Ի՞նչ է ակնարկում Գառնիկ Իսագուլյանը

Ի՞նչ է ակնարկում Գառնիկ Իսագուլյանը

Խոսելով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի քաղաքական կերպարի մասին, Գառնիկ Իսագուլյանն անդրադառնում է 2000թ. մարտի 22-ի ահաբեկչությանը եւ առնվազն երեք անգամ ուշադրություն հրավիրում փաստի վրա, որ մահափորձի առաջին ականատեսն ու տուժողներին օգնություն ցուցաբերողն Արցախի նախագահի այսօրվա թեկնածու Մասիս Մայիլյնն էր եւ որ գործում կան նրա ցուցմունքները: Հարցին, թե ինչու հատկապես Մասիս Մայիկյանին է սատարում, Սամվել Բաբայանն ասում է, որ նրան որպես ազնիվ մարդու գիտի վաղուց, միասին աշխատել են: Սամվել Բաբայանն այսօր հերքում է քսանմյա վաղեմության ահաբեկչությանն իր առնչությունը: Սկզբունքորեն գործով որպես վկա ցուցմունք տված Մասիս Մայիլյանը չէր կարող Սամվել Բաբայանի դաշնակիցը լինել: Բայց ունենք հակառակը:

Գառնիկ Իսագուլյանը խոստանում է մոտակա օրերին սենսացիոն նյութեր հրապարակել: Իսագուլյանը խորհրդային ՊԱԿ-ի աշխատակից է եղել եւ երբեք չի թաքցրել իր կապը հատուկ ծառայությունների հետ: Որոշակի առումով նրա ակնարկի հասցեատեր կարելի է նաեւ Մասիս Մայիլյանին համարել: Ի՞նչ ,,կարմիր գիծ,, է հատել Մայիլյանը, որ Գառնիկ Իսագուլյանը փաստացի նրան տհաճ գաղտնազերծումներով է սպառնում: Դա իրակա՞ն է, թե՞ զուտ քարոզչական հնարք, որպեսզի Մայիլյանը հրաժարվի նախագահական մրցապայքարից՝ դաշտ բացելով Իսագուլյանի նախընտրած թեկնածուի առավել լայն քարոզարշավի համար: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Գառնիկ Իսագուլյանը: Իրավիճակն զգաստացնող է: Երեւակվում է Արցախի նախագահական ընտրություններով արտաքին շահագրգռվածության ողջ սպեկտրը: Բաբայան-Իսագուլյան բանավեճը կամ կոմպրոմատների պատերազմը հղի է արցախյան ընտրությունների ապալեգիտիմացման վտանգով: Այլընտրանքը միայն Արայիկ Հարությունյանի համոզիչ հաղթանակը կլինի քվեարկության հենց առաջին փուլում: