Հեռանալ՝ մնալով

Հեռանալ՝ մնալով

Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառների մասին տարբեր տեսություններ են առաջ քաշվում, որոնց հեղինակները հիմնականում հանգում են այն եզրակացության, որ Սարգսյանը կատարեց իրեն վերապահված առաքելությունը եւ հիմա հեռանում է, կամ հեռացնում են, կամ նա, զգալով իր զբաղեցրած պաշտոնի անիմաստությունը, ուղղորդված քննադատությունից խուսափելու համար որոշել է հեռանալ: Իսկ հնարավոր է, որ Արմեն Սարգսյանն ամենեւին էլ չի հեռանում, այլ, հակառակը՝ նրան այլեւս չի բավարարում գործող լիազորություններով նախագահի պաշտոնը, եւ նա կարճ ժամանակով թողնում է այն՝ հավակնելով զբաղեցնել այդ պաշտոնը, երբ սահմանադրական փոփոխությունների արդյունքում այն ավելի մեծ լիազորություններով օժտված կլինի:

Սարգսյանն իր հայտարարության տեքստում ոչինչ չի ասում հետագա անելիքների մասին, չի ասում՝ մնալո՞ւ է Հայաստանում, թե՞ հեռանալու է Մեծ Բրիտանիա, շարունակելո՞ւ է քաղաքական գործունեությունը, թե՞ այլեւս ոչ մի հավակնություն չունի իշխանության նկատմամբ: Հրապարակային հայտարարությունների բացակայության պայմաններում հետաքրքիր են Սարգսյանի շրջապատից սպրդող տեղեկությունները:

Ըստ դրանց՝ Սարգսյանը ոչ միայն չի հրաժարվում իշխանության նկատմամբ ունեցած հավակնություններից, այլեւ, ընդհակառակը՝ ձգտում է ավելի մեծ իշխանության: Սարգսյանն իր մերձավոր շրջապատի եւ աշխատակազմի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ հրաժարականից հետո նրանք անգործ չեն մնա: Նա պատրաստվում է առաջիկայում բացել չորրորդ նախագահի գրասենյակ, բայց ոչ այն գրասենյակներից, որոնք ունեն նախկին երեքը` պետական ֆինանսավորմամբ եւ պետության հաստատած հաստիքացուցակով: Սարգսյանը հայտնել է, որ իրենք պատրաստվելու են առաջիկա նախագահական ընտրություններին եւ այդ նպատակով պետք է ավելի ակտիվ լինեն հրապարակային գործունեության եւ դրա լուսաբանման գործում: Չի բացառվում, որ նա նույնիսկ ընդլայնի աշխատակազմը՝ ընդլայնվելով հատկապես տեղեկատվական դաշտում:

Կարելի՞ է արդյոք ասվածից ենթադրություն անել, որ հրաժարական տալով նախագահի պաշտոնից եւ պատրաստվելով ապագա նախագահական ընտրություններին՝ Սարգսյանը դիրքավորվելու է որպես իշխանության կոշտ քննադատ եւ արմատական ընդդիմություն: Սա քիչ հավանական է, որովհետեւ Սարգսյանը թիմի անդամներին կոչ է արել՝ կոշտ քննադատության չենթարկել իշխանությանը եւ հատկապես Նիկոլ Փաշինյանին: Գործող իշխանության հետ հարաբերությունները չփչացնելու այդ հորդորը Արմեն Սարգսյանի ոճի մեջ է, նա երբեք աչքի չի ընկել կտրուկ եւ կոշտ ձեւակերպումներով, ինչը շատ դեպքերում նույնականացվել է անսկզբունքայնության եւ երկչոտության հետ: 

Առաջին հայացքից տպավորություն է ձեւավորվում, թե Արմեն Սարգսյանն իր հրաժարականը համաձայնեցրել է Փաշինյանի հետ: Զբաղեցնելով նախագահի պաշտոնը՝ նա դիտարկվում էր որպես իշխանության մի մասնիկ, եւ սահմանադրական փոփոխություններից հետո տեղի ունենալիք նախագահական ընտրություններին եթե անգամ մասնակցեր էլ, ապա հանրության կողմից դիտարկվելու էր որպես գործող իշխանության ներկայացուցիչ: Մինչդեռ հիմա նա հանդես է գալու որպես այլընտրանք, իհարկե՝ ոչ արմատական եւ հեղափոխական դիրքերից, այլ որպես իշխանության փոխանցման անցնցում տարբերակ, հենվելով հասարակության հեղափոխական ցնցումներից հոգնած հատվածի վրա, այն կոնֆորմիստների, որոնք մշտապես համաձայն են ընդունել ցանկացած իշխանություն, որը կխոստանա եւ կերաշխավորի գոնե գործող ստատուս քվոյի պահպանումը:

Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Արմեն Սարգսյանի հրաժարականով իշխանության տրանզիտը սկսված է. մի գործընթաց, երբ հանրային աջակցությունը կորցրած եւ իրեն սպառած իշխանական վերնախավը, պայմանավորված եւ անցնցում, իշխանական լծակները հանձնում է իրավահաջորդ ուժի՝ դրա դիմաց ստանալով անձեռնմխելիության եւ անվտանգության երաշխիքներ: Այս պահին նման միանշանակ պնդում դժվար է անել, թեեւ ամեն ինչ շատ նման է դրան: Միանշանակ է մի բան․ Արմեն Սարգսյանը հեռանալով՝ շարունակում է մնալ, հավակնելով ավելի մեծ ու ամբողջական իշխանության:

Ավետիս Բաբաջանյան