Ո՞ր արցախցու մտքով կանցներ, որ թուրքը՝ Հայաստանի թողտվությամբ, կարող է մեզ այս օրը գցել

Ո՞ր արցախցու մտքով կանցներ, որ թուրքը՝ Հայաստանի թողտվությամբ, կարող է մեզ այս օրը գցել

Հարցազրույց գրող Հրանտ Ալեքսանյանի հետ

- Պարոն Ալեքսանյան, երեկ վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերն ինտենսիվ հրաձգություն սկսեցին Գեղարքունիքի մարզում, որի հետեւանքով ունեցանք 3 զոհ, 4 վիրավոր։ Հայ-ադրբեջանական սահմանին հնչող յուրաքանչյուր կրակոց ինչպե՞ս է անդրադառնում եւ ի՞նչ արձագանք է գտնում Արցախում՝ թե՛ մարդկային, թե՛ սահմանային լարվածության առումով։

- Հիմա ավելի անսովոր է մեզ համար, որովհետեւ նախկինում արցախա-ադրբեջանական շփման գծում էին տեղի ունենում նման միջադեպեր, ու մենք մինչեւ 2020-ի սեպտեմբերը մի տեսակ իմունիտետ էինք ձեռք բերել այդ սահմանային լարվածությանը։ Բայց հիմա իրավիճակն այլ է, սահմանային ցանկացած միջադեպ, որ տեղի է ունենում թե՛ Արցախում, թե՛ անմիջապես հայ-ադրբեջանական սահմանին, մարդկանց կողմից արդեն ընկալվում է որպես պատերազմի արձագանք եւ պատերազմի շնչառության շարունակություն։ Այսինքն՝ այս սահմանային միջադեպերը ցույց են տալիս, որ պատերազմը չի ավարտվել, իսկ դա իր ծանր ազդեցությունն է ունենում մարդկանց հոգեվիճակի ու մտածելակերպի վրա։ Գուցե սուբյեկտիվ ընկալում եմ ասում, բայց հիմա, երբ արդեն հայ-ադրբեջանական սահմանին են տեղի ունենում միջադեպեր, մենք կրկնակի, եռակի անգամ ավելի սրությամբ ենք ընկալում դա, որովհետեւ հիմա ողջ հայկական պետության սահմանն է վտանգվում, եւ մենք մեզ ավելի վտանգված ենք զգում, կրկնակի անգամ մտահոգ ենք ու լարված։

- Մինչդեռ շատերը կարծում էին, որ Արցախը «տան»՝ լավ են ապրելու․․․

- Մինչ անցած տարվա սեպտեմբերը Հայաստանն Արցախի անվտանգության հարցում իր նշանակալի դերակատարումն ունեցել է, բայց դա նաեւ փոխադարձ էր, որովհետեւ այս տարածքը Հայաստանի համար անվտանգային լուրջ գոտի էր, եւ հիմա այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմանին, ապացույցն է նրա, որ առանց Արցախի, առանց այդ անվտանգային գոտու, որ ունեինք մինչեւ 2020-ի սեպտեմբերը եւ որը կորցրինք, լրջորեն հարվածում է ողջ Հայաստանի անվտանգությանը։ Այսինքն՝ Արցախը Հայաստանի եւ ողջ հայկական պետության ազգային անվտանգության կարեւորագույն գործոնն էր, եւ երբ այդ գործոնը չեզոքացվում է, տեսնում ենք, որ ողջ հայկական պետությունը միանգամից ընկնում է թուրք-ադրբեջանական, նաեւ՝ աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ զարգացումների ճնշման տակ։ Այնպես որ, Արցախը կորցնելով՝ վտանգում ես ողջ հայկական պետականությունը։ Պետության մի մասը կորցնելը խիստ անցանկալի է, իսկ հայրենիքի մի մասը կորցնելն ուղղակի անթույլատրելի է։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ հայրենիքի մի մասը զոհաբերելով կարելի է ողջ հայրենիքը փրկել, նման բան չի լինում, որովհետեւ այդպես վտանգում ես քո ողջ ունեցածը։ Սա է այսօրվա դառը իրականությունը։ Եվ երբ ասում էին՝ մի թիզ հողն առասպելացնում, միֆականացնում են, սա ինչ ծայրահեղականություն է, ժամանակը ցույց տվեց, որ իրականում դա այդպես է, որովհետեւ հայրենիքներն այդպես են ստեղծվում ու պահպանվում՝ թիզ առ թիզ, իսկ հակառակ մոտեցումը կործանարար է․ եթե ասում ես՝ լավ, Արցախից 2 շրջան կտանք, Սյունիքից մի կտոր կնվիրենք, Սոթքից ու Տավուշից՝ եւս մի հատված, սա նշանակում է, որ հայրենիքդ ուղղակի դնում ես թշնամու կրակակետերի տակ։

- Կարո՞ղ ենք ասել, որ անմիջապես հարվածելով Հայաստանի սահմաններին՝ թշնամին ուզում է վերջնարդյունքում ավելի շատ բան կորզել Արցախից։

- Բնականաբար։ Պատերազմում երբ հակառակորդը զգում է, որ կարող է թշնամուն լիովին ոչնչացնել, ինքը մինչեւ վերջ կգնա այդ քայլին, խոսքը միայն ֆիզիկական բնաջնջման մասին չէ։ Գուցե դա անհնարին թվա, բայց անհնարին ոչինչ չկա ժամանակակից աշխարհում։ Դուք տեսնում եք, թե ինչպես են առանձին երկրներում ազգային փոքրամասնություններ կամ էթնիկ խմբեր բնաջնջման վտանգի տակ հայտնվում։ Այնպես որ, ստեղծված իրավիճակում թուրք-ադրբեջանական դաշինքն իրեն հաղթական է զգում, որի հռետորաբանությունն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում եւ հենց այն պատճառով, որ նրանց դեմը կասեցնող ուժն այլեւս չկա։ Այն ժամանակ մեր երկու հայկական հանրապետությունները միասնաբար գործում էին, որն այսօր դադարել է, եւ Ռուսաստանի օժանդակությունն էլ շատ վճռական էր այդ հարցում։ Մեր երկու հանրապետությունների միասնական, զինական, քաղաքական միասնականությունը լիովին խարխլված է, ինչպես նաեւ խարխլված եւ նվազագույնի են հասցված հայ-ռուսական հարաբերությունները։ Այդ բանը տեսնելով՝ թշնամին ամեն օր կուզի հարձակվել։ Տեսեք, թե ինչ լկտիաբար են խոսում Երեւանի մասին, իսկ դա վկայությունն է այն բանի, որ իրենց հաղթող ու ավելի ուժեղ են զգում, որովհետեւ անհրաժեշտ դիմակայություն մեր կողմից չկա։ Իսկ եթե չես դիմակայում, քեզ ոչնչացնում են եւ փորձում հասցնել այնպիսի իրավիճակի, որ Հայաստանն ընդհանրապես դադարի որեւէ աշխարհաքաղաքական, տնտեսական գործոն լինելուց։ Երբ ասում են՝ եկեք սահմանազատումն անենք հանուն Հայաստանի, այդ փաստաթուղթը մի օր կհրապարակվի, ու կտեսնենք, թե դա ինչ ծանր կապիտուլյացիոն հրամանագիր է լինելու թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար, որի առաջ պետք է ծնկի ողջ հայ ժողովուրդը։ Եթե ոգիդ, ազգային արժանապատվությունդ, հայրենիքիդ զգացումը կորցնում ես, պատասխանատվությունից էլ փախչում ես, ուրեմն թշնամին քեզ ուղղակի կոչնչացնի։

- Այս իրավիճակում հանրությունը նորից հույսը կապում է ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ռուս խաղաղապահների հետ։

- Սրանք 2-րդ պլանի հարցեր են, եթե օգնեն, շատ լավ կլինի, եթե չօգնեն, ուրեմն այդպես էլ պետք է լինի։ Բայց ինչո՞ւ պետք է օգնեն, մենք ո՞վ ենք նրանց՝ ասենք ՄԱԿ-ի համար։ Հետո՝ որտե՞ղ էին նրանք պատերազմի ժամանակ, նրանք ուղղակիորեն ոչ մի երկրի հարց չեն լուծում, այլ օժանդակում են այս կամ այն չափով։ Հարց լուծողը մենք ենք։ Հույս դնել, որ ՄԱԿ-ից մի զորախումբ կգա ու Հադրութը, Շուշին, մեր սահմանները կպահի՝ աբսուրդ է։ Կամ, օրինակ, ռուսները, որ եկել են այստեղ խաղաղապահ առաքելությամբ, կարծում եք՝ մեզ համար կռվելո՞ւ են։ Իհարկե՝ ոչ։ Կռվողը մենք ենք, եթե կռվելու ընդունակությունդ, պատրաստակամությունդ, ինքնազոհաբերման ավյունդ կորցնում ես, մյուսները՝ լինի ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵԱՀԿ, թե Ռուսաստան, բոլորը փորձելու են քո ընկնող մարմնից իրենց փայաբաժինը պոկել։ Սա պետք է կասեցվի, չպետք է թույլ տանք, որ ընկնենք, եթե ընկնենք, վերջնականապես կորած ենք։

- Չնայած ստեղծված իրավիճակին, երկրի առաջին դեմքը՝ վարչապետը, ով ամեն փոքր առիթով լայվ է մտնում, լուռ է։ Ինչո՞ւ։

- Որովհետեւ նա տասներորդական խնդիրների վարչապետ է, ո՛չ Հայաստանի, նա չունի Հայաստանի վարչապետին վայել խոսվածք, պահվածք, մտածելակերպ։ Անցած տարվա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի համար կործանարար է նմանատիպ ղեկավարություն ունենալը։ Հայաստանին պետք է ազգային կառավարություն, հայրենիքը պահում են հայրենասիրությամբ, իսկ դա նշանակում է մարտնչել, կռվել, սիրել քո հողը, հայրենակցին։ Ո՞ր արցախցու մտքով կանցներ, որ թուրքը՝ Հայաստանի թողտվությամբ, կարող է մեզ այս օրը գցել, ամենավատ երազում անգամ նման բան չէինք կարող տեսնել, մինչեւ հիմա մեզ այդ հարցն ենք տալիս՝ ո՞նց հայտնվեցինք այս իրավիճակում։

- Արցախում ինչպե՞ս ընդունեցին ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

- Որքան ես եմ շփվել եւ որքան ճանաչում եմ մեր ժողովրդի մտածողությունը, հոգեկերտվածքը, մեծամասնությունը, բնականաբար, խիստ բացասաբար է ընդունել։ Մեծ հույսեր էին կապում հատկապես «Հայաստան» դաշինքի հետ, որ փոփոխություն տեղի կունենա, եւ շատ ավելի բարվոք վիճակում կլինենք ապագայում։ Այդ հույսերն ի դերեւ եղան, եւ հիմա այնպիսի անորոշություն է վաղվա օրվա հանդեպ, որ երբեք չէր եղել։