Մեղքերի թողություն

Մեղքերի թողություն

Մենք` որպես լրատվամիջոց, մշտապես աշխատել ենք քննադատել գործող իշխանություններին, իսկ ընդդիմությանը՝ հնարավորինս աջակցել, որ կայանա, որ հակակշիռ լինի իշխանություններին: Չէ՞ որ կոռուպցիոն ռիսկերն առկա են հենց իշխանության ներսում, երկրի անվտանգությունն ու առաջընթացն ապահովելն էլ նախեւառաջ կախված է կառավարության, օրենսդիր եւ դատական համակարգի բնականոն աշխատանքից: Դա է պատճառը, որ այսօր եւս ընդդիմության նկատմամբ ավելի ներողամիտ ենք, քան իշխանությունների հանդեպ: Եվ բոլորովին մեր մեղքը չէ, որ այսօրվա ընդդիմությունը նախկին իշխանություններն են, որոնց հանրային որոշ շերտեր դեռեւս չեն կարողանում որպես ընդդիմություն ընկալել:

Հակառակը` մարդկանց մի մեծ խումբ կարծես լռվել-մնացել է հին ժամանակներում, եւ նրա պահանջն ուղղված է ոչ թե գործող իշխանություններին, այլ՝ նախկիններին: Նրանց շարունակում են մեղադրել բոլոր գործած եւ չգործած մեղքերի համար եւ համարում են պատասխանատու նաեւ այսօրվա իրավիճակի ու ձախողումների համար: Շատերն այս երեւույթի մեջ տեսնում են գործող իշխանությունների մեղավորությունը` նրանց մանիպուլյացիաների ու ստերի պատճառով են մարդիկ նախկիններին շարունակում մեղադրել այսօրվա պարտությունների համար: Եվ սրա մեջ, իհարկե, ճշմարտության մեծ չափաբաժին կա: Բայց չարժե նաեւ մոռանալ ոչ հեռավոր անցյալի իրադարձությունները:

Չարժե մոռանալ պաշտոնյաների հոռանալը, քրեածին տարրերի լկտիանալը, ընտրազեղծարարությունները, մի քանի ազգուտակի գերհարստացումը, օլիգարխների ներթափանցումը քաղաքականություն: Ոմանք կարծում են՝ այդ ամենը ոչինչ էր հայրենազրկման համեմատ: Գուցե: Բայց նաեւ դրա պատճառով նախկինները հեռացվեցին, եւ արժեր, որ այսօր ապաշխարեին ու մեղքերի թողություն խնդրեին հասարակությունից: