ԲՈԿ-ը հայերեն գրված ատենախոսությունները գիտության համար համարում է փակուղի

ԲՈԿ-ը հայերեն գրված ատենախոսությունները գիտության համար համարում է փակուղի

Հայաստանում առկա գիտական ներուժն արդյունավետ իրացնելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) մի շարք ուղղություններով բարեփոխումներ է նախաձեռնել։ ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանի խոսքով՝ գիտական աշխարհին համընթաց քայլելու համար բարեփոխումներն անխուսափելի են։ Ըստ նրա՝ գիտության բնագավառում «մենք մեզ համար» սկզբունքը բացառելու եւ միջազգային հանրությանը հասանելի լինելու համար անհրաժեշտ է հնարավորինս ավելացնել անգլալեզու ատենախոսությունների թիվը։ 2020 թվականին բնագիտական թեմայով պաշտպանված ատենախոսությունների 65%-ը եղել է հայերեն, 22%-ը՝ ռուսերեն, 13%-ը՝ անգլերեն, իսկ հասարակական գիտությունների դեպքում անգլերենով ատենախոսություններ չեն եղել։

«Շատ կարեւոր է, որ մեր ատենախոսությունները հնարավորինս հասանելի լինեն միջազգային գիտական հանրությանը։ Դրանք միայն հայերենով ունենալը նպատակահարմար չէ: Նմանօրինակ պատկեր է նաեւ հրապարակված հոդվածների դեպքում. 2020 թվականին տպագրվել է 4 հազարից ավելի հոդված, որից 63%-ը՝ հայերեն, 15%-ը՝ ռուսերեն, 22%-ը՝ անգլերեն: Բնականաբար, որակական չափանիշներն առաջնային են, բայց բացառապես հայերեն գրելն ինչ-որ իմաստով փակուղի է տանում: Գիտական հանրությանը հաղորդակից լինելու համար լեզուն նվազագույն պահանջն է»,- ասել է նա:

ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը կարծում է, որ այստեղ, նախեւառաջ, առկա է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում․ «ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, եւ այդ կարգի գործընթացները բացառապես պետք է կատարվեն հայերենով։ Բացի այդ, դրանով մենք հայերենը դուրս ենք մղում գիտության ոլորտից, հայերենը, այդպիսով, կարող է ապագայում դառնալ ոչ գիտական լեզու։ Դա շատ վտանգավոր ուղի է։ Կարծում եմ՝ մեր իրավասու անձինք շատ խորը պետք է մտածեն այդ հարցի շուրջ, իսկ օտարներին ընկալելի լինելու համար կան բոլորովին այլ ուղիներ, կարելի է ատենախոսության սեղմագրի մի տարբերակ օտար լեզվով հրապարակել, բայց գիտությունը Հայաստանում պետք է զարգանա բացառապես հայերենով, հակառակ դեպքում ոտնահարվում են հայերենի՝ որպես լեզվի, շահերը։ Դա շատ վտանգավոր միտում է, եւ այստեղ իրենք շատ ավելի խորը ու լուրջ պետք է մտածեն, չփորձեն սահմանափակել հայերենի իրավունքները։ Իսկ հայերենն այսօր կանգնած է այդ վտանգի առաջ, հայերենը պետք է լինի գիտության լեզու»։

Կատվալյանը նկատում է, որ այսօր ողջ աշխարհն է կանգնած այս խնդրի առաջ․ «Այսօր միայն Հայաստանում չէ, որ այդ «ճակատամարտը» տեղի է ունենում, անգլերենը ձգտում է գրավել բոլոր ոլորտները, եւ այդպիսով ազգային լեզուների ոլորտները սահմանափակվում են, իսկ լեզվի համար դա շատ վտանգավոր է։ Որքան ազգային ինքնությունը վեր է՝ դիմադրում է, կարողանում են արժանապատվություն դրսեւորել եւ իրենց լեզուն, ինքնությունը պահպանել։ Վերջին հաշվով, աշխարհում շարունակվում է պայքարը հզորների ու թույլերի միջեւ, եւ տարբեր տեսակի քողի տակ հզորները ձգտում են կլանել փոքրերին, բայց մենք պիտի կարողանանք դիմադրել, չպետք է ընդհանուր հոսանքին տրվենք։ Հիմա ի՞նչ է եղել՝ եթե մեր ատենախոսություններն անհրաժեշտ է օտարին ծանոթացնել, թող թարգմանվեն եւ ուղարկվեն համապատասխան հաստատություններ։ Սա ի՞նչ մի բարդ բան է, այսօրվա աշխարհում այնքան հեշտ է այդ լեզվական պատնեշը հաղթահարելը, պարտադիր չէ ամեն ինչ անել անգլերենով»։ Լեզվի ինստիտուտի տնօրենն ընդգծում է, որ չի կարելի հայերենը գիտության համար փակուղի համարել։

«Հայաստանում գիտությունը կարող է ծաղկել, եթե մենք դրա մասին նաեւ օտար լեզվով տեղյակ պահենք դրսի աշխարհին, բայց դա չի նշանակում, որ գիտությունն էլ պետք է ստեղծենք օտար լեզվով։ Մենք գիտությունը պետք է ստեղծենք մեր լեզվով եւ թարգմանաբար ներկայացնենք օտարներին, եւ հակառակը՝ ի՞նչ մի բարդություն կա այստեղ, ի վերջո՝ 21-րդ դարն է։ Մենք նաեւ պետք է ձգտենք օտարների նյութը թարգմանել հայերեն եւ հայ մարդուն ներկայացնել հայերեն, ոչ թե օտար լեզվով։ Պետք է թարգմանիչներ պատրաստենք եւ օտար լեզվով լույս տեսած գրականությունը թարգմանենք ու հայերենով ծանոթանանք, միեւնույն է՝ հայ մարդը հայոց լեզվով է ըմբռնում ամենանուրբ իրողությունները։ Դրա համար պետք է ունենանք հայերենով ստեղծված գիտություն»,- նշում է Կատվալյանը։

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը միանշանակ ճիշտ է համարում այս մոտեցումը, ավելին՝ դրա ջատագովներից է եղել եւ իր դոկտորական ատենախոսությունն անգլերենով է գրել․ «Սա լեզվի պահպանության հետ ոչ մի կապ չունի, լեզուն պահպանելու համար ավելի կարեւոր է, որ սեմինարները, քննարկումները լինեն հայերեն, այլ ոչ թե ատենախոսությունը գրվի հայերեն։ Հայերեն ատենախոսություններ, հոդվածներ գրելու արդյունքում մենք ավելի շատ պսեւդո գիտություն ենք զարգացնում, քան թե հայերենն ենք պաշտպանում։ Եվ հայտնի գրագողերն էլ բռնում՝ դրսի նյութը հայերեն են թարգմանում, բայց եթե օտար լեզվով այդ ամենը գրեն, բոլորը կտեսնեն՝ իրենք ով են, ինչ են»։

Ստացվում է՝ մեր գիտության զարգացմանը խանգարում են հայերեն գրված հոդվածներն ու ատենախոսություննե՞րը։ «Ամեն դեպքում, մեր ատենախոսությունների հայերեն գրելը չի նպաստում հայերենի պահպանմանն ու զարգացմանը, իսկ գիտության ընդհանուր միջազգային լեզուն անգլերենն է կամ գոնե ռուսերենը պետք է լինի»։

Հետաքրքրվեցինք․ այն ատենախոսությունները, որ անգլերեն կամ ռուսերեն են գրվել, ի՞նչ հետադարձ կապ են գրանցել, ինչո՞վ են նպաստել տվյալ ոլորտի կամ հեղինակի գիտական առաջընթացին։ «Մենք՝ մաթեմատիկներս, բոլոր հոդվածները գրում ենք առնվազն ռուսերեն, ցանկալի է՝ անգլերեն, որպեսզի հանձնենք տպագրության միջազգային լուրջ հանդեսներում, ու դրա արդյունքում, երբ հիմա Հայաստանում գիտության ոլորտից են խոսում, ասում են՝ մաթեմատիկայում, ֆիզիկայում վիճակն էլի լավ է, ոչ ոք չի ասում, որ Հայաստանում մաթեմատիկա չկա, մեռել է»։     

Գոգյանն այստեղ որեւէ հակասություն չի տեսնում լեզվի մասին օրենքի հետ․ «Լեզվի մասին օրենքն ասում է, որ միջոցառումը պետք է լինի հայերեն, այսինքն՝ մարդը, որ պաշտպանում է ատենախոսությունը, պիտի իր ելույթը լինի հայերեն, բայց դա չի նշանակում, որ իր գրած աշխատանքը պարտադիր պետք է լինի հայերեն։ Ասեմ ավելին․ մեր պետական, ղեկավար այրերը Հայաստանում գտնվելով՝ տարբեր միջոցառումներ վարելիս խոսում են օտար լեզվով, ինչն իսկապես հակասում է լեզվի մասին օրենքին»։ Նա նկատում է, որ այս քայլը նույնիսկ բարեփոխում չէր անվանի, այլ՝ նորմալ գործելաոճ։

«Եթե ուզում են, թող հայերեն էլ ատենախոսություն գրեն, բայց, օրինակ, իմ ատենախոսության ընդդիմախոսներից մեկը եղել է ավստրիացի, մյուսը՝ լեհ։ Եթե հայերեն գրեի, այդ մարդիկ ո՞նց էին կարդալու»։ Թարգմանությունը լուծում չէ՞։ «Հիմա, եթե հայցորդն ուզում է, որ իր ատենախոսությունը հայերեն լինի, թող թարգմանի, բայց եթե ուզում է, որ իր ատենախոսությունը նորմալ մասնագետ կարդա, պիտի օտար լեզվով գրի»։

Մեր հարեւան երկրներում, օրինակ՝ Վրաստանում, ի՞նչ լեզվով են գրվում ատենախոսությունները։ «Բոլոր երկրներում էլ ատենախոսությունը պարտադիր օտար լեզվով է գրվում, օրինակ՝ գիտեմ, որ Լեհաստանում լեհերեն էլ են գրում, բայց պարտադիր՝ անգլերենի առկայության պայմաններում»։ Ինչքանո՞վ են մեր գիտնականները տիրապետում օտար լեզուների, որ իրենց ատենախոսությունները, հոդվածներն անգլերենով գրեն։ «Եթե այդ բնագավառի ասելիքի 99 տոկոսը գրվում է անգլերենով, ու մարդն անգլերեն չգիտի, չի կարող փաստացի այդ ամեն ինչը կարդալ ու հասկանալ, ի՞նչ ասելիք նա ունի ընդհանրապես, որ մի հատ էլ լեզուն չի հերիքում, որ օտար լեզվով գրի, դա նշանակում է՝ ինքն իր ոլորտին չի տիրապետում։ Ես 24 տարեկանում գրեթե անգլերեն չգիտեի, բայց որ գնացի Լեհաստան, սկսեցի անգլերեն սովորել ու 2 տարի հետո կարողանում էի արդեն տեքստ գրել, մինչդեռ մեր հումանիտար մտքի գիգանտները ոնց որ թե չեն կարողանում օտար լեզու սովորել։ Դրանք բոլորն արդարացումներ են, ոչ թե պատճառներ»։