Առաջիկայում բուռն ներքաղաքական զարգացումներ են սպասվում

Առաջիկայում բուռն ներքաղաքական զարգացումներ են սպասվում

Հարցազրույց «Հայաստան» դաշինքի պատգամավոր,  «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի հետ

- Պարոն Ղազինյան, Սյունիքում իրավիճակն օրեցօր վատթարանում է, ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհից առեւանգում են մեր հայրենակիցներին, հայ-ադրբեջանական նոր փաստաթղթերի ստորագրման մասին է խոսք գնում, որոնց արդյունքում մեր սուվերեն տարածքից գուցե կրկին զիջումներ արվեն։ Մյուս կողմից՝ իշխանությունը գունագեղ միջոցառումներ է կազմակերպում, ընդդիմությունն էլ կարծես հարմարվել է խորհրդարանական կյանքին։ Հայաստանում առկա այս իրավիճակը համարենք նորմալ ու դիտորդի կարգավիճակով հետեւենք, թե ամեն օր ի՞նչ ենք կորցնում, թե՞, այնուամենայնիվ, պետք է պայքարել, եթե այո` ինչպե՞ս, ե՞րբ։

- Հաճախ ենք լսում ընդդիմության հասցեին կոշտ գնահատականներ, թե ինչու եք նստել խորհրդարանում, դուրս եկեք փողոց․ փողոց դուրս գալն անխուսափելի է, կարծում եմ՝  ժամանակի հարց է։ Բայց քանի որ փողոց դուրս գալը չպետք է լինի ինքնանպատակ, պետք է հասունացվի, պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ փողոց դուրս գալը բերի արտահամակարգային պայքարի նոր ալիքի։

- Իրավիճակն էլ ինչքա՞ն պետք է հասունանա։

- Դուք շատ լավ հասկանում եք։ Իրականում զգում ենք հասարակության շնչառության զարկերակը, մենք տեսնում ենք, թե ինչ աստիճանի է պրոտեստը հասունացել։ Հավատացեք՝ փողոց դուրս գալը մեկանգամյա գործիք է ցանկացած քաղաքական ուժի համար, եթե դուրս եկար փողոց ու հաջողության չհասար, պետք է մոռանաս քաղաքականությունը, դա քեզ տանելու է հետագա մարգինալացման, որովհետեւ դու այլեւս չհաջողված մարգինալացված լուզերների շարքերը համալրելու վտանգի առջեւ ես կանգնելու։ Իսկ եկեք ընդունենք, որ «Հայաստան» խմբակցությունը, դաշինքը ազգային իմունիտետի վերջին բաղադրիչն է։ Եթե մենք այս պարագայում ձախողվենք, ապա այլեւս չենք ունենա դիմադրելու հնարավորություն, եւ երկիրը կմտնի քաոսի ու թուրքացման նոր ալիքի ներքո՝ արդեն առանց դիմադրության։

- Կա նաեւ հակառակ տեսակետը՝ եթե դուք չլինեիք Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը, նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին, այս իշխանությունը վաղուց հեռացված կլիներ, ժողովուրդը Նիկոլի եւ Քոչարյանի միջեւ կատարեց ընտրությունը։

- Ես հիմա խոսում եմ հունիսի 20-ից հետո ձեւավորված իրավիճակի մասին, Դուք խոսում եք մինչեւ հունիսի 20-ը։ Ես էլ կհամաձայնեմ Ձեզ հետ՝ ասելով, որ ընտրության տրամաբանությունը չի եղել հանուն ինչ-որ բանի, այլ եղել է ընդդեմ։ Հենց դա է ողբերգությունը, որ քաղաքական դաշտում գործում են ոչ թե «հանուն» գաղափարի, այլ՝ «ընդդեմ»։ Իշխանությունն ինքն էլ հասկանում է, որ սեփական ձայները չնչին տոկոս են կազմում, մնացածը ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների եւ ընդդեմ ինչ-որ բանի ընտրատեղամաս գնացածների ձայներն են։ Նրանք շատ լավ գիտեն, որ իրենց լեգիտիմությունը շատ ծանր վիճակում է, հետեւաբար, իրենց արդարացնելու համար հաճախ են հղում անում ժողովրդի ընտրության վրա, որ տեսեք՝ ժողովուրդն ընտրվեց, տվեց բոլոր հարցերի պատասխանները, դուք գոռացիք «դավաճան», «հողատու», բայց ժողովուրդը ձեզ հետ չհամաձայնեց, ժողովուրդը համաձայնեց, որ մենք դավաճան չենք, հողատու չենք, եղել է պատերազմ, պատերազմում պարտվել ենք։ Սա խնդիր է, մենք պետք է աշխատենք ժողովրդի հետ, եւ խորհրդարանական գործունեությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը․ որ պահին որ մենք կհասկանանք, որ հասունացել է այն իրավիճակը, որ պետք է կանխել, արգելափակել, թույլ չտալ հետագա գործընթացների շարունակությունը, ապա առանց վարանելու, առանց աչք թարթելու կսկսենք փողոցային պայքարը։

- Ուզում եք ասել, որ մինչեւ հունիսի 20-ը ժողովուրդը չէր հասկացել, թե ինչ է կատարվել, եւ հիմա նոր պետք է աշխատեք։ Ասեք` ի՞նչ եք անելու, հո հեծանիվ չե՞ք հայտնագործելու։

- Այդ հարցի պատասխանը տեղավորվում է Նիկոլին ուղղված իմ հարցի մեջ, երբ որ ես իրեն ասացի, որ իր կողմնակիցների, քարոզչական խմբերի, ֆեյքերի կողմից տարածվում է մի այսպիսի թեզ՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ աներ, նախկիններն Արցախը ծախել էին, հարիֆի գլխին բարդվեց»։ Ես ուղիղ իր ճակատին եմ հնչեցրել՝ ասել եմ՝ համաձա՞յն եք այս թեզի հետ։ Իրականում, տեղի է ունեցել այն, որ մարդկանց կարողացել են համոզել, որ Արցախի պայմանական վաճառքի գործարքը տեղի է ունեցել վաղուց, եւ միամիտ մարդ էին տեսել, որոշեցին այդ միամիտ մարդու գլխին կոտրել։

- Մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ որոշել եք փողոցային պայքար սկսել, հայտարարության մեջ չեք բացառել այդ հեռանկարը։ Պահը հասունացե՞լ է, ինչի՞ հիման վրա եք որոշում ընդունել։

- Փողոցային պայքարն ունի ընթացակարգեր, ունի պատճառ, առիթ, մոտիվացիա, մարդկանց զայրույթը եւ այդ զայրույթն արտահայտելու հարթակ։ Փողոցային պայքարը երբեւէ դուրս չի եկել մեր օրակարգից, պարզապես պետք է օբյեկտիվ հանգամանքները հաշվի առնել։ Ընտրությունները կայացել են հունիսին, հուլիս-օգոստոս ամիսները հանրահավաքներ անցկացնելու լավագույն ժամանակը չեն, պետք է նախ սթափվել. վերաիմաստավորել անցածը, վերարժեւորել այն, ինչի համար պետք է դուրս գալ պայքարի, ձեւավորել այն հասարակական պահանջը, որը, ի վերջո, կռեալիզացվեր քաղաքակլան կապիտալիզացիայի տեսքով, այնուհետեւ անցնել փողոցային ակտիվ պայքարի։ Դրա համար սեպտեմբերի 27-ը՝ որպես պատերազմը սկսվելու առաջին օր, կարծում եմ, պետք է օգտագործել, պետք է այդօրվանից սկսած՝ ամենօրյա ռեժիմով թարմացնել մեր քաղաքացիների հիշողությունը։

- Ճի՞շտ հասկացա, որ սեպտեմբերի 27-ից չեն բացառվում փողոցային ակցիաները։

- Փողոցային ակցիաները երբեք չեն բացառվում՝ կլինի սեպտեմբերի 27, թե հոկտեմբերի 5, փողոցային ակցիաներն անխուսափելի են։