Դա հերթական ցուցիչն էր, որ Փաշինյանն իր իշխանության երաշխիքները տեսնում է Թուրքիայում և Ադրբեջանում

Դա հերթական ցուցիչն էր, որ Փաշինյանն իր իշխանության երաշխիքները տեսնում է Թուրքիայում և Ադրբեջանում

Երեկ՝ մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Կողմերը Տիրանա էին մեկնել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին։  Սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի բոլոր դրույթները համաձայնեցվել են։ Կառավարության հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են խաղաղության համաձայնագրի ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Փաշինյան-Ալիև նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել գրեթե յոթ ամիս առաջ՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին, Ռուսաստանի Կազան քաղաքում, BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակում։ Կազանի հանդիպման ընթացքում Փաշինյանն ու Ալիևը քննարկել էին խաղաղության պայմանագրին, սահմանազատման և սահմանագծման գործընթացներին վերաբերող հարցեր։

Կողմերը հանձնարարել էին իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագրի վերջնականացման և ստորագրման նպատակով։ Հանդիպումից շուրջ հինգ ամիս անց հայտարարվեց, որ պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցվել են, և այն պատրաստ է ստորագրման։ Հանրությունն այդ մասին տեղեկացավ նախ ադրբեջանական կողմի հայտարարությունից, որից հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև Հայաստանի ԱԳՆ-ն։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական հայտարարության մեջ ափսոսանք էր հայտնել, որ ադրբեջանական կողմը հանդես էր եկել միակողմանի հայտարարությամբ՝ համատեղ հայտարարություն տարածելու փոխարեն։ Տիրանա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավականին ջերմ զրույց ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանին «Հրապարակը» հարցրեց՝ ի՞նչ հանդիպում էր այն: Կառավարության պաշտոնական հաղորդագրությունից կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը Արևմուտքում բավականին կարևոր ֆիգուր է և բոլորը ձգտում են հանդիպել իր հետ, մինչդեռ իրականությունը, կարծես, լիովին այլ է:

Մաթևոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Որպես նախաբան ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ցանկացած իշխանություն օբյեկտիվորեն կարիք ունի բոլոր հնարավոր բևեռներից հետ կառուցել փոխըմբռնելի, կառուցողական խաղի կանոնների վրա հիմնված հարաբերությունները: Կլինի Ռուսաստան, թե Արևմուտք, կլինի Իրան, թե առանձին Միացյալ Նահանգներ: Նիկոլ Փաշինյանը նախքան Տիրանա մեկնելը գնաց Մոսկվա: Այդ օրերին ևս տեղեկատվական վակխանալիա տեղի ունեցավ: Ինչ-որ շրջանակներ անգամ խնդրում էին Փաշինյանին Մոսկվա չմեկնել, պնդելով, որ Ռուսաստան գնալը Հայաստանը միութենական պետության ճանապարհով տանել է նշանակում ու նմանօրինակ տարբեր ծայրահեղ գնահատականներ: Կա նաև մեկ այլ ծայրահեղություն, որ եթե գնաց Եվրոպա, ուրեմն վերջ, ամեն ինչ վերջացած է, պետք է անջատել երկրի լույսերը և հեռանալ: Ասածս այն է, որ անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության ղեկին, ցանկացած ղեկավար պետք է կարողանա ճիշտ քաղաքականություն վարել, իհարկե դա չի վերաբերում Փաշինյանի իշխանությանը: Նրանց հետ ամեն բան պարզ է: Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջոցառմանը, Եվրոպական համայնքում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ էր, որ Փաշինյանը Արցախը հանձնեց Ադրբեջանին, դրանք իրականում մեզ ոչ մի լավ բան չեն տալիս:

Շատերի համար արդեն ակնհայտ է, որ քանի ռուսները զբաղված էին Ուկրաինայով, այդ մտայնությամբ՝ Արցախը հանձնվեց Ադրբեջանին: Դա պատմական հնարավորություն էր Փաշինյանի համար՝ Արցախի բեռը թոթափելու, ինչպես նաև ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու համար: Եթե մի կողմ թողնենք իշխանությունների տարածած հաղորդագրությունները և բովանդակային կերպով նայենք, թե ինչ է կատարվուևմ իրականում, ապա անգամ կադրերից ամեն բան պարզ է: Եկեք զուգահեռներ անցկացնենք մայիսի 9-ին Մոսկվայում տեղի ունեցած այցի կադրերը Տիրանայի հանդիպման կադրերի հետ: Մենք տեսնաք, թե Փաշինյանն ինչպիսի տրամադրություն ուներ հատկապես Էրդողանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Սա գուցե շատերի համար անլուրջ թվա, բայց այդ կադրերը հերթական ցուցիչն էին, որ Փաշինյանն իր իշխանության երաշխիքները տեսնում է Թուրքիայում և Ադրբեջանում: Այդ է պատճառը, որ ժպտում է նրանց, նրանց հետ սուրճ է խմում, իսկ օրինակ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողքին տխուր դեմքով, ցածր տրամադրությամբ ժամանակ է սպանում: Վերջերս Մարիա Զախարովան վերհիշեց Ալեն Սիմոնյանի խոսքերը, որ ինքը պարզապես քարտուղարուհի է: Ինչ է սա նշանակում, որ իշխանությունները չեն գիտակցում, որ իրենց ամեն մի արարքը չի կարող մնալ վակումի մեջ: Քաղաքականությունն այդպիսին չէ: Գալու է ժամանակը, որ Տիրանայում տեղի ունեցածի համար էլ աշխարհաքաղաքական պարզաբանումների անհրաժեշտություն է առաջանալու»,- նշում է քաղաքագետը:

Հարցին՝ ի՞նչ է տալիս Փաշինյանին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ նման հանդիպումները, Բենիամին Մաթևոսյանն ընդգծեց. «Երբ Թուրքիայում մեծ երկրաշարժ տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ ցավակցեց Էրդողանին և Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկեց: Փոխարենն ի՞նչ ազդեցություն թողեց այդ ամենը հայ-թուրքական հարաբերությունների վրա՝ ոչ մի ազդեցություն: Նիկոլ Փաշինյանը մի շրջապտույտի մեջ է ընկել, որից այլևս չի կարող դուրս գալ, նա ստիպված այդ կենտրոնների հետ պետք է կարողանա լեզու գտնել, շողոքորթելով, հանձնելով, իսկ տրամաբանությունն այն է, որ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը իրականացնում են նույն ծրագիրը, պարզապես դերաբաշխված: Փաշինյանը լինելով Հայաստանում՝ զիջումների է գնում, Ադրբեջանն այս դերաբաշխման մեջ չար ոստիկանի դերն է կատարում, սպառնալով Հայաստանին, ինչ վերաբերում է Թուրքիային, Թուրքիան էլ՝ պարբերաբար հայտարարում է, որ կողմ է խաղաղությանը, որ կողմ է երկրների հետ կայուն հարաբերություններ հաստատելուն: Այժմ Հայաստանում նույնպես ինչ-որ շրջանակներ այն թեզն են առաջ տանում, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, Էրդողանը կզսպի Ադրբեջանին, սակայն իրականում չի կարող նման բան լինել: Յուրաքանչյուրն իր մասով գործում են: Եվրոպական, ՆԱՏՕ-ական հատվածի օպերատորը տարածաշրջանում Էրդողանն է, Փաշինյանն այս ամենից ելնելով ևս Էրդողանի նկատմամբ նման վերաբերմունք է ցուցաբերում», - եզրափակեց քաղաքագետը: