Լիլիթ Աղեկյանը քաղհալածյալ է, կալանավորելով նրան փորձում են լռեցնել

Լիլիթ Աղեկյանը  քաղհալածյալ է, կալանավորելով նրան փորձում են լռեցնել

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց 1 ամսով կալանավորել գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին: Քննչական կոմիտեն է տեղեկացնում, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, և 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք:

Աղեկյանին ձերբակալել էին երեկ գիշերը, բերման ենթարկել տնից՝ տնային հագուստով, նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանին  երեկվանից այդպես էլ թույլ չտվեցին տեսակցել նրան, փոխարենը հանրային պաշտպան են տրամադրել, որը, ըստ Զարուհի Փոստանջյանի,  Աղեկյանի շահերը պատշաճ ձևով չի ներկայացնում։ Գիշերը Աղեկյանի առողջական վիճակը վատթարացել է, տեղափոխել են Գյումրի Բ/Կ: Աղեկյանի քույրը՝ Լիաննա Աղեկյան է ահազանգել լրագրողներին՝ ասելով, որ քրոջ նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել, որից հետո ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց։ Առավոտյան, սակայն, կրկին տեղափոխել են Մուշի ոստիկանական բաժանմունք, այնտեղից էլ դատարան։ Շուրջ 6 ժամ տևած դռնփակ դատական նիստն ավարտվել է Աղեկյանին կալանավորելու որոշումով:

Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել  դատարան մտնել  ու որպես պաշտպան ներգրավվել Լիլիթ Աղեկյանի գործով։ Նա դիմում է գրել, բայց պատասխան չի ստացել ։ Փոստանջյանն ասում է՝ փաստացի մերժում են, քանի որ չեն թույլատրում մուտք գործել դատարան ու նույնիսկ չեն հայտնել՝ ով է դատավորը։  Հիշեցնում է՝ մոտ մեկ ամիս առաջ եղել է նիստին, որպես Լիլիթ Աղեկյանի ներկայացուցիչ, իրավաբանական օգնություն է ցուցաբերել, ուստի վկա չի կարող լինել ու հենց  դա են պատճառաբանել որպես  մերժում, բայց  փաստաթուղթ էլ չեն տրամադրել։«Հիվանդանոց են տարել, ոչ մի նորմալ բուժօգնություն, ասել են՝ ՄՌՏ կանենք, դա էլ չեն արել,  հետո բերել են դատարան ու չորս ժամ պահելուց հետո  նորից տարել են մեկուսարան։ Լիլիթ Աղեկյանը Գյումրիում թիվ 1 քաղհալածյալն է, նրա նկատմամբ  բռնություն  կիրառելով՝  երեկ ուշ ժամի ոստիկանները ներխուժել են իրենց տուն, տարեց  մոր աչքի առաջ  բերման են ենթարկել»,-մեզ պատմեց Զարուհի Փոստանջյանը՝ ավելացնելով , որ վստահ է՝ կատարվածը Աղեկյանին  լռեցնելու համար  է, քանի որ լրագրողը կոշտ ընդդիմադիր հայացքներով հաճախ քննադատում էր իշխանությանը եւ  կոռուպցիոն բացահայտումներ էր անում ։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ինքը պայքարելու է, որպեսզի ներգրավվի Լիլիթ Աղեկյանի պաշտպանական գործում, արդեն իսկ տեքստ է պատրաստել, որով դիմում է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, հատկապես ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը՝ մարդու հիմնարար իրավունքների դեմ ուղղված այս աղաղակող եղելության վրա: