Եթե ՍԴ դատավորներին ազատելու գործը Պողոսին եք վստահել, նշանակելն էլ վստահեք

Եթե ՍԴ դատավորներին ազատելու գործը Պողոսին եք վստահել, նշանակելն էլ վստահեք

Թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունն ապագայում կարող է տարբեր գնահատականների արժանանալ՝ կախված նրանից, թե պատմական տվյալ ժամանակաշրջանում ինչպիսի միկրոկլիմա հաստատված կլինի տաքացող աշխարհում: Բայց, բնակլիմայական պայմաններից անկախ, հեղափոխությունն ինքնին իրադարձություն է, որ կարող է կարեւորվել նաեւ իր նշանակության համեմատ: Ելնելով այս դատողությունից էլ, ահա, Նիկոլ Փաշինյանին խնդրում եմ դանդաղ շտապել, հատկապես դպրոցական դասագրքերը թավշյա հեղափոխության մասին ստերով լցնելիս: Ամբողջ հարցն այն է, որ վաղվա պատմաբաններն իրենց ուսումնասիրություններն սկսելու են այդ դասագրքերի ու պետական արխիվի համեմատություններից, եւ հանկարծ կարող է պարզվել, որ դա ոչ թե պատմական իրադարձություն է եղել, ինչպես սիրում է ասել Փաշինյանը, այլ մեր պատմության ամենամեծ կուրյոզը (զավեշտը), որի մասին ավելի լավ կլինի լռել:

Ես, օրինակ, մտահոգություն ունեմ, որ այսքան ուռճացված թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին սպառման համար էր: Դրանում ես համոզվեցի Փաշինյանի արտասահմանյան շրջագայությունների, ինչպես նաեւ մեր երկիր՝ օտարազգի բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների ժամանակ: Ես մի պարզ հարց եմ տալիս ինձ՝ ինչո՞ւ մեր «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» հեղափոխության մասին օտարները ոչ մի բառ չեն ասում, գնահատական չեն տալիս: Նրանք չգիտե՞ն, որ մեզ մոտ պատմական, աննախադեպ «հեղափոխություն» է տեղի ունեցել: Փաշինյանն իր ելույթներում անընդհատ շեշտում է՝ բա մեր երկրում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության արդյունքում… «նոլ վնիմանիյա», ինչպես ասում են: Կարելի է մտածել՝ Նիկոլն օդից է ընկել ու դարձել ՀՀ վարչապետ: Ո՛չ քայլարշավ, ո՛չ արագաչափ փակել, ո՛չ ուսապարկ, ո՛չ վիրակապ… Ոչինչ չեն հիշում օտար ղեկավարները եւ Փաշինյանին դիմում են «պարոն վարչապետ»՝ առանց «հեղափոխական առաջնորդ», «ո՛վ կերտիչ նոր Հայաստանի» մեծարումների: Փոխարենը «թավշյա» հեղափոխությունը սպառման ռեկորդներ սահմանեց ներքին շուկայում: Գուցե Փաշինյանի բախտից էր, որ այդ ժամանակ քաղաքական դաշտում սպառման համար նախատեսված ապրանքների լայն տեսականի չկար, բայց, ամեն դեպքում, արժանին մատուցենք նրան: Հեղափոխությունից 2 տարի անց էլ թեյնիկը միացնում ես՝ Փաշինյանի մասին է բլթբլթում: Նույնը՝ Ֆեյսբուքում: Կապ չունի՝ մարդիկ կողմ են հեղափոխությանը, թե դեմ, սեւ են, թե սպիտակ, այո են, թե ոչ, հայաստանցի են, թե ղարաբաղցի, սփյուռքահայ են, թե տեղացի… ամեն ինչ Փաշինյանի մասին է կամ հեղափոխության:

Որոշակի ժամանակամիջոցում որեւէ իրադարձության լայն սպառումը, սակայն, հիմք չի տալիս ասելու, որ այդ ապրանքը հետագայում կորակվի «պատմական իրադարձություն»: Փաշինյանը շատ է չարչարվում, որ թավշյա հեղափոխությունը դառնա հենց այդ իրադարձությունը եւ հիշվի դարեդար, բայց կան բազմաթիվ հանգամանքներ, որ խոչընդոտում են դրան: Օրինակ՝ հենց իր ֆեյսբուքյան գրառումները: Դրանց մեջ կարմիր թելի նման ձգվում է «պատմական», «աննախադեպ», «անժամանցելի», «անգերագնահատելի» ու նման բառերի շղթան, որն ամենեւին էլ չի նպաստում հեղափոխության պատմականության ամրապնդմանը: Ահավասիկ, նա իր վերջին գրառումներից մեկում ասում է. «Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում՝ կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եվ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել»: «Մահվան դեպքերի պատմական մինիմում»-ը ո՞րն է, պարոն Փաշինյան, դրա ի՞նչն է պատմական, սա հո տնտեսական ցուցանիշ չէ, որ ֆիքսում ես հընթացս ու անցնում առաջ: Անգամ եթե մահվան մեկ դեպք է գրանցվում, դա արդեն կորուստ է: Ի դեպ՝ բանակում կատարված այդ ի՞նչ դեպքեր են, որոնց մասին աննախադեպ «քննարկում եք ունեցել»: Չլինի՞ քննարկել եք 2020-ի առաջին մեկուկես ամսում «մահվան դեպքերի աննախադեպ պատմական մաքսիմումը»: Դե այդպես էլ ասեք, էլ ինչո՞ւ եք միայն մինիմումը գնահատում «պատմական»:

Օրերս «կտրեցին» մեր փոխնախարարներից մեկի տունը: Բնականաբար, դա արել են «քրեական ենթամշակույթ» ունեցող մարդիկ, որոնց պետք է բացահայտել եւ պատժել: Բայց դու մի ասա, որ ամենահետաքրքիրը սկսվում է բնակարանի գողությունից հետո: Պարզվում է, որ հեղափոխական փոխնախարարը խիստ ուսումնատենչ անձնավորություն է, դիմում է գրել պաշտոնից ազատվելու եւ ուսումն ԱՄՆ-ում շարունակելու իր մեծ ցանկության մասին: Իսկ թերթերը խոսակցություններ շրջանառեցին, որ նրա տնից տարել են մի քանի հարյուր հազար դոլար գումար եւ մեծ քանակությամբ ոսկեղեն ու ակնեղեն: Այստեղ արդեն «քրեական ենթամշակույթի» մասին քո բոլոր պատկերացումները խցանվում են մի կետում՝ այդ ի՞նչ պատմական բան է տեղի ունեցել մեր երկրում, որ մարդիկ, 1-2 տարի չաշխատած, այդպիսի ունեցվածքի տեր են դարձել: Ակամա այդ ամենը մտքով տարածում ես ողջ հեղափոխության վրա՝ Նիկոլից սկսած ու հեղափոխությամբ բիրդան աղա դարձած թրաշամանուկներով վերջացրած: Բա եթե փոխնախարարն է այդքան «կրել», ինչքա՞ն «կրած» կլինի քաղաքական վերնախավը… Ինձ թվում է՝ նույնիսկ քրեական ենթամշակույթի սահմաններում չտեղավորվող աննախադեպ պատմական թալանի մասին է խոսքը:
Առջեւում պատմական հանրաքվեն է: Եթե արտակարգ որեւէ բան չպատահի, այն տեղի կունենա ապրիլի 5-ին՝ Մեծ պահքի շրջանում, Զատկի մոտերքը: Ինչպես տեսնում եք՝ ժամանակը խիստ տրամադրող է ՍԴ մի քանի դատավորի հարց լուծելու համար:

Ո՞րն է հանրաքվեի պատմականության գրավականը: Միանգամից ասեմ, որ սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, որ ժողովրդին են թողել ՍԴ նախագահ պաշտոնանկ անելու «սուրբ» գործը: Մի շատ խելացի եւ պատկառելի մարդ (գոնե դեմքից այդպես էր երեւում) երեկ հարցազրույց էր տվել թերթերից մեկին եւ ասել՝ հա, հենց ժողովուրդը պետք է որոշի՝ ՍԴ դատավորներն աշխատե՞ն, թե՞ չաշխատեն: Ի՞նչ ասեմ այս մարդուն՝ չգիտեմ: Եղբայր, եթե մեծահոգաբար այդ գործը վստահում եք ժողովրդին, ապա բարի եղեք ժողովրդին վստահել նաեւ դատավոր նշանակելու, այսպես ասեմ, փողոտ գործը՝ այ տղա Պողոս, դու դատավորներին գործից հանել ես, դու էլ բարի եղիր նշանակել: Բայց պարզվում է, այդպես չի կարելի, եւ ճիշտն այն է, որ Պողոսը ՍԴ դատավորներին գործից հանի, իսկ Նիկոլն իր սրտի դատավորներ նշանակի: Եվ Փաշինյանը, որի թեթեւ ձեռքով է տեղի ունենում այս բոլոլան, ամենեւին վատ չի զգում իրեն ու ավետել է, թե անձամբ է մասնակցելու պատմական հանրաքվեի աննախադեպ քարոզարշավին:
Փաշինյանի կառավարությունն այսօր կանգնել է մի դժվարին խնդրի առջեւ՝ ինչպես ձեւակերպել հարցադրումը, որ հանրաքվեի պատմականությունը չտուժի: Հակառակ պարագայում այն տպավորությունն է ստեղծվելու, որ սարը երկնեց՝ մուկ ծնեց: Մյուս կողմից էլ՝ հսկայական գումարներ են ծախսվելու, մարդ պետք է տանեն տեղամաս, թվեր ապահովեն, Մուկուչյանն էլ տարիքն առել է, ու չես իմանում՝ ինչեր կարող են տեղի ունենալ:

Այնպես որ, ռիսկի գործոնը բավականին մեծ է, ու եթե «այո»-ն չանցավ, սկսվելու է աննախադեպ մի ճղճղոց, պատմական հիստերիա, իրարանցում: Եվ ահա թե ինչ են մտածել կառավարությունում՝ Հրայր Թովմասյանի հարցով հանրաքվեն վերածել Նիկոլ Փաշինյանին եւս մեկ անգամ «պատմական» «այո» ասելու հանրաքվեի: Փաշինյանի հեղափոխական ռեյտինգի եւ էյֆորիայի աննախադեպ անկման պայմաններում իշխող թիմի այս խիզախումը կարելի է հանգիստ խղճով «էշություն» որակել, որովհետեւ մեծ են «ոչ»-ի եւ «բոյկոտի» հաղթանակի շանսերը: «Այո»-ի «հրաշալի եռյակը», մեղմ ասած, ոչ մի վստահություն չի ներշնչում, մինչդեռ մյուս ուժերը քարոզելու են «ոչ»: Այս պայմաններում քանի՞ մարդ կճարեն, որ տենչում է Հրայր Թովմասյանի աննախադեպ պաշտոնանկությունը կամ, որ «նույնն է»՝ Փաշինյանի կառավարության անժամանցելի ձախողումների անվերջանալի շղթան: