Ադրբեջանն ուզում է միանալ ինքնիշխան երկրների դաշինքին, մենք՝ վասալների

Ավելի ու ավելի բացահայտ է դառնում, որ Եվրամիությունը հպատակ երկրների միավորում է։ Իսկ ամերիկյան հպատակի կարգավիճակից դուրս գալու ցանկացած փորձ կասեցվում է ակնթարթորեն, որ մյուս հպատակների մտքով անգամ չանցնի կրկնել ըմբոստների փորձը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը համարձակվել էր այցելել Մոսկվա եւ Պեկին՝ փորձելով առաջարկել ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու եւ բանակցություններով խաղաղության հասնելու իր նախագիծը: Բայց ԱՄՆ ներկա իշխանությունների համար խաղաղությունն անընդունելի է, այնտեղ շահագրգռված են պատերազմի շարունակմամբ, որովհետեւ դրանից թուլանում է ոչ միայն Ռուսաստանը, այլ՝ նաեւ ԱՄՆ-ի եվրոպական վասալները, որոնք ավելի ու ավելի մեծ կախվածության մեջ են ընկնում ԱՄՆ-ից:
ԱՄՆ տնտեսությունը չի կարողանում հաղթահարել տնտեսական անկումը, նույնիսկ պատերազմի երկու տարիները եւ դրա արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի միլիարդավոր դոլարների պատվերները չօգնեցին: Պատերազմի մասշտաբները բավարար չեն, պետք է, որ ավերածություններն ու տնտեսական քաոսն Ուկրաինայից տեղափոխվեն Արեւմուտք՝ եվրոպական երկրներ: Իսկ դրա համար պատերազմը պետք է ոչ թե կանգնեցնել, այլ, հակառակը՝ մեծացնել աշխարհագրությունը, ավելացնել դրանում ներգրավված երկրների քանակը: Եվրոպական երկրները չունեն ինքնիշխանություն՝ սեփական շահերը պաշտպանելու համար եւ ամերիկյան թելադրանքի ազդեցության տակ անում են քայլեր, որոնք իրենց են վնասում: Հայաստանի իշխանությունները դրա համար են որոշել միանալ ԵՄ-ին, ոչ թե որ այնտեղ կան բարեկեցություն, զարգացում եւ այլ բարիքներ, այլ որ այդ միությունն ԱՄՆ-ի վասալների միություն է, իսկ քանի որ ինքն էլ նույնպիսի ամերիկյան վասալ պետություն է, պետք է լինի բոլորի հետ:
Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հայտարարում է, որ ցանկություն ունի միանալ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից ստեղծված միավորմանը, որն առավել հայտնի է ԲՐԻԿՍ անվամբ: Այս միավորմանն արդեն միացել են Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Եթովպիան: Վերջերս կազմակերպությանը միանալու հետաքրքրվածության մասին հայտարարեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները փորձում են ստեղծել նոր աշխարհակարգ, որը դուրս կլինի ԱՄՆ-ի թելադրանքից, երբ երկրներն իրար հետ կհարաբերվեն ըստ իրենց շահերի եւ ոչ թե այնպես, ինչպես կհրահանգեն Վաշինգտոնից: Հայաստանի անմիջական հարեւաններից Իրանն այդ կառույցի անդամ է, Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկություն են հայտնել միանալ կառույցին, իսկ մյուս հարեւանի՝ ԵՄ անդամակցության գործընթացը դադարեցված է, Վրաստանը եւս դուրս է գալիս ամերիկյան պատվավոր վասալի կարգավիճակից, որում հայտնվել էր ամերիկացիների կազմակերպած Վարդերի հեղափոխության արդյունքում: Եթե Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթի կառավարող «Վրացական երազանքը», եւ ԵՄ-ն երես թեքի Վրաստանից, չի բացառվում, որ Վրաստանը եւս գնա ԲՐԻԿՍ-ին միանալու ճանապարհով, որովհետեւ միայն երկրների մեծ դաշինքով է հնարավոր դիմադրել ամերիկյան համաշխարհային առաջնորդությանը:
Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում միանալ ԲՐԻԿՍ-ին, թեեւ առաջին հայացքից այդքան մեծ տնտեսական կախվածություն ունի ԵՄ-ից, իր նավթի ու գազի մեծ մասը վաճառվում է ԵՄ երկրներին: Տրամաբանությունը նույնն է. Ադրբեջանը ցույց է տալիս իր ինքնուրույնությունը եւ ինքնիշխանությունը, ուզում է ասել, որ ԱՄՆ-ն իրենց տերը չէ, եւ Ադրբեջանի իշխանություններն են որոշելու իրենց երկրի ապագան: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով իր իշխանությունը ստացել է ԱՄՆ-ի կողմից կազմակերպված գունավոր հեղաշրջման միջոցով եւ պարտավոր է կատարել ԱՄՆ-ից եկած ցանկացած հրահանգ, անկախ նրանից, թե դա որքան է տեղավորվում Հայաստանի շահերի տիրույթում, Ալիեւն իր իշխանությունը ժառանգել է հորից եւ ամերիկացիների առաջ որեւէ պարտավորություն չունի: Ալիեւն իրեն համարում է հաղթած պետության առաջնորդ, իսկ հաղթած պետության առաջնորդը չի կարող վասալային կախվածության մեջ լինել որեւէ այլ երկրից, իսկ ԲՐԻԿՍ-ին միանալու դեպքում ավելի կընդգծի իր քաղաքական անկախությունը: Ինչ վերաբերում է գազին ու նավթին, ապա Ալիեւը համոզված է, որ դրանից իր ապրանքի պահանջարկը եվրոպական երկրներում չի նվազի:
Հայաստանը հայտնվել է մի վիճակում, երբ շարժվում է իր անմիջական հարեւանների ու անմիջական շրջապատի եւ, ընդհանրապես, համաշխարհային տրամադրություններին հակառակ: Հայաստանին շրջապատող երկրները ձգտում են մեծացնել իրենց ինքնիշխանությունը, մերժում են ամերիկյան վասալ լինելու կարգավիճակը, ուզում են միանալ այն երկրների միավորումներին, որտեղ հարաբերությունները կառուցված են ոչ թե տիրոջ ու ծառայի, այլ փոխշահավետ գործընկերության հիմքի վրա, իսկ Հայաստանի իշխանությունը, նրա քաղաքական դասի հիմնական մասը համոզված են, որ միայն հնազանդ հպատակի կարգավիճակը մեզ կապահովի անվտանգություն եւ բարեկեցություն: Աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵՄ անդամ, հասկանում են, որ համաշխարհային առաջնորդն այլեւս նախկինը չէ, որ հիմա հնարավորություն կա վերագտնել սեփական անկախությունը, եւ դրան ուղղված քայլեր են անում, իսկ Հայաստանն ավելի ու ավելի է մեծացնում իր կախվածությունը տիրոջից՝ դառնալով իր հարեւանների թշնամին եւ շրջապատի համար խորթ ու մերժելի միավորում: Հայաստանի ապագան եւ գոյությունը կախված են նրանից, թե որքանով մենք կշարժվենք համաշխարհային զարգացումներին համընթաց:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ