Հեծանիվի կուլտ դպրոցներում․ կվերանայվեն կրթական ծրագրերն ու «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշիչը

Հեծանիվի կուլտ դպրոցներում․ կվերանայվեն կրթական ծրագրերն ու «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշիչը

Հեծանվավար վարչապետի օրինակը խորը արմատներ է գցում մեր կրթական համակարգում․ նախ, անցած տարի ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազք մրցաշարի շրջանակներում ձեռք բերվեց 6 հազար 500 հատ հեծանիվ, որոնք տրամադրվեցին ՀՀ հանրակրթական դպրոցներին հավանաբար, որպեսզի վարչապետի օրինակը վարակիչ լինի դպրոցականների շրջանում, եւ նրանք ակտիվորեն նախապատրաստվեն ու մրցեն վարչապետի գավաթին արժանանալու համար։ Իսկ դրա համար ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է բոլոր «անհրաժեշտ» պայմանները՝ նոր վերապատրաստումներ անցկացնում եւ անգամ «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշիչ փոփոխում։ 
Այսպես, ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ, Երեւանի եւ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության եւ տեխնիկական աջակցության նպատակով:

Այդ առիթով օրերս նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում հետեւել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը, ապա մանրամասնել, որ «Հեծանիվների տեխնիկական օգտագործման տեսանկյունից վերապատրաստումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցներին տրամադրված հեծանիվները հնարավորինս երկար ու արդյունավետ շահագործվեն»։ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով երեխաների հետ հեծանվային պարապմունքների անցկացմանը, նշել է, որ դրանք հնարավոր է կազմակերպել ֆիզկուլտուրայի խմբակների ընթացքում: 

Միաժամանակ, ըստ ԿԳՄՍՆ-ի, նախատեսվում է նաեւ «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշչի եւ կրթական ծրագրերի վերանայում՝ հեծանիվ վարելու ուսուցումը կրթական հիմնական ծրագրում ներառելու նպատակով: Դժվար է պատկերացնել՝ Փաշինյանն էլ ինչ խնդիրների առաջ կկանգնեցներ կրթական համակարգն ու ԿԳՄՍՆ-ին, եթե հանկարծ տարվեր կոխ մարզաձեւով կամ ակրոբատիկայով։
Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2025 թվականի տարեկան ծրագրում՝ սպորտային միջոցառումների ցանկում «Մասսայական սպորտի զարգացում» տողի տակ այս տարի նախատեսված է իրականացնել «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մրցաշար, այսպես, օրինակ՝

ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 40 մլն 013,5 հազար դրամ: Ակնկալվում է դպրոցահասակ տարիքի երեխաների շուրջ 350 մասնակցի ապահովում։ 
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղավազքի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 47 մլն 517,9 հազար դրամ։ Ակնկալվում է շուրջ 2 հազար մարդու մասնակցություն։

ՀՀ վարչապետի գավաթ սիրողական լողի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 20 մլն 155,2 հազար դրամ։ Նախատեսված է շուրջ 135 մասնակցի ապահովում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 48 մլն 930,2 հազար դրամ։ Նախատեսված է շուրջ 1400 մասնակցի ապահովում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 29 մլն 274,9 հազար դրամ։ Ակնկալվում է շուրջ 500 դպրոցականի մասնակցություն՝ եզրափակիչ փուլում։

Բացի այս 5 մարզական մրցաշարից, նախատեսված են նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջեւ անցկացվող բանակային խաղեր, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 54 մլն 414,1 հազար դրամ։ Նախատեսված է շուրջ 270 անձի մասնակցության ապահովում։ 

Ստացվում է՝ 2025-ին ՀՀ պետական բյուջեից շուրջ 185 մլն 890 հազար դրամ ուղղվելու է ՀՀ վարչապետի գավաթը խաղարկելու «խաղուպարին»՝ սպորտը մասսայականացնելու, առողջ ապրելակերպ քարոզելու անվան տակ, իսկ իրականում՝ Փաշինյանի փիառն անելու նպատակով։