Եթե սիրում են՝ սիրում են մինչև վերջ, եթե ատում են՝ ատում են անսահման

Եթե սիրում են՝ սիրում են մինչև վերջ, եթե ատում են՝ ատում են անսահման

Երբ հետեւում ես հանրային կարծիքին ու հասարակական արձագանքներին, հասկանում ես, թե ինչքան կաղապարված հասարակություն է մեր հասարակությունը։ Մի կողմից՝ իր իսկ ստեղծած կլիշեների ձեռքը գերի, մյուս կողմից՝ իր կարծիքից դույզն-ինչ շեղվելու կամ իր սխալն ընդունելու անընդունակ։ Եվ դա հատկապես արտահայտվում է քաղաքական հակակրանք-համակրանքների հարցում։ Մարդկանց մի մեծ խումբ, եթե ատում է ինչ-որ մեկի, ատում է մինչեւ հոգու խորքը, եթե սիրում է, ապա սիրում է խելահեղ սիրով եւ արդարացնում ամեն ինչ։ Մանավանդ արդարացնելու հարցում մեր հասարակության իշխանասեր հատվածն անգերազանցելի է։

Ծխելու դեմ օրենք են ուզում ընդունել, բա իհարկե՝ պետք է չծխողների առողջության մասին հոգ տանել։ Պետական կառավարման համակարգերում համատարած կրճատումներ են՝ էդ «դարմաեդների» բանակը պետք է անպայման կրճատվի, թող գնան նորմալ գործ գտնեն, բյուջեի ավելացած մասն ավելի կարեւոր բաների վրա կծախսեն։ Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն են թաքուն բարձրացնում՝ բա էս ջահելները ո՞նց ապրեն՝ հո նախկինների նման թալան չե՞ն անելու, պետք է բարձր ստանան, որ կոռուպցիա չլինի։ Մի ամբողջ տարի թմբկահարում են, թե թոշակներն ենք բարձրացնում, վերջում պարզվում է՝ ընդամենը 3 հազար դրամ է ավելացել, ոչինչ՝ դժվարը սկիզբն է, կարեւորը, որ սկսել են։ Ազգային ժողովում կռիվ-վեճ է, ոչինչ՝ բոլոր երկրների խորհրդարաններում էլ նման բաներ լինում են, մոռացե՞լ եք նախկին ծեծուջարդերը։ Սպանդանոցների մասին օրենքի դեմ են բողոքում՝ լավ են անում, թող բակերում անասուն չմորթեն, մենք պե՞տք է քաղաքակիրթ երկիր դառնանք, թե՞ չէ։ Ծննդատները փակելու դեմ են արտահայտվում, ոչինչ՝ թող գնան մարզային հիվանդանոց, էդ բլբլած հիվանդանոցներում չծննդաբերեն, համ էլ՝ երեխա ունեցողը կունենա, չի նայի, թե ծննդատուն կա-չկա։ 

Բայց առավել հնարամիտ են Նիկոլ Փաշինյանի համակիրները, որոնք տառացիորեն արդարացնում են ամեն ինչ, անգամ այն բաները, որոնք նախկինում սուր քննադատության կարժանանային, եթե իշխանություններն անեին։ 500 հազար դոլարի կարգի գումար են ծախսել ԱՄՆ՝ հանրահավաքի մեկնելու համար ինքնաթիռ վարձելու վրա, բա ի՞նչ անեին՝ ոտքո՞վ գնային, հանդիմանում են Փաշինյանի համակիրները։ Աննա Հակոբյանը վարսահարդարին հետը տանում է գործուղումների եւ տարեկան 40 հազար դոլարի կարգի գումար է ծախսել իր վարսահարդարման վրա, ամենամեղմ գրառումներ անողներին անգամ խարազանում են՝ այո, մեր երկրի առաջին տիկինը պետք է լավ տեսք ունենա։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր գրառում այս զանգվածի կողմից օվացիաների, հիացմունքի առիթ է տալիս․ ճիշտ է անում, թագավոր ջան, մեռնենք քո ջանին, դու մեր հպարտությունն ես, մեր փրկիչն ես, եւ ամենավերջին հայհոյանքները նրան քննադատողների հասցեին։

Չի շնորհավորել Լեւոն Տեր-Պետրոսյանին, աչքն էլ հանել է՝ ինչի՞ պետք է շնորհավորեր, չի ցավակցել Գեորգի Կուտոյանի մահը՝ իսկ ինչո՞ւ պետք է ցավակցեր հին կոռումպացված ռեժիմի ներկայացուցչի մահը։ Խմել է, գինու բաժակի կողքը պառկած նկար դրել համացանցում, տեսնո՞ւմ եք ինչքան է հոգնում, մեր պես հասարակ մարդ է, անուշ լինի, վարչապետ ջան։ Ասել է՝ թաթիկները կկտրենք, բա ի՞նչ անի՝ հանցագործների թաթիկները կտրելը քիչ է։ Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հետապնդման գործընթաց է սկսել, այո՝ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն ու կեղծիքներ արած ՍԴ անդամները պետք է հեռանան, կապ չունի՝ ինչ եղանակով։ Անգամ միասեռականների հանդեպ իշխանականների ջերմ վերաբերմունքն են արդարացնում, չնայած մեր հասարակությունն ամենահոմոֆոբ հասարակություններից է եւ այդ հարցում հանդուրժողականությամբ երբեք չի փայլել։