ԿԸՀ-ն  երաշխավորու՞մ է

ԿԸՀ-ն  երաշխավորու՞մ է

«Համարենք օրենքի խախտու՞մ» հոդվածում մեջբերել էի ԱՀ Ընտրական օրենսգրքից, «Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ ընտրությունների ամփոփումը Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամների թեկնածուներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ( խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ» եւ վկայակոչել ֆեյսբուքի «Առաջաձորցիներ» խմբում ս.թ. փետրվարի 19-ի գրառումը, ըստ որի «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը մեկ միլիոն դրամ է նվիրել Առաջաձորում զոհված ազատամարտիկների հուշարձանի կառուցմանը: Դիմել էի ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանին, թե կատարվածը կարո՞ղ ենք համարել օրենքի խախտում:

Ակնկալում էի, որ տիկին Արզումանյանը հանդես կգա պարզաբանմամբ, եւ թեման կփակվի: Ինձ համար անսպասելի էր, որ դատախազությունն այդ հրապարակումն ընդունել է որպես «հաղորդում հանցագործության մասին» եւ  ահա դատախազության պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում եմ, որ քննիչը, հիմք ընդունելով քրեական դատավարության օրենսգրքի հոդված 35-ի 1-ին մասի 1-ին կետը, որոշել է քրեական գործի հարուցումը մերժել:

Կրկնեմ, ես դատախազությանը չեմ դիմել փաստի առթիվ քրեական գործ հարուցելու խնդրանքով, բայց եթե գործը հասել է դրան, ապա կարդում եմ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածի նշված բաժինը. «Քերական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման՝ եթե բացակայում է հանցագործության դեպքը»: 

Ստացվում է ի՞նչ: Այս անգամ արդեն  ուշադրություն եմ հրավիրում փաստի վրա՝  գումարը նվիրաբերվել է, կանխիկ գտնվում է «Միասնական հայրենիք» կուսակցության նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածուի  հորեղբոր որդու  մոտ: ԿԸՀ-ն կարո՞ղ է երաշխավորել, որ այն որպես ընտրակաշառք չի բաժանվելու սոցիալապես խոցելի անձանց, եւ տվյալ համայնքում տեղի չի ունենալու ընտրակեղծարարություն: