Դոնբասում իրավիճակի սրացումն արդյոք ձեռնտու չէ Ռուսաստանին․ այլընտրանքային հայացք

Դոնբասում իրավիճակի սրացումն արդյոք ձեռնտու չէ Ռուսաստանին․ այլընտրանքային հայացք

Նախօրեին հայտնի դարձավ, ու ուկրաինական զինված ուժերը Դոնբասում կիրառել են թուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչուներ։ Ռուսական բոլոր քաղաքական հեռուստաշոուներում, լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկում են Կիեւի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթարի» կիրառումը։ Արդեն այսօր հայտնի դարձավ, որ ինչ որ պեստիցիդների քանակի նորմատիվ խախտման պատճառով Ռուսաստանն արգելում է թուրքական մանդարինների ներկրումը։ Իհարկե, հասկանալի է, որ գուցե արգելքը չլիներ, եթե օրինակ «Բայրաքթարով» ուկրաինական իշխանությունները չհարվածեին Դոնբասում աշխարհազորայինների հրետանային կրակակետին։ Ռուսական սոցկայքային տիրույթում կարծիքները կարելի է ասել միանշանակ են այն առումով, որ Թուրքիան զինում է Ուկրաինային, Ուկրաինան Դոնբասում թուրքական սպառազինություն է կիրառում Դոնբասի աշխարհազորայինների հանդեպ, որոնց հույսն ու ապավենն ռուսներն են, իսկ Ռուսաստանը շարունակում է «սեղմել թուրքերի ձեռքը»։ Դեռ երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինչ որ անհասկանալի, նույնիսկ կիսահոդաբաշխ մեկնաբանություն արդեն արել էր, այն տրամաբանության մեջ, թե «դեռ ստուգում ենք տեղեկությունները Դոնբասում «Բայրաքթարի» կիրառության հետ կապված», ինչից կարելի է հասկանալ, որ Մոսկվան կամ չի ուզում խառնվել այդ «բազարին» կամ անակնկալի է եկել այդ դրվագից, կամ փորձում է այնպիսի դիրքորոշում որդեգրել, որ «ոչ շիշը վառվի ոչ քյաբաբը», կամ էլ կա մի բան,

Մոսկվան իր թեզանիքում ունի մի հաղթաթուղթ, որ դեռ չի հանել ու նետել խաղասեղանին։ Ամեն դեպքում, ռուսական հասարակության մեջ կա դժգոհություն իշխանությունների «տատամսող» «տատանողական» կեցվածքի առնչությամբ, հատկապես, որ Մոսկվան միշտ է նյարդայնորեն արձագանքել Ուկրաինային Թուրքիայի կողմից սպառազինությունների մատակարարմանը, սակայն դա Անկարային կարծես թե առանձնապես չի հուզել, եւ ավելին, Անկարան ամեն պատահած առիթի հայտարարել է, որ այդ իրողության հետ ռուսները պետք է համակերպվեն։ Իսկ եթե հարցին նայենք այլընտրանքային հայացքով։ Գուցե Ռուսաստանն հենց առաջին շահառուն է, որպեսզի Դոնբասում իրավիճակը սրվի եւ հանգի ինչ որ հանգուցալուծման։ Ի վերջո, արդեն յոթ-ութ տարի է այդ «ոչ ձուկ, ոչ միս» վիճակը շարունակվում է, ու զրոյական արդյունք։ Գուցե իրոք Մոսկվան ուզում է, որ Դոնբասում սկսվեն լայնածավալ մարտական գործողություններ, որպեսզի հարցը միանգամից լուծվի, ու առիթ ունենա օրինակ ներխուժելու Ուկրաինա, ինչ որ պատճառաբանությամբ, թեկուզ խաղաղության պարտադրման եւ այլն, ու հարցը փակելու։ Չէ որ, այն քաղաքական գիծը, որը տանում է Արեւմուտքը հիմա հետսովետական տարածքի մի շարք երկրների հանդեպ, այդ թվում նաեւ Ուկրաինայի, պարզ ու հասկանալի կերպով երեւում է, որ ոչ հեռու ապագայում Ուկրաինան էլ է համալրելու ՆԱՏՕ-ի կազմը։

Ու եթե դա օրինակ հինգ կամ տասը տարվա հեռանկարում կարող է գալ օրակարգ, ապա ինչու չլուծել Դոնբասի հարցն ու ինչ որ բան գոնե չպոկել, հատկապես, որ պոկելու յուղոտ պատառներ շատ կան, իսկ Ռուսաստանն էլ ախորժակի խնդիր չունի։ Ինչ որ առումով իրավիճակը նման է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի իրավիճակին։ Եթե հավատանք այն տեսությանը, որ Ռուսաստանն ի վերջո, դեմ չի եղել, որ Թուրքիան մասնակցի Ղարաբաղյան գործընթացներին, ինչի արդյունքում Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում եղավ այն ինչ եղավ, ապա հիմա էլ Ռուսաստանն առանձնապես դեմ չէ, որ Թուրքիան զինի Ուկրաինային եւ դրանով իսկ դրդի ռազմական արկածախնդրության։ Տարբերությունը, թերեւս այն է, որ դժվար թե Դոնբասի պարագայում Ռուսաստանն իրեն պահի նույնքան իրեն պատիվ չբերող կեցվածքով, որքան Ղարաբաղի պարագայում պահեց։ Մնում է սպասել, մինչ Դոնբասում իրադարձությունները կզարգանան «թեժացման» տանող որեւէ սցենարով։ Նախերգանքի մասով բավական նմանություն կա Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հետ, մնում է տեսնել, թե ինչ կլինի «թեժացման» սցենարի մյուս հանգրվաններում։

Կարեն Ենգիբարյան