Համբարձումյանը կրկին չէր ներկայացել, Քոչարյանի ներկայացուցիչը նրա խոսքերը որակեց զրպարտություն (Տեսանյութ)

Համբարձումյանը կրկին չէր ներկայացել, Քոչարյանի ներկայացուցիչը նրա խոսքերը որակեց զրպարտություն (Տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում մոտ 6 ամիս դադարից հետո այսօր վերսկսվեց «Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի» քաղաքացիական հայցի քննությունը։ 

Այսօրվա նիստին կրկին Սիլվա Համբարձումյանը չէր ներկայացել, մինդեռ նախագահող դատավոր Էդիկ Ավետիսյանը արձանագրեց, որ նա պատշաճ ծանուցված է եղել եւ նրա վերաբերմունքը որակեց անհարգալից։ Դատարանը որոշեց Համբարձումյանի բացակայությամբ շարունակել նիստը։

Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նարինե Բեգլարյանը  ներկայացրեց, որ իրենց հայցի հիմքում Սիլվա Համբարձումյանի՝ 2018թ.-ի նոյեմբերի 2-ի մամուլի ասուլիսում հնչեցրած միտքն է. «Ես 2008թ.-ին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, Սերժ Սարգսյանին, Արմեն Գեւորգյանին…»:

Այս արտահայտությունը, ըստ Քոչարյանի շահերի ներկայացուցչի, զրպարտություն է:

Այնուհետեւ նախագահող դատավորն ասաց, որ հերթն է լսելու հայցվորի շահերի ներկայացուցչի ապացույցները, իսկ երբ պատասխանող Սիլվա Համբարձումյանը ներկայանա, կլսեն նաեւ իր ապացույցները: 

Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ հայց էր ներկայացրել՝ զրպարտություն պարունակող փաստացի տվյալները հերքելու եւ երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմում ներկայացնելու հիմքն էր Սիլվա Համբարձումյանի կողմից 2018 թ. նոյեմբերի 2–ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ընթացքում հնչեցված հետևյալ միտքը․ «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ Հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին»։ Սակայն որոշ ժամանակ անց Համբարձումյանը հերքել էր իր այս հայտարարությունը` ընդգծելով, որ գումարը տվել է գործարար Սամվել Մայրապետյանին և տեղյակ չէ, թե վերջինս գումարն ինչ է արել։ Հավելենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Մայրապետյանի դեմ կաշառքի մեղադրանքներն առաջադրվել էին հենց Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներից ելնելով։