Արամ Սարգսյան. Հայաստանի «ամենաառաջադեմ» հեքիաթասացը

Արամ Սարգսյան. Հայաստանի «ամենաառաջադեմ» հեքիաթասացը

Արամ Սարգսյանը եւ նրա գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը պաշտոնապես Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի կոալիցիոն գործընկերն է․ Երեւանի ավագանիում նրանք օգնեցին ՔՊ-ին՝ զավթել քաղաքապետի պաշտոնը. «զավթել» ենք ասում, որովհետեւ նույնիսկ այս երկուսի միավորման արդյունքում հնարավոր չէր ընտրել Ավինյանին, ուստի դիմեցին այլ ուժերի օգնությանը, եւ Դոգն օգնեց: Արամ Սարգսյանը Փաշինյանի հանցակիցն է, բայց ուզում է իրեն անկախ ձեւացնել, նույնիսկ՝ մի քիչ ընդդիմադիր, իբրեւ թե ինքը Փաշինյանի սպասարկուն չէ, որոշ հարցերում տարաձայնություններ ունի: Սա հանրության առավել միամիտ, կոմֆորմիստ, քաղքենի ու գեղցի խավին խաբելու համար է: Այն մասին, որը համարում է, որ Փաշինյանն իրենց մեծ խոստումներ է տվել ու խաբել, բայց ուզում է, որ հիմա էլ մեկ ուրիշը խաբի: Արամ Սարգսյանը նրանցից մեկն է, որը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ, ինչն ըստ էության նույնն է, զբաղեցնում է այս դաշտը. հեքիաթներ է պատմում այն մարդկանց, ովքեր սիրում են լսել եւ հավատալ հեքիաթներին:

Ինչ տարաձայնություններ կան Արամ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ինչում համաձայն չէ Սարգսյանը Փաշինյանի հետ: «Տնտեսական հեղափոխությունը, այն, ինչ խոստացել էր վարչապետը, առ էսօր գոյություն չունի, այդ քայլերը պետք է կոնկրետ նշվի, եւ բյուջեում պետք է երեւան այդ քայլերը: Հայաստանում խոշոր տնտեսական ծրագրեր չկան, Հայաստանի տնտեսության ողնաշարն արդյունաբերությունն է»,- ասում է Արամ Սարգսյանը:

Արդյունաբերություն ասելով նա նկատի չունի բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը, միկրոէլեկտրոնիկան: Նրա իմացած արդյունաբերությունը հանքարդյունաբերությունն է: «Վարչապետը պետք է ասեր, որ Հայաստանն ունի 43 հանքահումքային մետաղական հանքավայր, որից այսօր աշխատում է 4-5-ը, պիտի ասեր, որ հաջորդ տարի կամ առաջիկա 4 տարում այդ 44 հանքավայրից 44-ն էլ աշխատելու է»,- ասում է նա: Թե ինչու է Արամ Սարգսյանը կենտրոնացել հենց հանքահումքային արդյունաբերության վրա, պարզ է․ նա թունդ արեւմտամետ է, սիրում է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ առաջարկում է, որ այդ երկրները Հայաստանում հանքեր շահագործեն, եւ բողոքում է, որ շահագործվող մետաղական հանքավայրերի սեփականատերերը ռուսական ընկերություններ են, որոնք «թալանում եւ թռնում են»: Թե ինչու արեւմտյան ներդրողները ներդրումներ չեն անում Հայաստանում, Սարգսյանը մի բացատրություն ունի` Ռուսաստանը թույլ չի տալիս. «Հայաստանի ԵԱՏՄ-ական համատեքստը թույլ չի տալիս, որ Հայաստանում ներդրումներ արվեն, իրենք ներդրումներ չեն անում, ուրիշներին էլ թույլ չեն տալիս»:

Հենց Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից ու դառնա ԵՄ անդամ, արեւմտյան ներդրումները կհեղեղեն Հայաստանը` տրամաբանությամբ: Առաջարկում է Քաջարանի հանքավայրի այն մասը, որը չի շահագործվում ռուսական ընկերության կողմից, տալ ֆրանսիական ներդրողներին կամ հայ ներդրողի, ինչպես, օրինակ, «Վալեքս» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանն է: «Քաջարանի հանքավայրն ամբողջական շահագործելու դեպքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը քառապատկվելու է, թող ՀՀ վարչապետը բյուջեի ուղերձում ասեր, թե ինչ են անում, որ Հայաստանի ՀՆԱ-ն ոչ թե կրկնապատկվի, այլ գոնե ավելանա»,- ասում է Սարգսյանը: Լրագրողը ոգեւորված ասում է` այդ դեպքում Հայաստանի ՀՆԱ-ն կհասնի ադրբեջանականին, Սարգսյանն արձագանքում է. «Իսկ ինչո՞ւ չպետք է հասնի, ըստ ձեզ` նավթն ու գազն ավելի թանկ բանե՞ր են, քան պղինձը, մոլիբդենը: Բյուջեի ուղերձում պետք է լիներ, թե երբ ենք մենք պղնձաձուլական կոմբինատ ունենալու, մենք մաքուր պղինձ չենք արտադրում»: Ու բացատրում է, որ եթե մաքուր պղինձ արտադրեինք, կարող էինք պղնձի խողովակներ արտադրել, որի համար 10 տարվա հերթ է` դրանք անհրաժեշտ են սառնարանների եւ օդորակիչների համար: Իսկ ի՞նչ է լինում Հայաստանում արտադրվող պղնձի կամ մոլիբդենի խտանյութի հետ, դրանք գնում են Ռուսաստան եւ այնտեղ դառնում մետաղ, իսկ մետաղից էլ՝ խողովակ եւ օդորակիչ կամ սառնարան: Իհարկե, ոչ. Հայաստանի արտադրած խտանյութն արտահանվում է Եվրամիություն. ուրեմն ո՞վ է շահագրգռված, որ Հայաստանը միայն խտանյութ արտահանի, իսկ ավելացված արժեքը մնա ԵՄ-ում: Իհարկե, Ռուսաստանը` կասի Արամ Սարգսյանը: 

Նա ասում է, որ նույն Ռուսաստանը թույլ չտվեց, որ Սերժ Սարգսյանը ժամանակին Արաքս գետի վրա կառուցեր ջրամբար եւ հիդրոէլեկտրակայան, Ռուսաստանը թույլ չտվեց, որ կառուցվեր Հայաստան-Իրան երկաթգիծը: Երբ լրագրողը հարցնում է` իսկ ինչո՞ւ թույլ չտվեց, ասում է՝ որովհետեւ Ռուսաստանը ժամանակին թույլ չտվեց կառուցել 140 մմ տրամագծով Իրան-Հայաստան գազամուղը: Նախ՝ ոչ թե 140, այլ՝ 1400 մմ, եւ երկրորդ` Ռուսաստանը գազի հարցում շահագրգռվածություն ուներ, ուզում էր, որ Հայաստանը եւ Վրաստանը կախված լինեն իր գազից, իրենից գազ գնեն, իսկ երկաթուղու կամ ՀԷԿ-ի կառուցմանն ինչո՞ւ պետք է դեմ լիներ: Կարող է ԱՄՆ-ն է դեմ եղել, որովհետեւ ԱՄՆ-ն Իրանին համարում է թշնամի պետություն եւ միշտ այդ երկիրը պահել է պատժամիջոցների տակ, ուրիշներին էլ հորդորել է Իրանի հետ կապ չունենալ, առավել եւս՝ տնտեսական: «Խանգարեց միանշանակ ոչ Միացյալ Նահանգները»,- ասում է Արամ Սարգսյանը:

«Մենք ունենք ահռելի քանակությամբ ջրային ռեսուրսներ`ձմռանը եկած ձնհալի ու գարնանը եկած անձրեւների արդյունքում 7,4 միլիարդ խորանարդ, Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է 2,2 միլիարդ խորանարդ մետր ջուր: Ջրի վաճառքը, ջրի կառավարումն ամենաշահութաբեր ուղղություններից մեկն է, սա հասկանում է փող ունեցող ցանկացած մարդ: 2021-ի ընտրություններից անմիջապես հետո արդեն կար առաջարկ բրիտանական ջրային ռեսուրսները կառավարող մի ընկերության կողմից` 14 ջրամբար սարքել Հայաստանում: Ինչո՞ւ է անգլիացին ուզում Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման վրա փող դնել, որովհետեւ ինքը հասկանում է, որ ջուրը կյանք է, որ մարդն առանց գազի, էլեկտրաէներգիայի կարող է ապրել, բայց առանց ջրի չի կարող ապրել»,- ասում է Սարգսյանը: Լրագրողը հարցնում է` ինչո՞ւ չկառուցվեցին այդ ջրամբարները, պատասխանում է, թե առաջացան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկերոջ կողմից, որովհետեւ Ռուսաստանը Բրիտանիային համարում է իր համար մեկ թշնամին:

Իհարկե, կյանքն առանց ջրի դժվար է պատկերացնել, բայց առանց տարրական բանականության կարելի է ապրել ու նույնիսկ շատ լավ ապրել. մենք դրա օրինակները տեսնում ենք առօրյա կյանքում, մեր քաղաքական շրջապատում: Ի՞նչ էր անելու բրիտանական ընկերությունն այդ ջրամբարների ջուրը` իհարկե, վաճառելու էր հայ գյուղացուն, գյուղացին էլ ստիպված գնելու էր, որովհետեւ առանց գազի ու էլեկտրաէներգիայի կարելի է դաշտերը մշակել, բերք ստանալ, մի կերպ գոյություն քարշ տալ, բայց առանց ջրի հնարավոր չէ: Նույնիսկ հայտնի օրինակը կա, թե միջազգային ներդրողներն ինչպես են տիրանում գյուղի միակ ջրհորին եւ ջրի միջոցով կախվածության մեջ գցում մի ամբողջ գյուղ, նույնը՝ նաեւ երկրի մասշտաբով: Բայց կարեւորը՝ որ դրանք բրիտանացիներ են եղել, բրիտանական ստրուկ լինելը պատվաբեր է: Իսկ ներդրում անելուց հրաժարվել են, որովհետեւ տեսել են, որ իրենց դրածո Փաշինյանի կառավարման արդյունքում հայ գյուղացին չի ուզում ապրել իր հողի վրա, ո՞ւմ վրա են ջուրը ծախելու: Սաուդյան Արաբիայի, Քաթարի կամ Քուվեյթի վրա՝ ասում է Արամ Սարգսյանը, որը չգիտի, որ այդ երկրների համար ավելի էժան է ծովից ոռոգման ջուր ստանալը, քան այն գնելը որեւէ երկրից: Բայց դե՝ որպես հեքիաթ, վատ չէ:

Արամ Սարգսյանն էլի բազմաթիվ հեքիաթներ է պատմում հեքիաթասեր հայ հանրությանը, ինչպես, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորահոսքը 3 միլիոնից դարձնել 60 միլիոն, սպասարկել Սիդնեյը եւ Մումբայը` ինքը բրիտանական մի թերթում հոդված է կարդացել դրա մասին, առաջարկում է, որ Թրամփը Չինաստանից հանվող միկրոչիպերի արտադրությունը տեղափոխի Հայաստան, եւ 20 հազար հայ կանայք հավաքեն այդ միկրոչիպերը` Սարգսյանին պետք է բացատրել, որ միկրոչիպերի արտադրությունը Թայվանում է, միկրոչիպերն էլ կանայք ձեռքով չեն հավաքում, դրանք հիմա տպագրվում են բավական բարդ ռոբոտների կողմից: 

Բայց ինչու է ասում այդ ամենը, որ հիմնավորի` Հայաստանը ԵՄ անդամ լինի, այդ բոլորն իրականություն կդառնա: Մինչդեռ այդ հարցում «վարչապետը` մի քիչ ավելի առաջ, իր թիմակիցները` լրիվ հետադիմական հայացքներ են ասում առ էսօր»: Իսկ թե ով է Հայաստանի ամենաառաջադեմը, իհարկե՝ Արամ Սարգսյանը եւ իր թիմակիցները:
Հայաստանի հարցերը «լուծելուց» հետո նա անցնում է Վրաստանին եւ կանխատեսում «Վրացական երազանքի» ապագան. «Էդ իշխանությունը պայթելու է, դատապարտված է»:

Հիշեցինք 2003 թվականի հանրահավաքները Մատենադարանի մոտ. Արամ Սարգսյանի ելույթը սկսվում էր այսպես. «Հիմա Ռոբերտ Քոչարյանը նստած՝ իր հրաժարականն է գրում, մտածում եմ` ես ելույթ ունենա՞մ, թե՞ սպասեմ հրաժարականի տեքստը հրապարակի, նոր»: Քոչարյանը հրաժարական չտվեց, 5 տարի պաշտոնավարեց, ինչի արդյունքում Արամ Սարգսյանն էլ ո՛չ նախագահ դարձավ եւ ո՛չ էլ վարչապետ եւ իր քաղաքական կարիերան ավարտեց որպես Փաշինյանի իշխանության սպասարկու: