Կրթություն շատերն ունեն, ինչը կցանկանայի նաեւ վարչապետին

Կրթություն շատերն ունեն, ինչը կցանկանայի նաեւ վարչապետին

Օրերս կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եթե մարդն ամիսը 75 հազար դրամով աշխատում է, դա ի՞նչ է նշանակում՝ որ նորմալ կրթություն չի ստացել: Ընդ որում, միայն խոսքը բարձրագույն կրթության մասին չէ, այլեւ՝ մասնագիտական»։ Այս հայտարարությամբ, ըստ էության, Փաշինյանը եւս մեկ անգամ վարկաբեկեց բարձրագույն եւ բուհական կրթությունը՝ միաժամանակ վիրավորելով կրթական ու գիտական համակարգում աշխատող բազմաթիվ մասնագետների, որոնց միջին աշխատավարձը հաճախ այդ շեմից էլ ցածր է։

Պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Սիմոն Հակոբյանն ասում է՝ այդ հայտարարությունն անում է մի մարդ, ով հենց ինքը կրթություն չունի․ «Կրթություն շատերն ունեն, ինչը կցանկանայի նաեւ վարչապետին, ուշ չէ՝ ավարտելու համար։ Ես պրոֆեսոր եմ, գիտությունների թեկնածու եւ ստանում եմ մոտ 65-70 հազար դրամ կենսաթոշակ, հիմա ինձ համարե՞մ կրթված մարդ, թե՞ չէ, սա նույնիսկ մեկնաբանելու բան էլ չէ․․,- ասում է Հակոբյանն ու նկատում, որ հարցը ո՛չ կրթությունն է, ո՛չ աշխատավարձը, այլ՝ բարոյականությունը։- Իսկ սրա փչացման հեղինակն իշխանությունն է, այդ ո՞նց եղավ, որ առաջ, երբ այս կամ պաշտոնյայի տարբեր պաշտոնների նշանակում էիք, կրթությունը կարեւոր չէր, իսկ հիմա հանկարծ հիշել են, որ կրթությունը կարեւոր բան է։ Վերեւից ներքեւ ի ցույց է դրվում, որ կրթությունը, գիտությունը կարեւոր չեն, կարեւորը ճարպկությունն է, հայերեն ասած՝ «բջությունը», դե հիմա բջության ժամանակաշրջան է»։

Ըստ Սիմոն Հակոբյանի՝ ամենակարեւոր բանը մենք այս օրերին անտարբերության ենք մատնել․ «Դա այդ 200-ից ավելի զոհն է, որ նորից տվեցինք, ու դա այնքան հանգիստ ենք ընդունում․․․ ազնվությամբ եմ ասում՝ գիշերներն անծանոթ դեմքեր են գալիս երազիս, էլ չասեմ՝ այդքան վիրավոր տղերքը, որ ոտք ու ձեռք չունեն, մենք ո՞նց ենք ապրում նրանց կողքը, այս ի՞նչ անտարբերություն է մեր մեջ, ապշում եմ ուղղակի։ Ցավոք, սա չարի վերջը չէ, քանի որ հաղթում է զոռբան, նա, ով իր ողջ կյանքում պարտված պետք է լիներ»։

Ս․ Հակոբյանն ուղղակիորեն կրթությանն առնչվող մի օրինակ է բերում․ «Որեւէ մեկը նկատե՞լ է, որ օրհներգի մեջ սխալ օգտագործված բառ կա, այդ երգչուհիներից մեկը՝ Քրիստինե Պեպելյանն ասում է՝ որդիք, Սիլվա Հակոբյանն ասում է՝ որդիկ, մեկը ք-ով է երգում, մյուսը՝ կ-ով։ Այսինքն, այնքան անգրագետ է այդ աղջիկը, ու նաեւ միջավայրը, որ ոչ մեկը՝ այդ տեսահոլովակը ստեղծողներից սկսած, ուշադրություն չի դարձրել այդ փաստի վրա, որ օրհներգի հոլովակի մեջ սխալ բառ է գործածված։ Այս պարագայում ի՞նչ կրթության մասին է խոսքը։ Իսկ մեր բոլոր դժբախտությունները ես կապում եմ բարոյականության հետ, եթե երկրի ղեկավարն օրումեջ սուտ է խոսում, ինչի՞ մասին է խոսքը, ընդ որում՝ բոլորը գիտեն, որ սուտ է խոսում»։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի կարծիքով՝ բուհական կրթությունը եւ մեր կրթական համակարգը, իրականում, շատ խնդիրներ ունեն։ «Հայաստանում բացակայում է միջին մասնագիտական կրթությունը։ Խորհրդային կրթական համակարգի փլուզումից հետո այդ համակարգը ոչ միայն չզարգացավ, այլեւ, կարելի է ասել՝ վերացավ, մնացել են այդ համակարգի զուտ բեկորները, եւ հիմա աշխատաշուկայում բազմաթիվ մասնագետների կարիք կա՝ միջին մասնագիտական կրթություն պահանջող, որը մեր կրթական համակարգը չի պատրաստում։ Երկրորդ․ վարչապետի նշած աշխատավարձի չափը բացարձակապես կապ չունի կրթության եւ կրթության որակի հետ։ Այստեղ խնդիրն այլ է՝ պետք է բուհական կրթությունը համապատասխանի աշխատաշուկայի պահանջներին, եթե անձը ստանում է շատ լավ բուհական կրթություն, բայց այդ մասնագիտության պահանջարկը չկա աշխատաշուկայում, ակնհայտ է, որ նա պետք է գնա եւ ցանկացած աշխատավարձով այլ մասնագիտությամբ աշխատի։ Ընդ որում՝ կոնկրետ ԵՊՀ-ում եւ ընդհանուր առմամբ մեր բուհական համակարգում համակարգված ձեւով մոնիթորինգ չի իրականացվում, որպեսզի ստուգվի, թե շրջանավարտը բուհն ավարտելուց հետո 3 տարվա ընթացքում աշխատանք գտա՞վ իր մասնագիտությամբ, թե՞ ոչ, կամ ընդհանրապես՝ աշխատանք գտա՞վ այլ մասնագիտությամբ, եւ եթե աշխատանք գտել է, 3 տարվա մեջ առաջխաղացում ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Սա է համակարգված մոդելը, որով, ընդհանուր առմամբ, կարելի է գնահատել բուհական կրթության արդյունավետությունը»,- ասում է նա ու ընդգծում, որ կրթության արդյունավետությունն աշխատավարձի չափով որոշելը, առանց հաշվի առնելու այս հանգամանքները, սխալ մոտեցում է։

Հովհաննիսյանի դիտարկմամբ, հանրության մեջ այդ հայտարարությունն ընկալվել է ավելի շատ որպես բուհական կրթությունը վարկաբեկող հայտարարություն․ «Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, երբ բուհական կրթություն չստացածները ստանում են շատ բարձր աշխատավարձ, իսկ բուհական կրթություն ստացածները՝ ցածր աշխատավարձ, կամ մի մասնագիտությամբ մարդը սովորել է, ստացել է շատ փայլուն կրթական արդյունք, բայց իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով համաձայնել է այլ՝ ցածր վարձատրվող աշխատանքի։ Բացի այդ, եթե բացեք Ֆորբսի ցուցակը եւ նայեք, կտեսնեք, որ Ֆորբսի ցուցակում ընդգրկված թոփ միլիարդատերերի զգալի հատվածն ընդհանրապես չունի բուհական կրթություն։ Այնպես որ, աշխատավարձի չափով որոշել՝ վերջինս բուհական կրթությունը նորմալ է ստացել, թե ոչ, սխալ եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է»։

Վահե Հովհաննիսյանն ասում է՝ ԵՊՀ դասախոսների աշխատավարձը մյուս բուհերի դասախոսների համեմատ ավելի ցածր է․ «Դրույքով ծանրաբեռնված դասախոսների աշխատավարձը գերազանցում է 75 հազարը, իսկ արտաքին համատեղությամբ աշխատողներին, որոշակի պաշտոն զբաղեցնողներին կամ այլ մասնագիտական գործունեություն ծավալողներին ձեւակերպել ենք ժամավճարով, այդ ժամավճարով աշխատողները ստանում են շատ ավելի ցածր՝ նույնիսկ 75 հազար դրամից ավելի ցածր աշխատավարձ։ Օրինակ, մենք մեր ամբիոնում ժամավճարով աշխատողներ ունենք, որոնք ամսական ստանում են 30-55 հազար դրամ, բայց նրանց մասնակցությունն ամբիոնի աշխատանքներին կարող է լինել շաբաթական մեկուկես ժամի տեսքով, իսկ շաբաթական մեկուկես ժամ աշխատելու պարագայում այդ աշխատավարձը լրիվ համարժեք աշխատավարձ է իրենց կատարած աշխատանքի դիմաց»։