ՌԴ-ի համար հարավային սահման է, Արեւմուտքի համար՝ խաղաքարտ, Պարսկաստանի համար՝ կյանքի ճանապարհ, մեզ համար՝ հայրենիք
Մեր զրուցակիցն է Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը։
- Ի՞նչ կարծիքի եք Ուրցաձորում տիրող վիճակի մասին՝ որպես նախկին համայնքապետ։
- Համայնքում սովորական հետընթաց առօրյա է։
- Հետընթա՞ց։
- Հա, բա ի՞նչ։ Ի՞նչ առաջընթաց կա որ։
- Տնտեսական աճ ենք գրանցել երկրում, դա Ձեր համայնքի կյանքում որեւէ դրական փոփոխության պատճառ չի՞ դարձել։
- Ես արդեն տարիուկես է՝ չեմ աշխատում, գիտեք, որ խոշորացել է համայնքը, մոտավորապես կես միլիոն դոլարի մասնաբաժինն էր կազմում, որոնցով պետք է աշխատանքներ կատարվեին Ուրցաձոր համայնքում։ 130 երեխա էր հաճախում մեր մանկապարտեզ՝ հիմա փակ դռներ են։ Կորոնայի ժամանակ մանկապարտեզը փակվեց, ես այդ ընթացքում պատուհանները վերանորոգեցի ու արեւային էներգիայի պանելներ դրեցի, որպեսզի մանկապարտեզն իր հոգսերը հոգար անվճար։ Ավաղ, մանկապարտեզը մինչ օրս չի աշխատում, եւ գյուղում բացարձակապես ոչինչ չի արվում։ Համայնքապետի ղեկավարը՝ կոկորդիլոսաբույծը, գազիֆիկացման ու ջրային աշխատանքներ կատարելու նախագիծ-նախահաշվարկային աշխատանքներ է պատվիրել, որը վաղուց արված է՝ ե՛ւ գազի, ե՛ւ ջրագծի նախագիծը, ընդամենը պետք է անել։ Պիտի գազիֆիկացման աշխատանքների միացում տալ 900 մետր, սակայն մինչ օրս չի կատարվել՝ շուրջ տարիուկես է։
- Ներկայիս համայնքապետը տեղյա՞կ է, որ այդ աշխատանքները Դուք կատարել եք։
- Նայում են, ըստ իրենց ցանկության, ըստ իրենց ՔՊ-ի ցանկության, բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ միայն Ուրցաձորից 900 ոչ մտածված ձայն է տարել… Ունեզրկվել է ամբողջ համայնքը, մեր եղած ամբողջ տրանսպորտը տարել, կենտրոնացրել է ինչ-որ տեղ, այսօր անգամ ճանապարհների հարթեցման համար, որ պիտի գյուղում աշխատանքներ արվեին, այդ տեխնիկան չի գալիս ու չի կատարում։ Խոսում եմ այն բաներից, որն Ուրցաձորն ունեցել է։ Ուրցաձորի ունեցած տեխնիկան շահագործվում է մնացած համայնքներում՝ հարսի անունով լավություն են անում…
- Այդ 900 ուրցաձորցիները զղջո՞ւմ են ՔՊ-ին ձայն տալու համար։
- Ով ձայն է տվել՝ թող նրանք մտածեն, բայց մի բան հստակ ասեմ՝ վաղուց ի վեր խոստացած բան կա, որ 3 միլիոն դոլարի ներդրում ունեն՝ կոկորդիլոսաբուծարան, ես ուզում եմ իմանալ՝ այդ 3 միլիոն դոլարի ճակատագիրն ինչ եղավ, ինչի խաբեցին ժողովրդին, որ այստեղ կոկորդիլոսներ պիտի աճեին, ձվեր պիտի ուտեին մարդիկ, աշխատատեղեր ապահովեին։ Այսօր զրոյացած է դա։ Չէ՞ որ Անդրեասյան Ռաֆիկի աշխատակազմի գրած ծրագրերով Ուրցաձորում դեռ աշխատանքներ են կատարվում, որը հնուց եկած է՝ դեռ 2015 թվականից։
- Համայնքից անցում կատարենք համապետական խնդիրներին։ Փաշինյանը հայտարարեց անկլավներն ու Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ճանաչելու մասին։
- Ի սկզբանե պայքարել եմ ու պայքարում եմ նմանատիպ հայտարարությունների՝ «ցրտադիմացկուն կովերի», «օտար լեզու պիտի իմանանք, որ մոշ ու ելակ մշակենք»՝ նմանատիպ հայտարարությունների դեմ։ Այդ հայտարարություններն ավելի շատ կատարվում են մարդկանց շեղելու համար։ Հայկական սոցիալական ցանցերը ողողված են այդ հայտարարությունների քննարկումներով, բայց բուն իմաստից շեղվում են մարդիկ։ Համոզված եմ, որ թուրքական գործակալներ են ու առաջ են տանում թուրք-ամերիկյան գործընթացները, որպեսզի Ռուսաստանին՝ որպես մեր դարավոր բարեկամ-գործընկերոջ, դուրս մղեն տարածաշրջանից, դարձնեն թուրքական վիլայեթ։ Սա վաղուցվա ծրագիր է, եկել է դեռեւս Սովետական Միության, Առաջին հանրապետության կազմավորման օրվանից։ Անգլո-սաքսոնականները միշտ փորձել են այս ուղղությամբ տանել Հայաստանը եւ, այսպես ասած, կովկասյան պետություն ստեղծեն, ամբողջությամբ պիտի տիրեն, այստեղից վերահսկեն Ռուսաստանը՝ վերաբաժանելով իրար մեջ։ Հաջորդը Չինաստանն է լինելու։ Ես ավելի շատ վստահում եմ մեր տարածաշրջանային գործընկեր հանդիսացող Ռուսաստան, Չինաստան, Իրան, Հնդկաստան համագործակցությանը։ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի համար հարավային սահման է, եվրոպացիների, Արեւմուտքի համար մենք խաղաքարտ ենք, Պարսկաստանի համար՝ կյանքի ճանապարհ, մեզ համար սա հայրենիք է։ Եթե մենք Ռուսաստանի համար հարավային սահման ենք, իսկ մեզ համար՝ հայրենիք, դա նշանակում է, որ իրենք ունեն պարտավորություններ՝ մեզ հետ համագործակցելու։ Ես մեծ սիրով կհամագործակցեի Ռուսաստանի Դաշնության իրական իշխանությունների հետ, ես ո՛չ ռուսամետ եմ, ո՛չ ամերիկամետ, ո՛չ էլ եվրոպամետ, քանի որ Արեւմուտքը հավանություն է տալիս այն ծրագրերին, որ պետք է Հայաստանն ու հայ մարդը, հայ ընտանիքը չլինեն։ Ի՞նչ է նշանակում այն, որ այսօր կառավարությունը պատրաստ է 25 հազար եվրո տալ սեռափոխության համար, իսկ մեր այն երեխաները, ովքեր երկիր են պահել, հող են պահել, անգամ իրենց հողի վրա սեփական ոտքը չեն կարողանում դնել՝ պրոթեզներով են քայլում, նրանց համար ոչինչ չի արվում։ Սա սոսկալի, ցավալի փաստ է։ ՄԻՊ-ի օգնությամբ Երեւանում բացվել է ԼԳԲՏ-ի պաշտոնական գրասենյակ, պատկերացնո՞ւմ եք, աշխարհում գործող 49 սեռերից 9 գրասենյակ բացվի Հայաստանի Հանրապետությունում, ու ինչ կլինի ազգի վիճակը։ Բնականաբար, ինչքան էլ ազգային ամուր գեներ ունենաս՝ կքանդվի։ Եթե նման բաները բացահայտ ներազդելու են մարդկանց վրա, եւ ամենակարեւորը՝ բարոյական պարտություն ենք կրելու, ի՞նչ է սա նշանակում, եւ ինչի՞ է ՀՀ կառավարությունը որոշել, որ սեռափոխության համար յուրաքանչյուրին կարող է 25 հազար եվրո գումար հատկացնելու միջոցով ազգին տանել կործանման։
- Ընդդիմության գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք։
- Ես զարմանում եմ այսօրվա ընդդիմության պասիվության վրա։ Ես ձայն եմ տվել այդ ընդդիմությանը, բայց նրանց գործունեությունն ինձ համար անընդունելի է։
- Ընդդիմության որոշ շրջանակներ հանրությանն են մեղադրում։
- Հանրությունը կարող է սխալվել է՝ հավատացել է, ես այսպես կասեի․ինչպես կինն է ականջներով սիրահարվում, այնպես էլ մեր հանրությունը սուտ խոստումներին հավատացել է։ Ընդամենը պետք է հանրության հետ խոսել։ Ես երբեք չեմ մեղադրում իմ համագյուղացիներին, որ ձայն են տվել, որովհետեւ իրականում անարդարություններ կային, որոնք ժամանակին բարձրաձայնվել են, բայց արձագանքը եղել է զրո։ Համայնքը շատ մեծ հաջողությունների էր հասել, սոցիալ-տնտեսական վիճակը համայնքների հավասար էր՝ գրեթե քաղաքային մակարդակի էինք հասել, բայց այսօր հետնահանջ է ապրում՝ ոչ ճիշտ կառավարման արդյունքում։ Որովհետեւ օրենքներ են ընդունվում, այն ժամանակ էլ էին ընդունում, որոնք պիտի ժամանակին փոխվեին, որպեսզի առաջընթաց լիներ։ Մարդիկ անարդարություններ տեսնելով, հույս են տեսել նիկոլիզմի, լեւոնիզմի մեջ ու գնացել, ընտրել են նրանց՝ հավատալով խոստումներին։ Պետք է մարդկանց բացատրել, որ իրենք սխալվել են, ու շատերը դա ընդունում են։
- Այսինքն, ընդդիմությունը պետք է ռեբրենդինգի՞ ենթարկվի։
- Ընդդիմությունը պետք է հանդես գա հստակ ծրագրով՝ իր առաջնորդով, թիմով։ Եթե չկա թիմ, մարդն ո՞ւմ հավատա։ Նիկոլը եկավ թիմով, չէ՞։ Բա հիմա ո՞ւմ հետեւից գնալ։ Ասել՝ Նիկոլին դեմ եմ ու վե՞րջ՝ ընդդիմությունը դրանով չի սահմանափակվում։ Թող հստակ հայտարարեն՝ մենք ենք ուզում գանք իշխանության եւ այս քայլերն ենք անելու։ Եթե չի հայտարարում, մարդն ո՞ւր գնա։ Եթե չի հայտարարում, բնականաբար, իր հետեւից չի գնա։
- Դուք «Հզոր համայնք» կուսակցության խորհրդի կազմում եք։ Ձեր ուժն ինչո՞վ է զբաղված։
- Մենք այդ կուսակցությունը ստեղծել ենք, մասնակցություն ենք ունեցել համայնքային ընտրություններում՝ Անի համայնքում ունենք ավագանու ներկայացուցիչ, Նաիրի համայնքում, Սպիտակում, տարբեր տեղերում մասնակցել ենք։ Այդ տեղերում ունենք ավագանու ներկայացուցիչներ, որոնք կուսակցության ուղեգծից չեն շեղվում ու պատրաստ են ցանկացած գործողության՝ ի նպաստ մեր հայրենիքի, սահմանների, պետականության ամրապնդման։
Կարծիքներ