Ոսկորը, որը մնալու է իշխանության կոկորդին, մամուլի թեման է

Ոսկորը, որը մնալու է իշխանության կոկորդին, մամուլի թեման է

Տարիներ առաջ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե Եվրոպայի խորհուրդը պոլիտբյուրո չէ: 2020-ին, երբ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումը տեղափոխվում էր Ազգային ժողով, եւ ՍԴ դատավորների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից մի քանի ոչ իշխանահաճո  եզրակացություններ հրապարակվեցին, նաեւ համազեկուցողները բաց տեքստով գրեցին, թե մտահոգված են Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի գրասենյակի եւ ՍԴ  նախագահության միջեւ լարվածության բարձր մակարդակով, ու խոսեցին այն մասին, որ ժողովրդավարական համակարգերում զսպումների ու հակակշիռների մեխանիզմներ են գործում, նմանատիպ հայտարարություններ արեցին նաեւ իմքայլականները։ 

Կյանքը, սակայն, ցույց է տվել, որ միայն մի քանի կառույցներ կան, որոնց քննադատությունից Հայաստանի օրվա իշխանությունները բոլոր ժամանակներում «մրսում» են։ Մասնավորապես, որքան էլ հետագայում հանրապետականներն էին պնդում, թե ԵԽԽՎ-ն Տիզբոն չէ, նույն Սերժ Սարգսյանի իշխանությունը Մարտի 1-ից հետո ձերբակալված շուրջ 150 անձանց նկատմամբ համաներում հայտարարեց եւ նրանց բանտերից ազատեց ԵԽԽՎ մի քանի, այդ թվում «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը՝ Հայաստանում» թիվ 1609 բանաձեւի ճնշումների ներքո, որտեղ ուղիղ քննադատում էին (ցավ էին հայտնում) 10 մարդու սպանության, շուրջ 200-ի մարմնական վնասվածքների եւ Երեւան քաղաքում արտակարգ իրավիճակ մտցնելու ու անհամաչափ ուժ գործադրելու համար։ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանին ժամանակ տալու, կորոնավիրուսի համավարակի, պատերազմի եւ դրան հաջորդած դրամատիկ իրադարձությունների հետեւանքով եվրոպական կառույցների ներգործությունը ՀՀ իշխանությունների վրա նկատելիորեն թուլացել է։

Ավելին․ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո, երբ ընդդիմությունն էլ փողոցում էր, ԵԽԽՎ Հայաստանի հարցով զեկուցողները համատեղ հայտարարության մեջ կոչ էին անում «բոլոր քաղաքական ուժերին եւ պետական ինստիտուտներին՝ լիովին հետեւել ժողովրդավարական սկզբունքներին եւ Հայաստանի Սահմանադրության պահանջներին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ներկա իրավիճակի անհապաղ թուլացման ուղղությամբ»: Սա դե ֆակտո, այդ պահին  գործող իշխանությունների օգտին էր։ Չնայած սրան, Հայաստանը շարունակում է մնալ տարբեր եվրոպական կառույցների՝ ԵՄ-ի ու ԵԽԽՎ-ի մոնիթորինգի տակ։ ԵԽԽՎ-ի մոնիթորինգը Հայաստանի նկատմամբ իրականացվում է համազեկուցողների՝ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի, ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների ինստիտուտի միջոցով: Նրանք պարբերաբար զեկույցներ են ներկայացնում մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ 

Առաջիկա 3-4 ամիսներին կրկին տեղի կունենա ԵԽԽՎ համազեկուցողների այցը Հայաստան, քանի որ, ԵԽԽՎ ավանդույթի համաձայն, համազեկուցողները տվյալ երկիր ժամանում են ընտրություններից հետո 6-ամսյա ժամկետում եւ տեղեկատվություն են հավաքում` զեկույց կազմելու համար։ Եթե նկատի ունենանք, որ Freedom House-ն ահազանգում է Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության հետընթացի մասին, կարելի է ենթադրել, որ լրատվամիջոցների դեմ ընդունված եւ դեռեւս շրջանառության մեջ դրված օրենքներն ու նախագծերը դառնալու են այն  ոսկորը, որը մնալու է իշխանությունների կոկորդում։ 

ՄԻԵԴ հարցերով մասնագիտացված փաստաբան, մեդիափորձագետ Արա Ղազարյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դրանում վստահ է։ «Պաշտոնատար անձին ավելի մեծ պաշտպանություն տալը, քան սովորական քաղաքացուն, համաեվրոպական կանոնի, հանրային կարգի ոտնահարում է։ Միանշանակ է, որ քննադատվելու է, որովհետեւ անգամ կոմպրոմիսի չեն գնացել, որ, լավ, քրեականացվի, բայց գոնե յուրաքանչյուր ոքի վիրավորանք հասցնելը»,- ասաց Արա Ղազարյանը։ Նա առանձնացրեց նաեւ լրատվությանը վերաբերող մեկ այլ չընդունված նախագիծ, որով արգելվում էր հղում անել տելեգրամյան ալիքներին։ 

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս վստահ է դրանում, որ համազեկուցողները հատուկ ուշադրություն են դարձնելու լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ճնշումներին։ Նա նշեց, որ ԵԽԽՎ պրակտիկայում կա  Freedom House-ի եւ այլ ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքի հետ հաշվի նստելու ավանդույթ։
«Վիրավորանքը եւ զրպար-տությունը քրեականացնելու եւ նման անոմալ տուգանքներ նշանակելու ՀՀ իշխանությունների քայլը միանշանակ լինելու է նրանց քննադատության թիրախում, ինչն արդեն տեսնում ենք։ Ես դրանում վստահ եմ` որպես ԵԽԽՎ երկարամյա պատգամավոր, որ անպայման լինելու է անդրադարձ։ Եվ դա ձեւակերպվելու է հստակ` որպես ազատ խոսքի նկատմամբ ճնշում։ Վստահ եմ նաեւ այն պատճառով, որ ինքս իմ մտահոգությունները՝ որպես «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ-ի նախագահ, ներկայացրել եմ Հայաստանի հարցով համազեկուցողներին եւ գիտեմ, որ ԵԽԽՎ-ն մտահոգված է նշյալ նախագծով։ Եվ դա շատ պարզ է․ երբ Հայաստանն անդամակցում էր Եվրոպայի խորհրդրին, կային մի քանի նախապայմաններ, մի քանի «տնային առաջադրանքներ», որ պիտի կատարեինք։ Եվ առաջիններից մեկը զրպարտանքի եւ վիրավորանքի ապաքրեականացումն էր, մահապատժի վերացման հետ միասին։ Բայց թե ինչքանով դա կազդի իշխանությունների էմոցիաների վրա, չեմ կարող ասել»,- ասում է Զոհրաբյանը։

Տվյալ նախագծի հետ կապված՝ նա նաեւ հարցնում է․ իսկ ո՞վ է որոշելու՝ «իդիոտ» ձեւակերպումը վիրավորա՞նք է, թե՞ անձի ինտելեկտուալ IQ-ին տրված գնահատական։ «Կամ՝ ո՞վ է այդ դատավորը, որը կարող է ճշգրտորեն, ունցիա-ունցիա որոշել կամ այդ ֆրոյդյան թեստերն անցկացնել»,- հարցնում է Զոհրաբյանը։

Նշենք, որ ԵԽԽՎ-ում առկա է նաեւ «Հետմոնիթորինգային դիտարկում» կոչվող ինստիտուտը։ Հետմոնիթորինգային դիտարկման հարցում Հայաստանը դեռ գտնվում է մոնիթորինգի տակ` Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի հետ։ Ինչպես գիտենք՝ Եվրամիությունում Հայաստանն ունի մշտական զեկուցող, որն ամենամյա զեկույց է պատրաստում։ Նախկինում Հայաստանի հարցով համազեկուցողը Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն էր՝ հակահայ, նախորդ տարի ՀՀԿ-ի ջանքերով Հայաստանի հարցով համանախագահողը փոխարինվեց ԵԺԿ խմբի ներկայացուցիչ Անդրեյ Կովաչեւով։