«Երկիր Մեդիան» դեռևս կշարունակի իր գործունեությունը

«Երկիր Մեդիան» դեռևս կշարունակի իր գործունեությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, երեկ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կազմակերպած մրցույթի արդյունքներով վերջից երկրորդ տեղում էր, ուստի կարող է զրկվել պետական հեռարձակման արտոնագրից, իսկ Հ2-ը կրկին հաղթող չճանաչվեց:

ՀՌՀ նախագահն ու անդամները մշտապես հայտարարել են, թե իբրև դեմ են ցածրորակ, գռեհիկ հեռուստասերիալներին, սակայն այսօր նման հեռուստասերիալներ ցուցադրող թիվիներն ավելի բարձր միավորներ են ստացել, քան «Երկիր Մեդիան» ու Հայկական երկրորդը:

Սա այն դեպքում, երբ այս երկու հեռուստաընկերությունները չեն ցուցադրում նման էժանագին սերիալներ, ազգային կոնտենտ են ստեղծում, լրատվություն եւ վերլուծություն մատուցում հեռուստադիտողին։ Պատճառն անշուշտ այն է, որ այս ալիքներով երբեմն քննադատում են երբեմնի «ամենադեմոկրատ» իշխանություններին:

Մենք տեղեկացանք, որ երեկ մրցույթից ժամեր անց «Երկիր Մեդիայից» լրագրող է դիմում գրել եւ հեռացել: Հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է լրագրողը հեռացել աշխատանքից, վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ լրագրողն աշխատանքից հեռացել է լրիվ այլ պատճառներով, ինչը կապ չունի «Երկիր Մեդիայի» մրցութային արդյունքի հետ: Բագրատ Եսայանը նշեց, որ հեռուստաընկերությունը դեռևս շարունակում է իր գործունեությունը:

Նկատենք, որ եռօրյա ժամկետում ՀՌՀ-ն գրավոր ծանուցում է ուղարկելու «Երկիր Մեդիա» և «Հայկական երկրորդ» հեռուստաալիքներին, որից հետո էլ «Երկիր Մեդիան» կզրկվի հանրապետական սփռման իրավունքից, իսկ ահա «Հայկական երկրորդը» հանրապետական սփռումից դեռ նախորդ տարի է զրկվել։