եթե հետևել եք Փաստաբանների պալատի դիրքորոշմանը, ապա այդ առումով մենք բավականին ակտիվ արձագանքում ենք նմանատիպ խնդիրներին, և, այո, մեր համայնքի ներկայացուցիչները գտնվում են մեր թիրախում, և նրանց իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացվի նաև փաստաբանների պալատի կողմից, ինչը և իր կանոնադրական նպատակներից մեկն է»,- պատասխանեց Բաբայանը։

Հարցրինք նաև, թե ճի՞շտ է, որ վերջին շրջանում քրեական գործերի ավելացմամբ, դատավարական կարգավորումների փոփոխություններով պայմանավորված նաև փաստաբաններն են ծանրաբեռնված աշխատում, արդյոք փաստաբանները հերքո՞ւմ են, որպեսզի կարողանան անձանց արդար դատաքննության իրավունքը ապահովել․

«Հանրային պաշտպանության ոլորտում կապատասխանեմ, երևի թե ավելի թիրախային է այս ուղղությամբ հարցին պատասխանելը։ Ասեմ, որ մենք այսօր ունենք խնդիր, իսկապես գործերի քանակը բավականին շատացել է, և դատավարական վերջին փոփոխությունները հանգեցրել են նրան, որ պրոցեսին փաստաբանը էլ ավելի ակտիվ է մասնակցում, ի տարբերություն նախկին դատավարական կարգավորումների, և այս համատեքստում մենք ունենում ենք հետևյալ իրավիճակը, որ փաստաբանների ծանրաբեռնվածությունը բավականին ավելացել է, վերջին շրջանում մենք կարողանք համալրել ևս 10 հաստիքով , բայց դիտարկում ենք և այսօր բանակցում ենք կառավարության հետ լրացուցիչ հաստիքների ավելացման վերաբերյալ։ Այո, այսօր ծանրաբեռնված են փաստաբանները, այո, գործերի ավելացում է տեղի ունեցել և աշխատանքի ծարաբեռնվածությունը ևս ավելացել է վերջին քրեադատավարական փոփոխություններով պայմանավորված»,- պատասխանեց Փաստաբանների պալատի նախագահը։

 

Մանրամասն՝ տեսանյութում։