«Հրապարակ». Գուցե որոշեն, որ Հայաստանին ընդհանրապես թատրոններ պետք չեն

«Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու, մենք 3 ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել»,- երեքշաբթի օրը քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին ասել էր Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը։ Թատրոնի կոլեկտիվը քաղաքապետարանի մոտ ակցիա էր անում․ դերասանները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել։ «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Ես 60 տարվա ստաժ ունեմ, ստանում եմ 86 հազար դրամ։ Եթե չնկարվեի ֆիլմերում, ինչո՞վ էի ապրելու։ Որեւէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, լույսինը, գազինը, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա»,- ասում է դերասանուհին: 80-ամյա Անահիտ Ղուկասյանը ողջ կյանքը նվիրել է թատրոնին: Նա նկարահանվել է ֆիլմերում, ամենահայտնի կերպարն «Աշնան արեւի» Աղունն է: Երեկ դերասանուհին մեզ հետ զրույցում տարակուսում էր, որ Հայաստանում ավանդ ունեցող արտիստներն այսքան գնահատված չեն:
- Իսկ ո՞րն է պատճառը` ինչո՞ւ քաղաքապետարանը դերասանների այդ չնչին աշխատավարձերը չի փոխանցում: Բողոքի ակցիայից հետո ինչ-որ մեկը քաղաքապետարանից լսե՞ց ձեզ, տվե՞ց բացատրություն:
- Այ, շատ լավ ասացիք` չնչին աշխատավարձը, ես կասեի` գրոշները: Ինձ երբեմն թվում է, թե մենք՝ դերասաններս, հիվանդ մարդիկ ենք, որ այդ չնչին գումարով մեր կյանքը նվիրել ենք թատրոնին: Գիտե՞ք` ոչ մեկը չի մնում հավերժ երիտասարդ: Մի օր բոլորն էլ մեծանում են եւ պետք է այնպես ապրեն, որ վաղը հարգանքի արժանի լինեն: Ի՞նչ ասեմ, ես, հավանաբար, արժանի չէի իշխանության կողմից հարգանքի…. իշխանավորները, հավանաբար, երբեք մեր թատրոն չեն այցելել, ոչ էլ իրենց երեխաներին են թատրոն բերել, այդ է պատճառը, որ չեն ճանաչում ու չեն գնահատում մեզ: Ակցիայից հետո մեզ ասացին, որ առաջիկա 5 օրվա ընթացքում մեր հասանելիք աշխատավարձը կստանանք: Ինչ վերաբերում է պատճառներին, աշխատավարձն ամիսներ շարունակ չփոխանցելուն, ասացին, որ մեր տնօրինությունն ինչ-որ բան իրենց սրտով չի ստորագրել, հավանաբար` ինչ-որ սխալ բան են արել, ինչ-որ մի էնպիսի բան են դեմ տվել, որ տնօրենն ասել է` չեմ ստորագրելու, բայց ես մանրամասներին չեմ տիրապետում, չգիտեմ, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Ես իմ կյանքն առանց թատրոնի չեմ պատկերացնում, ոչ մի օր չեմ կարող ապրել առանց թատրոնի….
- Պատանի հանդիսատեսի թատրոնը մանկական թատրոն է: Ինչքա՞ն հանդիսատես ունեք այսօր:
- Նայած թե ինչպես է աշխատում ադմինիստրատիվ կազմը: Պետք է կարողանան տոմսերը վաճառել: Այսօր նույնիսկ Սունդուկյանի անվան թատրոնի տոմսերը չեն կարողանում վաճառել: Մեր թատրոնը մանկական թատրոն է, երեխան հո չի՞ գալու միայնակ տոմս առնի ու թատրոն նայի: Ծնողներն էլ ժամանակ չունեն, էդ ո՞ր ծնողն է պարապ այսօր, որ ամեն բան թողնի, ամբողջ օրը երեխային թատրոն տանի, դրա համար թատրոնում գոյություն ունի ադմինիստրացիա, որն աֆիշով պետք է այցելի տարբեր հաստատություններ, օրինակ` դպրոցներ: Առաջ երեխաներին աբոնեմենտ էին վաճառում: Մանկապատանեկան թատրոնը չի կարող հենց այնպես տոմսեր վաճառել: Այսօր ո՞վ է տոմս առնում, ամեն ինչ թանկացել է, մարդիկ հազիվ են կարողանում ապրել: Սովետի ժամանակ մեր դահլիճները միշտ լեփ-լեցուն են եղել: Գնալով վիճակը վատանում է: Աշխատանք պետք է արվի, պետք է տոմսերն իրացնեն, բայց այսօր մարդիկ մտածում են, որ ոչ մի բան չպետք է անեն, միայն պետք է սուրճ խմեն, ու փողը վերեւից գա ընկնի իրենց գրպանը: Ես դերասան մարդ եմ, ես բեմի հետ գործ ունեմ, իմ գործը խաղալն է, այլ ոչ թե տոմս վաճառելու մասին մտածելը:
- Օրվա իշխանությունները թատրոններ փակելու մեծ վարպետ են, արդեն մի քանի թատրոն հասցրել են փակել, դրանք ավելորդ բեռ են համարում պետության համար: Գուցե վաղն էլ Պատանի հանդիսատեսի թատրոնը որոշեն լուծարել կամ միացնել մեկ այլ թատրոնի:
- Գիտե՞ք, թե ինչից է գալիս դա, որովհետեւ այս մարդիկ ժամանակին կրթություն չեն ստացել, այսօր համարում են, որ թատրոնն ավելորդ բան է, որովհետեւ իրենք ո՛չ թատրոն են գնացել, ո՛չ ճաշակ ունեն, ո՛չ մի բան: Նրանց կրթությունն էլ պետք չէ: Այն, որ երեխաներն անճաշակ, անդաստիարակ, մեծախոս են մեծանում, դրա վրա իշխանությունը թքած ունի: Ինչու չէ, գուցե որոշեն, որ Հայաստանին ընդհանրապես թատրոններ պետք չեն:
- Բայց ասում են` «Կրթվելը նորաձեւ է»:
- Ի՞նչ եք ասում, օյ, Աննա՞ն է ասում, բայց մեկը լինի՝ իրեն դասեր տա, ի՞նչ կրթություն ունի նա, կամ՝ իր ամուսինը որտե՞ղ է ավարտել: Անգամ էլեմենտար գիտելիքներ չունեն: Ես չեմ պատկերացնում, թե նրանք ինչ կրթություն կարող են տալ մարդկանց:
- Հավանաբար, հանրությանն ուզում են հաշտեցնել այն ցավալի իրականության հետ, որ իրենք են ստեղծել:
- Ղալաթ են անում: Բայց գիտեք՝ մենք ունենք անուղեղների մի խավ, որը միշտ ապուշների հետեւից է գնում, չեմ զարմանում:
- Ձեր հարցազրույցների ժամանակ ասում եք, որ շատ եք ճանապարհորդում, սակայն ուր էլ գնում եք, մի քանի օր անց Հայաստանը կանչում է Ձեզ, առանց Երեւանի չեք կարողանում ապրել: Հայաստանն այսօր ինչպիսի՞ երկիր է` Ձեր աչքով:
- Հայաստանն իմ երկիրն է, ես շատ վատ եմ զգում, որ վաճառում են իմ երկիրը, շատ վատ եմ զգում, որ Հայաստանից չնչին բան է մնացել, արդեն երկու մատ է պակասում, որ Հայաստանից բան չմնա…. ողբերգություն է այն, ինչ տեղի է ունենում: Այն օրվանից, երբ մշակույթի նախարարությունը միացրին սպորտին, ես հասկացա, որ մշակույթի վերջը դրել են, էլ մշակույթ գոյություն չունի: Այսօր այս մարդիկ թուրքից վատն են, ի՞նչ լավ բան են արել մեր մշակույթի համար` վատից բացի:
Կարծիքներ