Խոստացավ բացակայել մեկ շաբաթով ու․․․ հեռացավ

Խոստացավ բացակայել մեկ շաբաթով ու․․․ հեռացավ

Կան մարդիկ, որոնց ներկայությունը լույս է սփռում, ջերմություն, ապահովություն, ազգի ապագայի հանդեպ հավատ ներշնչում։ Նման մարդկանց հեռանալը ոչ թե որպես ծանոթի ու հարազատի կորուստ ես սգում, այլ՝ որ մի արժեք, մի գնահատելի գոյություն դադարեց մեզ հետ լինելուց։ Լեզվաբան, «Հրապարակի» մեկնաբան Լեւոն Սարգսյանը նման մարդկանցից էր՝ գրագետ, համեստ, լուսավոր մարդ, պայքարող հոգի, որի համար անընդունելի էր ցանկացած արատավոր բան։ 

Մեկ տարի էլ չկա, որ Լեւոն Սարգսյանը կապվեց ինձ հետ եւ առաջարկեց «Գրել «Հրապարակի» համար»։ Անմիջապես համաձայնեցի, բայց մեծ սպասելիքներ չունեի․ Վանաձորում ապրող մարդ, լեզվաբան, քաղաքականությանը հեռվից հետեւող։ Կարծում էի, թե ծանր լեզվով, խրթին ու ակադեմիական հոդվածներ է գրելու, եւ ես ստիպված հրապարակելու եմ, մարդուն չնեղացնելու համար, բայց դրանք ոչինչ չեն տալու ո՛չ ընթերցողին, ո՛չ մեր թերթին։ Ինչպե՜ս էի սխալվում՝ ինչքա՜ն կյանք ու միտք կար այդ ոչ երիտասարդ մարդու խոսքի մեջ։ Ինչպիսի՜ ազնվություն, արիստոկրատություն, արժեքային ի՜նչ նախանձելի համակարգի կրողն էր նա։ Միաժամանակ համեստ ու իր արածի կարեւորությունը չընդգծող։ Եզակի որակներ։

Անցած տարի շատ կորուստներ ունեցանք, բայց Լեւոն Սարգսյանի մահը ամենացավալի կորուստներից էր։ Մի կարեւոր բան պակասեց մեզանից։ Մի գրագետ ու գիտուն մարդ գնաց, որի տեղը դատարկ է մնալու։ Ինչքա՜ն ասելիք ուներ դեռ։ Խնդրեց՝ ընդամենը մեկ շաբաթով բացակայել, խոստանալով, որ կլրացնի բացը․․․ ու հեռացավ անդարձ։ Լույս իջնի հոգուդ, սիրելի պարոն Սարգսյան, հիշատակդ քեզ ճանաչողները վառ կպահեն։

Մի քանի կտոր ենք տեղադրում նրա հոդվածներից՝ կարդանք ու հիշենք մտավորականին։
«Փետրվարի 1-ին Ռուսաստանի օդային սահմանները բացվեցին, եւ մարդիկ սկսեցին զանգվածաբար հեռանալ երկրից, իսկ հաջորդ օրը աշխատանքային այցով Արտաշատում գտնվող ՀՀ վարչապետը «պատահական» մի խանութատիրոջ սփոփեց, թե՝ էս է, հայերը տասնյակ հազարներով կվերադառնան՝ առեւտուրդ կթեժանա։ Այնուհետեւ կառավարության նիստում պաշտոնապես հայտարարվեց, որ փետրվարի առաջին օրերին ՌԴ-ից հայրենիք վերադարձողների թիվը բազմապատիկ ավելի է, քան մեկնողների, այն դեպքում, երբ ոչ միայն բոլորիս աչքով տեսածը, այլ նաեւ օդանավակայանի պաշտոնյաները հակառակն էին պնդում։ Սուտն այնքան ակնհայտ էր, որ առաջին միտքը, որ կարող էր ծնվել դատողունակ ցանկացած մեկի մոտ, ինչպես միշտ՝ երկրի վարչապետի խոսքի որակն ստուգելն էր։ Բնականաբար՝ տեխնիկական միջոցներով։ Քանզի վաղուց այլեւս մարդիկ չեն հավատում նրա կենդանի խոսքին։

Եվ դատողունակ հայ քաղաքացին վարչապետի «առիթով» դարձյալ ու դարձյալ մտածեց․․․ պոլիգրաֆի՝ ստի դետեկտորի մասին․․․»։ 

«Չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանի գրողական երեւակայությունն ի՛նչ երկնային բարձունքներում էր, երբ գրականագիտությանը դեռ անհայտ ժանրի իր ստեղծագործության համար երկնում էր «Երկրի հակառակ կողմը» վերնագիրը։ Վստահ եմ, այդ արտահայտության խորությանը հասու չեղավ նույնիսկ «անտարեսյան» գերառաջադեմ միտքը, որն այնպես ջերմեռանդորեն ժամանակին գիրքը գովազդում էր։ Հուսանք, որ երբեւիցե մեկը՝ մի գրականագետ պողոս, ուսումնասիրություն կամ ատենախոսություն կգրի Նիկոլի այս երկի մասին, եւ մեզ հասու կդառնա վերնագրի անհասանելի խորությունը։ Ինքս անձամբ այն մտքին եմ, որ «Երկրի հակառակ կողմը», վերնագիր լինելուց բացի, նաեւ յուրօրինակ ծածկագիր էր՝ կոդ, որով Նիկոլը հայ ընթերցողի համար կանխաբացում էր նույն ընթերցողի հայրենիքի ապագան։ Ավելին՝ այն մտքին եմ, որ Նիկոլն ինքն էլ չէր կռահում ամբողջ այն դիվային կանխատեսությունը, որ դրված էր այդ ծածկագիր-վերնագրի մեջ։ Դրանով նա 2020 թվականի աշնան մահահոտ մղձավանջից դեռ տարիներ առաջ, թեկուզ եւ ակամա, մեզ «բերում» էր դեպի մեր երկրի հակառակ կողմը՝ ան-երկիրության, ան-հայրենիքության, ան-երազության ու ան-հուսության «կողմը»։

Եվ ահա իմ երկիրն ավեր ու ավերակ է, իմ երկիրը թշվառ ու անպատվված է, իմ երկիրը նկուն ու անապահով է։

Եվ մի՞թե սա իմ երազի երկրի․․․ «հակառակ կողմը» չէ․․․ գրված հեղինակի սեփական ոճով՝ ստի ու կեղծիքի մի այնպիսի խառնուրդով, որ երբ «ըմբոշխնում» ես ամբողջ փունջը, իսկապես հայտնվում ես իրականության «հակառակ կողմում»․․․

ՀԳ․ Գրքի գլուխներից մեկը կոչվում է «Հայաստանի բույրերը»՝ ծեծված-տափակ մի վերնագիր, ինչպես բուն շարադրանքը։ «Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում․․․»,- հարցնում է մեր «արձակագիրը» դպրոցական շարադրություն գրող աշակերտի անմեղությամբ՝ չկասկածելով, որ դիվային մի զորությամբ իր հարցը հետո հնչելու է որպես համազգային ողբերգություն, համազգային ամոթ եւ համազգային խայտառակություն՝ «Ինչո՞ւ էր աշունն այսքան արյունալի, այսքան ողբերգական Հայաստանում»․․․ 
Եվ ո՞վ էր մեղավորը․․․

ՀԳ 2․ Գրքի երկրորդ գլխում («Ների՛ր ինձ, որդի՛ս») հերոսի յոթ-ութ տարեկան որդին, չգիտես ինչու, հորը հարցնում է․ «Հայրիկ, դու ստահա՞կ ես»։
Ճակատագրական հարց է եղել»։