Ունքը շինելու տեղը աչքն էլ են հանել (ֆոտո)

Ունքը շինելու տեղը աչքն էլ են հանել (ֆոտո)

Բուզանդի 1/3 շենքի հետնամասում՝ քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի մոտ, այս պահին էքսկավատորով աշխատանքներ են իրականացնում։ Գետինը փորել են, որ շենքի կոյուղագիծը նորոգեն, բայց, ինչպես երևում է, ունքը սարքելու տեղը աչքն էլ են հանել։ Մեզ ասացին, որ փորման աշխատանքների ժամանակ էքսկավատորը վնասել է նաև գետնի տակով անցնող հոսանքի մալուխը, որը սնուցում էր այդ տարածքում գործող «Էվոկաբանկը»։

Ընդ որում, որքանով հասկացանք, էքսկավատորը կտրել է բանկի երեք մալուխներից միանգամից երկուսը՝ շենքը թողնելով մի մալուխի հույսին։ Ի դեպ, այդ տարածքով, ինչպես մեզ նկարագրեցին, անցնում է նաև գազի խողովակ, և եթե մի քիչ էլ շարունակեին փորելը, գուցե գազատարն էլ վնասեին։

Մենք տեղեկացանք, որ աշխատանքներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Նշենք, որ վաղ առավոտից այդ տարածք մեքենաների մուտքն արգելափակված է, ինչի պատճառով Բուզանդի փողոցում առավոտյան ուղղակի սոդոմ-գոմոր էր՝ մեքենաները ոչ մի կերպ կայանելու տեղ չէին գտնում, քանի որ աշխատանքներն իրականացվում էին հենց կայանատեղիում։