Գիծը քաշենք ու առաջ անցնենք

Գիծը քաշենք ու առաջ անցնենք

Օրենքի ուժով վերջացավ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահի, թեպետ մտանք այդ առիթով պայքարի հաջորդ փուլ։ Փորձենք ամփոփել կատարվածը, գիծը քաշել ու առաջ անցնել։

Կա կարծիք, որ Հրայր Թովմասյանը նախկին իշխանությունների խամաճիկն էր ու նրանց թեթեւ ձեռքով պոտենցիալ հանցագործ, եթե չասենք՝ իրական, ինչի արդյունքում շատ խոցելի էր։ Ճիշտ նույն բնութագիրը տրվում է Էդմոն Մարուքյանին։ Ու երբ ոմանք Թովմասյանին համարում են հերոս, իսկ Մարուքյանին՝ դավաճան, վիճահարույց է նման մոտեցումը։ Խամաճիկներից մեկը գտավ, որ ավելի շահեկան է շարունակել մնալ նախկինների կամակատարը, իսկ մյուսը՝ որ վտանգավոր է դեմ դուրս գալը Փաշինյանին։ Հետո էլ Փաշինյանին քննադատում են երկակի ստանդարտներով առաջնորդվելու մեջ, որ մի նախարարին համարում է նախկինների մնացորդ, կոռուպցիոներ, իսկ մյուսին, որ ավելի շատ է օգտվել իշխանական բարիքներից, նախարար է նշանակում։ Արդյոք նույն երկակի ստանդարտներով չե՞ն առաջնորդվում նրան քննադատողները։

Ես հարգանքով եմ վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ու Հրայր Թովմասյանի թիմակիցներին, որ պաշտպանում են նրանց, անգամ ըմբռնումով մոտենում նրանց վարձկաններին, բայց չեմ հասկանում ապագային միտված լուրջ ծրագրեր ունեցող գաղափարական ընդդիմադիրներին, որոնք մահուկենաց կռիվ են տալիս Քոչարյանին, Սարգսյանին կամ Թովմասյանին պաշտպանելու համար, իբր դրանով պաշտպանում են օրենքը։ Այո, իշխանությունները, չկարողանալով գտնել օրինական ճանապարհ Հրայր Թովմասյանից ազատվելու հարցում, սխալով փորձեցին շտկել նախկինում թույլ տրված սխալը։ Բայց ամեն գնով իշխանություններին քննադատելու համար տեսնել այսօրվա սխալն ու արդարացնել նախկիններինը՝ ճիշտ ճանապարհ չէ։

Շուրջ 2 տարի է՝ թմբկահարում եմ, որ մեր երկրին օդ ու ջրի պես հարկավոր է գաղափարական ու ծրագրային ընդդիմություն՝ լուրջ ու կայացած լիդերներով, որոնք այլընտրանք կլինեն թե՛ գործող, թե՛ նախկին իշխանություններին, ու այսօր առաջացել է նման հնարավորություն, ինչը ողջունում եմ ու կարծում, որ անգամ իշխանություններին է անհրաժեշտ լուրջ ու կայացած ընդդիմության ձեւավորումը, որպեսզի մեր երկրի քաղաքական դաշտը բալանսի բերվի։ Սակայն մեկը կարող է համաձայն լինել ընդդիմադիրների կողմից իշխանություններին տրված քննադատական գնահատականների գրեթե 100 տոկոսին, բայց ունենալով, ասենք, 3 վերապահում, գտնելով, որ Ռոբերտ Քոչարյանի տեղը բանտն է, Սերժ Սարգսյանին մերժելը միանգամայն ճիշտ էր, ու Հրայր Թովմասյանը պետք է հեռանար, հիմա ի՞նչ․ հայտարարված կոնսոլիդացիային մասնակցել չի՞ կարող։ Կարծում եմ՝ համախմբման համար պետք է նայել առաջին հերթին, թե որ հարցերում ենք համախոհ, ու այդ մասով համագործակցել, այլ ոչ թե՝ որ հարցերում համակարծիք չենք, ու մերժենք համագործակցությունը։ Ես շատ հարցերում կարող եմ համաձայն չլինել իշխանությունների ու անձամբ վարչապետի քայլերին ու հայտարարություններին՝ ուղղված ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցություններին կամ նրանց «Եռյակի» համագործակցությանը, բայց նույնիսկ այս պարագայում չեմ պատրաստվում ապացուցել, որ 132-ի առնվազն մեկ հինգերորդը 26 է, ո՛չ 27։ Եթե համագործակցությունը հասկանանք որպես հլու-հնազանդ կամակատարի կարգավիճակ, հապա ինչո՞ւ ենք մեղադրում Փաշինյանի թիմակիցներին, որ անվերապահորեն կատարում են նրա կամքը։ Փաշինյանն ունի վարչական ռեսուրս, իսկ նրա դեմ պայքարողները նրա կերպ վարվեն դեռ պաշտոն չունենալո՞վ, այսինքն՝ փչանան դեռ իշխանավոր չդարձա՞ծ։ Մինչդեռ եթե ընդդիմությունն իր որակական հատկանիշներով իշխանություններին չգերազանցի, ո՞րն է տրամաբանությունը, որ ընտրողը նրանց նախապատվություն տա՝ ի՞նչն է ինչով փոխելու ու ինչի՞ համար։

Այնքան են շատերը տարվել Փաշինյանին քննադատելու մոլուցքով, որ նրանց համար միեւնույն է՝ ում պաշտպանել, միայն թե դրանով հակադրվեն վարչապետին։ Պետք լինի, նախկիների ամենախոցելի թիմակցին կպաշտպանեն՝ Հրայր Թովմասյանին, պետք լինի՝ Ալիեւին։ Այս վերջին տարիների ընթացքում դեստրուկտիվ ընդդիմությունը ո՛չ մարդկային ռեսուրս ուներ, ո՛չ նյութական, ո՛չ էլ հանրության շրջանում ձայն։ Այսօր դեստրուկտիվ ընդդիմությունը թե՛ նյութական ռեսուրս ունի, թե՛ մարդկային ու թե՛ մեդիա, բայց իշխանությանն իրենց ապակառուցողական վարքագծով տապալել չեն կարող, իսկ կառուցողական ընդդիմության ձեւավորումը տապալել հո կարողանո՞ւմ են։ Փաստորեն, լուսանցքում հայտնված նախկիններն իրենց համար լուսանցք են գծել ու մյուս ընդդիմադիրներին փորձում են այնտեղ տեղավորել։ 

Առավոտից երեկո որոշ գործիչներ պայքարում են, որպեսզի հայտնվեն ժողովրդի ծոցում՝ այդպես էլ չգիտակցելով, որ ժողովրդի ծոցը Փաշինյանը զբաղեցրել է։ Եթե անգամ ժողովուրդը հանի նրան, միեւնույն է՝ ոչ մեկին այնտեղ չի տեղավորելու, հաշտվեք այդ մտքի հետ։ Ունեք բավարար ռեսուրս, անցած ճանապարհ, երկիրը զարգացման ուղի հանելու ծրագիր, լիդերի որակներ, նշանակում է ՝պետք է ժողովրդին ձեր հետեւից տանեք, ոչ թե հետ դառնաք ու փորձեք ժողովրդի ծոցը մտնել։ Չի կարելի քննադատել Փաշինյանի անցած ճանապարհը, թե ինչ մեթոդներով եկավ իշխանության, ու նախանձել նրան այն աստիճան, որ կարծել, թե նույն ճանապարհով իրենք էլ կարող են գալ իշխանության, եթե հաջողվի ժողովրդի աչքից գցել վարչապետին։ Եթե ժողովուրդը հիասթափվեց այս իշխանությունից, ապա մեկ ուրիշի համար փողոց դուրս չի գալու, եթե հեղափոխականները ձախողվեն, դրանով իսկ արժեզրկվելու են հեղափոխական գաղափարներն ու արժեքները, ժողովուրդը հաջորդներից այլ բան է պահանջելու, այլ որակի ծրագրեր ու գաղափարներ։
Իշխանությունները հաղթել են նախկիններին, բայց ամեն օր կրկնում են նրանց սխալները, ընդօրինակում նրանց գործելաոճը, իսկ ընդդիմադիրներն էլ ամեն օր կրկնում են վերջին 3 տասնամյակների բոլոր ձախողված ընդդիմադիրների սխալները, բայց կարծելով, թե իրենք այնքան ճարպիկ են, որ կկարողանան կյանքի կոչել Փաշինյանի հաջող փորձը։ Մինչդեռ, եթե Փաշինյանի իշխանության գալու փորձը հաջողություն չի բերելու նաեւ հետագա կառավարման գործում, կնշանակի նրա փորձն այլեւս անպիտան է համարվելու հանրության կողմից, ընդօրինակելը՝ դատապարտված ձախողման։

Երբ ընդդիմադիրների թիրախը Փաշինյանն էր, նրանք բոլորն էլ բնական դաշնակիցներ էին՝ անկախ իրենց շահերից ու հետագա նպատակներից ու անկախ նրանից՝ համագործակցում էին իրար հետ, թե՝ ոչ։ Այսօր արդեն նոր փուլ ենք թեւակոխել, ուստի ընդդիմադիր ուժերից ամեն մեկն իր ծրագրերն է ներկայացնելու, ու այլեւս դարձել են մրցակիցներ, եթե չասենք՝ հակառակորդներ։ Վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները փորձում էին կարեկցանք առաջացնել, թե ծեր մարդ է, հիվանդ, թողեք գնա տուն, հիմա նա տանն է, բայց պարզ չէ, թե որքան ժամանակով, իսկ քրեական գործն էլ իր մասով կարճված չէ։ Գուցե ինքը չուզենա այլեւս ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, բայց այդ դեպքում թիմակիցներին կդնի ծանր վիճակի մեջ, ախր զօրուգիշեր թմբկահարում էին, թե միայն Քոչարյանը կարող է երկիրը փրկել, այնպիսի բարձրագոչ մտքեր հնչեցնում նրա պատվին, որ դրանից հետո դժվար կլինի ասել՝ փրկիչը հոգնել է ու դուրս եկել խաղից, կեցցե՜ հաջորդ փրկիչը։ Իսկ եթե Քոչարյանը, այնուամենայնիվ, մտնի պայքարի մեջ, ապա, կարծում եմ, բացառվում է, որ «Եռյակը» գնա ինքնասպանության ու միավորվի նրա հետ։

Այսինքն, Քոչարյանը կա՛մ հիասթափեցնելու է իր թիմակիցներին ու հետ քաշվի, կա՛մ էլ լինելու է ընդդիմադիր ուժի առանձին բեւեռ՝ դրանով իսկ մրցակից դառնալով մյուսներին։ Սերժ Սարգսյանն ու իր կուսակցությունը համախմբող ուժ դառնալ չեն կարող, նրանց շուրջ արդեն համախմբվել են արբանյակ կուսակցությունները եւ վերջ, բայց, միեւնույն է՝ լինելու են առանձին բեւեռ, դրանով իսկ՝ եւս մեկ մրցակից։ Զենքի ուժով այս իշխանություններին տապալելու կամ էլ պարտադրելու՝ «ազգային-ժողովրդավարական ուժերի բեւեռը» ներառվի պետության կառավարման մեջ, այս ուժերը նույնպես համախմբող դառնալ չեն կարող, նման մոտեցումները ո՛չ հանրության լայն շրջանակներն են կիսում, ո՛չ էլ նման կերպ մտածող քաղաքական ու հասարակական գործիչների լայն շրջանակ ունենք։ Ապագային միտված ծրագրեր ունեցող ու նախկինների հետ չկապվող մի քանի ակտիվ ուժեր էլ չունեն ո՛չ մարդկային ու նյութական ռեսուրս, ո՛չ էլ քաղաքական պայքարի անցած ճանապարհ, որ դառնան ուժի կենտրոն, նրանք ավելի շուտ այս փուլում իրենց ակտիվությամբ իրենց տեղը կհիշեցնեն քաղաքական դաշտում, քան կդառնան գործոն։ Միակ ուժի կենտրոնը, որ ե՛ւ ռեսուրս ունի, ե՛ւ անցած ճանապարհ, դա դեռ չձեւավորված, բայց արդեն ձեւավորման հայտ ներկայացրած «Եռյակն» է, հուսամ՝ կդիմանան գայթակղությանը՝ ամեն մեկն իրեն լիդեր չպատկերացնելու, ու նաեւ ավելի շատ տեսակետների համադրությամբ առաջ կգնան, քան հակասությունները կսրեն, նաեւ անցյալի սխալները չեն կրկնի։

Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ