Ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերում

Ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակոցներ է արձակում շփման գոտում գտնվող հայկական բնակավայրերի ուղղությամբ: Երկու ամսից ավելի է այդ կրակոցների տակ են ապրում Սյունիքի մարզի Խնածախ և Խոզնավար բնակավայրերի բնակիչները, կրակոցներ լսվում են նաև Տեղ գյուղում, իսկ ընդամենը երկու օր առաջ՝ մայիսի 13-ին, ինտենսիվ կրակոցներ էին հնչել նաեւ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ:
«Հրապարակը» որոշեց պարզել, թե ինչպիսին է իրավիճակը Գեղարքունիքի մարզի շփման գոտում գտնվող բնակավայրերում։ Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կրակոցներ չեն եղել, իսկ գյուղն ապրում է իր կայնքով: Մարդկանց մի մասը գյուղում ժամանակավոր է բնակվում․ «Գնում-գալիս են, անընդհատ տեղաշարժի մեջ են»:
Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի ղեկավար Վահրամ Ավագյանն էլ ասաց, որ գյուղացիներն ակտիվ գյուղանտնտեսական աշխատանքների մեջ են ներգրավված, իսկ տեղացող անձրևները միայն դրական սպասումներ են առաջացնում: «Գյուղի ուղղությամբ կրակոցներ բավականին ժամանակ չունենք՝ կոնկրետ գյուղի վրա տարուց ավելի կրակոց չենք ունեցել: Մի պահ գյուղացիներն ասում էին, որ կրակոցներ են լսվում, բայց գյուղի ուղղությամբ չեն եղել: Եթե դիրքերի ուղղությամբ եղել են՝ դա պետք է ՊՆ-ի հետ ճշտեք: Գյուղի ուղղությամբ կրակոց բացարձակ չի եղել, եթե չհաշվենք 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմն ու 2023 թվականի մայիսը, երբ մի երկու հատ գնդակ ընկավ գյուղ»,-ասաց Ավագյանը:
Գյուղից դուրս եկողներ երկու տարուց ավելի է չունեն, իսկ մեկ-երկու ընտանիք մինչեւ պատերազմն էին որոշել հեռանալ գյուղից: Փոխարենը գյուղում ավելացում կա այս տարի՝ ֆերմերներ են եկել, անասուններ են բերել, տուն են կառուցել: Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ ասաց, որ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված, սովորական իրենց առօրյայով ապրում են՝ առանց խուճապային տրամադրությունների: «Վերջին մեկ տարին գյուղից հեռացողներ չունենք: Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքից դուրս եկածների մեծամասնությունն արդեն վերականգնվել են ու աշխատում են, մյուսների ուղղությամբ էլ աշխատանք է տարվում, որ նրանք էլ վերականգնվեն»,-ասաց Խաչատրյանը: Մարդիկ մնում, աշխատում ու հող են մշակում իրենց ծննդավայրում այն մտայնությամբ, որ դա այն է, ինչ իրենք ունեն, որ իրենցից հետո եկող սերունդներն էլ են այդտեղ ապրելու, աշխատելու՝ շեշտում է Խաչատրյանը:
Կարծիքներ