Գիտե՞ք՝ որն է մեր եւ ձեր «ստերի» տարբերությունը

Գիտե՞ք՝ որն է մեր եւ ձեր «ստերի» տարբերությունը

Երեկ մի քանի լրատվամիջոցներ անդրադարձել էին վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Շվեյցարիա կատարած այցին եւ հերթական հանգանակություններին ու այդ նպատակով իրականացված Գալա-համերգին։ Տարբեր տեղեկություններ էին հրապարակվել այդ նյութերում, վերլուծություններ էին կատարվել՝ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ 
hraparak.am կայքում, օրինակ, Սյուզան Սիմոնյանի հոդվածը հրապարակվեց, որտեղ մասնավորապես գրված էր․

«Արդեն երկրորդ անգամ է՝ ՀՀ վարչապետի կնոջ այցը Շվեյցարիա ասեկոսեներ է առաջացնում մամուլում, իսկ հպարտ քաղաքացիների գլխում բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը, որը իրենց նման մի սովորական քաղաքացի էր, «լոբի մաքրող», երեխաներին կրծքով կերակրող, քչով բավարարվող կին է եղել, հանկարծ դարձել շվայտ կյանքի խորհրդանիշ։

Որպես «Իմ քայլը›› և ‹‹Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, նա շաբաթ օրը եղել է Ժնևում և մասնակցել է Շվեյցարական կարմիր Խաչի բարեգործական երեկոյին, որը, ինչպես այս կազմակերպության գրասենյակն է հայտնում, նվիրված է եղել Հայաստանին, իսկ հավաքված գումարներով հոգալու էին Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները։ Երեկոն փայլել է «Հայաստանի տարեց մարդ» եզրույթի հետ անհամատեղելի ճոխությամբ։ Աննա Հակոբյանը քիփ նստած է եղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին, հայաստանցիներիս համար սերժանտական Հայաստանի «դեժավյու» ապահովելով։ Այս անգամ էլ վարչապետի տիկնոջ տրանսպորտային միջոցը, որով նա հասել է Ժնեւ, հետաքրքրեց բոլորին։  Live24.am կայքը, իր հուսալի աղբյուրը վկայակոչելով, գրեց, որ Աննա Հակոբյանը Շվեյցարիա է թռել կառավարական ինքնաթիռով: Մամուլը երեկ տիրաժավորեց այդ լուրը, որը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանին խնդրեցինք ճշտել։ Բայց նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։ Հետո իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը ու իրեն իրավունք վերապահեց դասեր տալ լրագրողներին․․․»։

Ամեն անգամ վարչապետի տիկնոջ մասին որեւէ հրապարակումից հետո մենք բախվում ենք նրա կողմից արձագանքելու յուրօրինակ «կուլտուրայի», որտեղ մամուլի հանդեպ խոր ատելություն, արհամարհանք, հեգնանք ու առհասարակ՝ բացասական վերաբերմունք է նկատվում։ Թե որտեղից եւ երբ է «Հայկական ժամանակի» նախկին խմբագրի մոտ ձեւավորվել այդ վերաբերմունքը, մեզ հայտնի չէ։ 

Եւ երեկվա հրապարակումներին նույնպես հաջորդեց Աննա Հակոբյանի նյարդային արձագանքը․

«Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնեւ մեկնել եմ կառավարական ինքնաթիռով: Այս առիթով պատմեմ Ժնեւում Կաթողիկոսի եւ իմ զրույցից մեկ հատված։ Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝ Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։ Սա արեցի, որպեսզի կանխեմ նրա զարմանքը, երբ ինքնաթիռում անցնելիս լինեի նրա կողքով եւ տեղավերվեի հաջորդ սրահում։ Մի քիչ կատակեցինք այս թեմայով, որից հետո նա շատ լուրջ ասաց, որ ամեն դեպքում որքանո՞վ է ճիշտ, որ անցյալ տարի ԱՄՆ մեկնելիս Մեհրիբան Ալիեւայի հետ նույն ինքնաթիռում եմ եղել, ու փաստորեն ինքը բիզնես-կլասով է ճամփորդել, ես՝ էկոնոմ։ Ես պատասխանեցի, որ չի եղել նման բան, ես այդ անձնավորության հետ երբեւէ նույն ինքնաթիռում չեմ եղել։ Կաթողիկոսը շատ զարմացավ, որովհետեւ ենթադրում եմ նաեւ՝ տարբեր մարդկանց հետ զրույցների արդյունքում կասկածի տակ չի էլ դրել լուրի իսկությունը։ Հիմա շատ կուզեի տեսնել կաթողիկոսի դեմքը, երբ նրան ասեն, որ ես Շվեյցարիա այցի ժամանակ կառավարական ինքնաթիռից եմ օգտվել:))))) Հ.Գ. Իմ ընկերներին խնդրում եմ տարածել այս գրառումը, որովհետեւ լրատվամիջոցները միայն անբարոյական ստեր տարածելուց են ուժեղ, իսկ ճշմարտության հանդեպ «լիչնիյ նեպրիյազն» ունեն:)))»,- գրել է վարչապետի տիկինը ֆեյսբուքում՝ մի քանի հազար մարդ էլ նրա գրածի տակ հայհոյել ու վատաբանել է լրագրողներին։ Իհարկե, եթե նպատակը մամուլի ու լրագրողների հանդեպ ատելություն հարուցելն է, ամեն ինչ ճիշտ է արվում։ 

Այս գրառմանը, սակայն հաջորդեց 168․am-ի արձագանքը, որտեղ լրագրողը, այսպես ասած, բռնել է Աննա Հակոբյանի սուտը։ Ականատեսը նկարագրել է, թե ինչպես է վարչապետի տիկինը Բեյրութ՝ լրագրողական համաժողովին մեկնել բիզնես կլասով, ընդ որում՝ նրա հետ նաեւ մի մեծ շքախումբ՝ օգնականներ, անվտանգության աշխատակիցներ, որոնք «նրա հագուստներն էին կախիչներով տեղավորում ուղևորների բիզնես սրահում»: Իսկ թռիչքը մոտ մեկ ժամ ուշացրել են, որ վարչապետի տիկինը ուշացումով տեղավորվի ինքնաթիռում։ Խնդիրն, իհարկե, այն չէ, որ Աննա Հակոբյանը բիզնես կլասով է ճամփորդում՝ բարով ճամփորդի։ Խնդիրը սուտն է, որով նա փորձում է կերակրել հայ հասարակությանը եւ բարոյականության դիրքերից դասեր տալ լրատվամիջոցներին։ Եթե դու գեթ մեկ անգամ ճամփորդել ես բիզնես կլասով, չպետք է հակառակը պնդես, որովհետեւ միշտ կհայտնվի մեկը, որը կասի ճշմարտությունը։ Եւ ինչպե՞ս հավատան մարդիկ քո մյուս բոլոր պնդումներին, եթե դու գեթ մեկ անգամ սուտ ես ասել։

Եւ ի դեպ, մեր՝ լրագրողներիս եւ իր՝ վարչապետի տիկնոջ «սուտն» էականորեն տարբերվում են իրարից։ Եթե լրագրողը «սուտ», իսկ քաղաքակիրթ լեքսիկոնով՝ սխալ, բան է գրում, ապա դա մեծ մասամբ իր մեղքը չէ, այլ տեղեկատվությունը տրամադրողի, որը հաճախ հենց իրենց թիմից է, իրենց շրջապատից։ Իսկ երբ վարչապետի տիկինն է «սուտ» ասում, դա գիտակցված սուտ է եւ կրկնակի մերժելի։

Առհասարակ՝ մեր երկրում ծանր ու ոչ խրախուսելի լեքսիկոն է հայտնվել, ինչը պղտորում է մթնոլորտը։ Գոնե կանայք չպետք է մասնակցեն այդ մթնոլորտի ստեղծմանը։ Իսկ պետական պաշտոնյաներն ու նրանց տիկնայք պետք է հանդուրժող լինեն իրենց մասին քննադատության նկատմամբ։