Դատավորը պետք է պատրաստ լինի՝ ասելու «ոչ»

Դատավորը պետք է պատրաստ լինի՝ ասելու «ոչ»

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանն ի մի է բերել վերջին տարիներին իր արտահայտած «հատուկ կարծիքները» եւ դրանք գրքով հրատարակել։ «Դատավորի հատուկ կարծիքների ժողովածուն» 22 մասից է, որից 6-ը Ռոբերտ Քոչարյանի գործին է վերաբերում։ Այսինքն՝ դատավորը 6 անգամ հատուկ կարծիք է հայտնել՝ դատարանի որոշումից տարբերվող կարծիք է ունեցել տվյալ պահին քննվող գործի վերաբերյալ։ Նման կարծիքներ է ունեցել նաեւ Վաչագան Ղազարյանի (Սերժի Վաչո), Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանի, Հայբիզնեսբանկի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի եւ այլ գործերով։

«Հրապարակ»-ի հետ զրույցում դատավորն ասաց, որ նման ժողովածու հրատարակվում է առաջին անգամ․ «Հայաստանում այսպիսի փորձ չի եղել, ինչն ընդունված է շատ երկրներում։ Հիմա, չեմ կարծում, որ որեւէ հեղինակի կողմից ցանկացած գիրք հրապարակելն ինքնանպատակ է։ Տվյալ դեպքում հատուկ կարծիքների մասին է խոսքը գնում, դրանք հրատարակելու համար պետք է որոշակի քանակ լինի։ Այդ հատուկ կարծիքները ծնվել են 2012 թվականից սկսած, երբ ես տեղափոխվեցի վճռաբեկ դատարան։ Ուղղակի դրանք կուտակվել էին տարիների ընթացքում։ Որոշեցի, որ հասանելի լինեն ընթերցողներին, ուսանողներից մինչեւ պրոֆեսորադասախոսական կազմ, կարծում եմ՝ հետաքրքիր կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են քրեական արդարադատության հիմնախնդիրներով, բարդ իրավական հարցերով։ Գրքի էլեկտրոնային տարբերակը զետեղված է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կայքում, որտեղ ես դասավանդում եմ»։

- Ժողովածուի «հատուկ կարծիքներից» 6-ը վերաբերելի են Ռ․ Քոչարյանի գործին, ինչո՞ւ եք այդ գործով այդքան հատուկ կարծիք հայտնել։

- Գիտեք ինչ, 6-ն են, 2-ն են, թե 12-ն են, նշանակություն չունի։ Բանն այն է, որ տարբեր գործերով ի հայտ են գալիս այնպիսի իրավական հարցեր, որոնց իսկապես մենք առաջին անգամ ենք առնչվում։ Այնպես որ, դրանք հիմա քանիսն են, որ գործով՝ դա որեւէ նշանակություն չունի։ Ինձ համար կարեւոր են բոլոր այն դիրքորոշումները, նկատառումները, որոնք ես համարել եմ ճիշտ եւ շարադրել եմ։ Իմ կարծիքով՝ բոլորն էլ կարեւոր են։

- Այսինքն՝ Քոչարյանի գործով կային դրվագներ, որոնց պրակտիկայում նոր էիք առնչվում։

- Իհարկե, գաղտնիք չեմ բացահայտի, որ այդ գործով առկա են բազմաթիվ քրեադատավարական, քրեաիրավական բնույթի հարցադրումներ, շատ հարցերի վերաբերյալ պրակտիկայում առաջին անգամ ենք առնչվել։

- Պարոն Ավետիսյան, Քոչարյանի գործով Դուք կաշկանդվածություն ունեցե՞լ եք, որովհետեւ այդ հիմքով, կարծեմ, դատախազությունը Ձեզ ինքնաբացարկ էր ներկայացրել։

- Ես որեւէ գործով կաշկանդվածություններ չունեմ։ Որպես դատավոր՝ կատարում եմ իմ սովորական, առօրյա՝ արդարադատության շահերից բխող պարտականությունները։ Ի՞նչ կապ ունի, թե որ գործն է։

- Գործերի քանակը հիմա ավելի՞ շատ է, քան 2 տարի առաջ։

- Այո, շատ-շատ է։ Ընդհանրապես, ամբողջ դատական համակարգում տարեցտարի բողոքների, միջնորդությունների քանակը, հատկապես մինչդատական վարույթի հետ կապված, ուղղակի կրկնապատկվում, քառապատկվում է։ Դա իրողություն է։ Օրինակ՝ եթե, ասենք, մի 3 տարի առաջ բերվում էր քրեական գործերով տարեկան մոտ 1000 վճռաբեկ բողոք, այսօրվա դրությամբ երեւի 2-3 հազար է։ Մեկ փատարկ էլ բերեմ․ եթե 16-17 թվականներին մենք վարույթ էինք ընդունում եւ նախադեպային որոշումներ էինք կայացնում տարվա կտրվածքով մոտ 55-60 որոշում, այսօր երեւի տարվա վերջին կամփոփենք 150-200 նախադեպային որոշում։
Կտրուկ աճել են, աճում են բոլոր տեսակի բողոքները, դիմումները։ Սա էլ առանձին հետաքրքիր թեմա է՝ հասկանալու, վերլուծելու պատճառները։ Պետք է մտածենք՝ շատ լուրջ արմատական փոփոխությունների ենթարկենք, մասնավորապես՝ վերաքննիչ, վճռաբեկ վարույթների առանձնահատկությունները։

- Դատավորների թվի ավելացումն այդ խնդիրները կլուծի՞։

- Մասնակի՝ այո։ Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է։ Վերաքննիչ եւ վճռաբեկ վարույթը, ըստ էության, իրար կրկնում են։ Դատական ակտերի արդյունավետ վերանայման մեխանիզմներ մենք, ցավոք, չունենք։ Դրա մասին ես ժամանակին գրել եմ, կարծում եմ՝ դա արդիական է նաեւ այսօրվա դրությամբ։ Խնդիրներն այդ առումով շատ-շատ են։ Անհրաժեշտությունը հիմա մի մասնագիտացված դատարան ստեղծելն է։ Մասնագիտացված առաջին ատյանի դատարան ստեղծենք։ Արժի պրոֆեսիոնալ դատարան ունենալ։

- Առաջարկ կա գերագույն դատարան ստեղծել՝ վճռաբեկ եւ սահմանադրական դատարանների միավորմամբ։ Ի՞նչ կարծիք ունեք։

- «Գերագույն դատարան» հասկացությունն ինձ համար շատ հոգեհարազատ է՝ թեկուզ այն առումով, որ ես աշխատել եմ Գերագույն դատարանում։ Քանի դեռ մենք ձեռքի տակ չունենք հայեցակարգը, թե միացնելով 2 բարձրագույն դատական ատյանը՝ ինչ մոդել է լինելու, ինչ ֆունկցիաներ են լինելու, դժվար է դատողություն անել։ Միամտություն կլինի ասել՝ հա, շատ լավ է կամ՝ չէ, վատ է։ Ենթադրում եմ՝ կլինի ֆունդամենտալ հայեցակարգ, որտեղ կլինեն այդ մոդելի էությունը, ֆունկցիաները, տարանջատումը, որից հետո կարելի է ավելի լուրջ, փաստարկված դատողություններ անել։ Սպասենք, կտեսնենք։

- Պարոն Ավետիսյան, դատական համակարգը վեթինգի կարիք ունի՞։

- Այո, անշուշտ։ Վեթինգ ասենք, թե բարեվարքություն, դա չէ կարեւորը։ Անշուշտ, ունի։ Այդ կարիքն առաջացել է ոչ թե վերջին 1 կամ 2 տարվա ընթացքում։ Այդ գործընթացը միշտ էլ պիտի լիներ եւ ինչ-որ չափով իրականացվեր։ Օրինակ, իմ անձնական փորձից կարող եմ բերել մեկ օրինակ․ 1991 թվականից դատական համակարգում եմ, գիտե՜ք ինչ վեթինգներ եմ անցել Սովետական Միության տարիներին։ 1995 թվականին, երբ Գերագույն խորհուրդն ինձ ընտրեց Գերագույն դատարանի դատավոր, նույնպես անցել եմ, եւ այդպես շարունակ, դա միշտ էլ եղել է, չի կարող չլինել։ Մենք ինքներս էլ ենք համաձայն, որ բարեվարքության կանոնների ստուգում լինի, դա հավերժ, դինամիկ պրոցես է։

- Երկար տարիներ է, ինչ դատավոր եք աշխատում, երբեւէ քաղաքական իշխանության կողմից Ձեզ հրահանգներ եղե՞լ են։

- Դուք բարդ հարց եք տալիս։ Դա առանձին թեմա է։ Ես այսպես ասեմ՝ զանգեր, ճնշումներ, հետաքրքրություն ցանկացած հասարակությունում դատարանների նկատմամբ լինում են, այլ հարց է՝ ինչ չափով, եղանակով են դրանք։ Ամենակարեւորը․ տեսեք՝ ես այն մարդկանցից չեմ, որ կտրուկ 100 տոկոս բացառեմ, որ որեւիցե անգամ չեն եղել փորձեր։ Իմ կարծիքով՝ այդ պատասխանը չի համապատասխանում մեր իրականությանը, բայց ամենակարեւորը գիտե՞ք որն է, թե կոնկրետ դատավորն ինչ չափով կարող է ընկնել այդ դաշտը։ Դատավորը երբ նշանակվում է, ինքը շատ լավ հասկանում է, որ կգտնվեն մարդիկ, բարեկամներ, հարեւաններ, ուսանողներ, որ կարող են հետաքրքրություն ցուցաբերել։ Կարեւորն այն է, թե ինքն ինչ չափով է վստահ, որ զերծ կմնա։ Ասածս այն է, որ դիմողները միշտ կդիմեն, ես չեմ ընդունում այն բանը, որ՝ չէ, կյանքում ոչ մեկը չի դիմել։ Նրանք, որոնք 10-20 տարի է՝ համակարգում են, այդ փորձերը միշտ կարող են լինել։

- Պարոն Ավետիսյան, Ձեր խոսքից ճի՞շտ եզրակացրի, որ նախկին իշխանություններից Ձեզ զանգեր եղել են։

- Ես արդեն պատասխանեցի։ Ես ընդհանուր եմ ասում։ Դա կարող է զանգերով էլ լինել, դատավորն էլ հասարակության ներկայացուցիչ է։ Դիմելու եղանակները տարբեր էին․ դիմողները նախ պետք է մեզ հարգեն եւ չդիմեն, եւ ամենակարեւորը՝ դատավորն ինքն է որոշում։ Դատավորը պետք է պատրաստ լինի՝ ասելու «ոչ»։

- Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դատավորների վերաբերյալ Ձեզ չե՞ն կաշկանդում։

- Թույլ տվեք այդ հարցերին ես չպատասխանեմ։ Գիտե՞ք ինչ կա, վերջին հաշվով, մենք ունենք այն կառույցները, որոնք կոչված են ապահովելու դատավորների անկախությունը։ Դատավորներն ամեն օր կարող են հենց նույն դատավարության մասնակիցներից բողոքներ լսել, դժգոհություններ, բայց այնպես չէ, որ դատավորը պետք է արձագանքի։ Պետք է հարգալից վերաբերվել բոլոր երեւույթների նկատմամբ։