ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները բողոք են բերել Գլխավոր դատախազություն 

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները բողոք են բերել Գլխավոր դատախազություն 

ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցություններն այսօր ներկայացրեցին, թե որն էր բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման վերաբերյալ բողոք բերելու պատճառը։

«Օրենքը նախատեսում է բողոք թե՛ Գլխավոր դատախազություն, թե՛ դատական կարգով։ Այս պահին օգտվել ենք դատախազություն բողոք բերելու մեր իրավունքից»,-ասաց ՀՅԴ-ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ երեք քաղաքական ուժերով Գլխավոր դատախազություն ներկայացվել էր դիմում՝ 2020թ․ հունիսի 30-ին, ՀՀ օրենսդիր, գործադիր, ինչպես նաև մի շարք այլ անձանց հնարավոր հանցակցության, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումը, որում նշվել են Քրեական օրենսգրքով ամրագրված հոդվածներ՝ իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և պաշտոնական լիազորություններն անցնելը։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ նշված հոդվածները ոչ միայն սպառիչ էին, այլև հնարավոր է՝ համալրվեին այլ հոդվածներով։

Բողոքի հիմքում ի՞նչն է դրված: «Առաջինը՝ մենք հունիսի 30-ի հաղորդման մեջ մատնանշել էինք մի շարք փաստեր, որոնցով ցույց էինք տալիս, թե ինչպես է մեր կողմից մատնանշված բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակն իր հանցավոր մտադրությունը, այն է՝ Սահմանադրական դատարանի լիազորությունների զավթելը, փորձել իրականացնել։ Ցավոք, ավագ քննիչն այս՝ ներկայացված փաստարկը չի դիտարկել ամբողջականության մեջ։ Ավելին՝ այն շղթան, որը կբացահայտեր, չի ուսումնասիրել։ Իր պարտականությունն էր՝ այս փաստարկները հերքել կամ հաստատել։ Դրա փոխարեն ինչ-որ դրվագ է առանձնացրել, հղում է տվել ինչ-որ մի անբացատրելի գործողության և համարել, որ այն չի կարող հանցագործության համար հիմք հանդիսանալ»,-մեկնաբանեց Մինասյանը։

Այլ կերպ ասած՝ կտրել է պատճառահետևանքային կապը շղթայում։ Երկրորդ․ ՀՔԾ պատասխանատու անձը վերլուծել է Քրեական օրենսգրքի նշված հոդվածները և, Մինասյանի խոսքով, ներկայացրել մեկնաբանություններ, որոնք խիստ սուբյեկտիվ են։ Մեկ օրինակ՝ երբ, ակնհայտորեն, ավագ քննիչը, խեղաթյուրելով պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը, այն հանցավոր մտադրությունը, որի շրջանակում ձեռնարկվել էին Սահմանադրության հանցավոր փոփոխությունները, և որով նպատակ է եղել խմբի կողմից զավթել Սահմանադրական դատարանը, արհեստականորեն հակադրել է պատգամավորի օրենսդրական նախաձեռնության իրավունքի հետ և «ամրագրել է, որ դա իրենց իրավունքն էր, և, հետևաբար, Սահմանադրության համաձայն էլ, քանի որ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից, ուստիև՝ պատգամավորի նկատմամբ չի կարող հարուցվել քրեական գործ»։ Արծվիկ Մինասյանը մեկնաբանեց՝ սա այնքան լայն մեկնաբանություն է, որ ստացվում է, որ յուրաքանչյուր պատգամավոր իր օրենսդրական նախաձեռնության իրավունքի շրջանակներում կարող է թույլ տալ հանցագործություն և մնալ անպատիժ։ Ավագ քննիչն էլ վերցրել է Մակունցի, Արարատ Միրզոյանի և Վահագն Հովակիմյանի հայտարարությունները և նշել, որ նրանք քրեական հանցագործություն թույլ չեն տվել։ 

«Ավելին՝ ավագ քննիչը, փաստորեն, հաստատել էր, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումը պառլամենտի կողմից` առանց ՍԴ եզրակացության, օրինական է։ Ինչը ոչ միայն դուրս է գալիս քննիչի լիազորություններից, այլև ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական տեսակետին, որ ներկայացվել է»,-ասաց Մինասյանը։

«Հայրենիք» կուսակցությունը ներկայացնող Արսեն Բաբայանը մի «քիչ այլ սկզբից» մոտեցավ, թե ինչի մասին էր 3 կուսակցությունների հաղորդումը։

«Նախ, իշխանության յուրացումը, սահմանադրական կարգի տապալումը և պաշտոնական լիազորություններն անցնելը սկսվել են շատ վաղուցվանից։ Այն պահից, երբ քաղաքական իշխանությունն իր 2 ճյուղերով՝ օրենսդիր և գործադիր, որոշեց, որ երրորդ ճյուղի նկատմամբ պետք է իրականացնի ոտնձգություններ։ Դատական իշխանության մասին է խոսքը։ Մենք բոլորս հիշում ենք ամենասկզբից բազմաթիվ գործողություններ, որոնք, ըստ էության, հենց պարոն Մինասյանի ասած՝ շղթայի մի մասն են։ Նախ քրեական գործեր հարուցվեցին ՍԴ նախագահի նկատմամբ, հետո` նրա մերձավոր շրջանակի, հետո՝ իմ նկատմամբ, հետո՝ խուզարկություններ իրականացվեցին, ընտանիքի անդամները հրավիրվեցին ԱԱԾ»։ Բոլոր այս գործողությունների նպատակն էր՝ ունենալ ՍԴ-ում կայուն մեծամասնություն՝ քաղաքական որոշումներ անցկացնելու համար։

Արսեն Բաբայանը նշեց, որ ՀՀ-ում գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել Սահմանադրական դատարանի լիազորություններ։ Մասնավորապես, հիշատակվեց ՀՔԾ-ն, որը որոշել է, որ կարող է ՍԴ-ի փոխարեն մեկնաբանություններ տալ։ Այն է, որ ՍԴ-ի փոխարեն որոշել է, որ ԱԺ-ն ճիշտ է արել։ «Քանի որ սահմանված չէր օրենքով, ապա ինքը պետք է առանց ՍԴ ուղարկելու քվեարկեր երկու ընթերցմամբ և նախագիծն անցկացներ»։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալը գտնում է, որ ընդհանրապես իրավաբանության, իրավունքի ջախջախումն այս իշխանության կողմից պարբերական բնույթ է կրում։