Կաթիլ-կաթիլ ջուրը քար կծակի

Կաթիլ-կաթիլ ջուրը քար կծակի

Գաղտնիք չէ, որ Ալիևի հայտարարություններից է ՀՀ քաղաքացին իմանում, թե մեր իշխանությունը ինչ է անում։ Փաշինյանի մամլո ասուլիսները, կառավարության հարց ու պատասխանները ոչ մի հարցի չեն պատասխանում։ ՀՀ քաղաքացին չի հասկանում, թե Արցախի հանձնումից, դռները բացելուց հետո ի՞նչ է ի վերջո Հայաստան աշխարհի հետ պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանը։ Այն, որ ՀՀ համար  շատ ցավոտ բաներ է խոստացել Ադրբեջանին, ու դա «կամացի մեջ» անում է,  ակնհայտ է։

Հետևեք,թե ինչեր է հանձնել, որը ամրագրված չէ կապիտուլյացիայի փաստաթղթում։ Ու թե դեռ էլ ինչե՜ր է անելու, նա ոչ մի կերպ միանգամից չի բարձրաձայնում, որոշել է քարը ծակել ջրի կաթոցով։ Ժողովրդի խոսք է՝ կաթիլ-կաթիլ ջուրը  քար կծակի։ Կաթիլայինով է աշխատում, քայլ- քայլ։ Միանգամից որ անի, մարդիկ չեն հարմարվի։ Սկզբից հայտարարում է «կարող է այդպես լինի» , «Ադրբեջանը դա է ուզում» , «Դեռ դրա շուրջ բանակցում ենք»։  Դրանք համեմում է՝ առայժմ բարձրաձայնել չեմ կարող։ ։ Դրան հետևում է Ադրբեջանի առաջխաղացումը, մեր հետ քաշվելը, «չոլի կամ ամայի տարածքներ հանձնելը»։ Հետո թիմակիցներն են սկսում նույնանման նվագներ տալ, մարդիկ թիմակիցների վրա են սևեռվում, նրան թողնում, որ շունչ քաշի ու այդպես շարունակ ընդհատումներով ու կաթիլ- կաթիլ  գործում է։ Ալիևի հայտարարություններն են ՀՀ քաղաքացուն սթափեցնում, որոնց եթե ընդհանրական տեսք տաս, հետևյալ բովանդակությունն ունեն՝ դե շուտ արա, ժամանակ չունեմ։ Ինչ խոստացել ես, արա։

Ալիևի հայտարարությունները, ինչքան էլ մեզ համար ցինիկ լինեն կամ հոխորտանք անվանենք, իրենց մեջ պարունակում են ՀՀ քաղաքացուն սթափեցնող տարր։ Նրանք մի բան են հուշում՝ արագացրու, Նիկոլ, դանդաղում ես։ Որ հայտարարությունը վերցնես, իր մեջ դա է ամփոփում։ Հիմա էլ ՀՀ քաղաքացին կենտրոնացել և Ալիևի վերջին  հայտարարությունն է համարում ցինիկ։ Ես չեմ ասում, որ դա ցինիկ չէ, մերկ անկեղծության չափ ցինիկ, բայց դրա բովանդակության մեջ խորացեք, գուցե դա օգնի այն մարդկանց, որոնք խաբվել են, թե «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»-ը խաբկանք էր։ Ահա թե ինչ է ասում․

 «Խոչընդոտը Ղարաբաղն էր․ հիմա Երևանն ավելի համարձակ կբանակցի մեզ հետ»։ Սա ի՞նչ է նշանակում, որ երկուստեք լավ հասկացել են, որ Արցախը տալուց հետո Ժողովուրդը տկլոր  կկանգնի բաց երկնքի տակ։ Ցուրտը կմտնի նրա ոսկորները և նրա հետ հնարավոր կլինի վարվել այնպես, ինչպես հարմար կգտնեն Ալիևն ու  Փաշինյանը։ Ալիևը հուշում է՝ հիմա՞ ինչն է խանգարում, հիմա ինչու՞ չես համարձակ գործում։ Ղարաբաղը էլ չկա։ Ի՞նչն է խանգարում քեզ, որ խոստացածդ հանձնես ինձ։ Ալիևը ոչինչ չի թաքցնում։ Գործում է բաց։ 

․․․Ու դեռ մտածումեք, որ Նիկոլ Փաշինյանը կհակադարձի՞։ Նա սպասում է իր համար հարմար պահի, որ աթոռը հանկարծ տեղից չշարժվի։