ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ Վարդան Ղուկասյանը ձախողվի

ՔՊ-ն ամեն ինչ անելու է, որ Վարդան Ղուկասյանը ձախողվի

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ինչի առիթով նրան եւ բոլոր ոչ նիկոլապաշտ քաղաքացիներին կարելի է շնորհավորել: Ստանձնելով պաշտոնը՝ Ղուկասյանը մտավ ծանր պատասխանատվության տակ, քանի որ նրա կառավարումից է կախված, թե ինչ հետեւություններ կանեն ՀՀ քաղաքացիները՝ ընդդիմության միավորման արդյունքում ձեւավորված կառավարման արդյունավետության մասին: Նիկոլ Փաշինյանը չկարողացավ իր դրածոյին նշանակել քաղաքապետ, հիմա նա փորձելու է ամեն ինչ անել, որ վարկաբեկի ոչ միայն Վարդան Ղուկասյանին, այլեւ ընդհանրապես կոալիցիոն կառավարման գաղափարը, հասարակությանը ցույց տա՝ տեսեք, թե ինչ եղավ Գյումրիում, երբ տարբեր ընդդիմադիր ուժեր հանուն իշխանությունը ՔՊ-ից վերցնելու միավորվեցին, իսկ արդյունքը եղան անմիաբանությունը, քաղաքային կառավարման ձախողումը: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, որ արդեն 7 տարի ձախողել են Հայաստանի կառավարումը, փորձելու են այնպես անել, որ Վարդան Ղուկասյանն առնվազն ոչնչով չտարբերվի իրենցից, Գյումրին չառանձնանա մյուս համայնքներից: 

Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Սարիկ Մինասյանը քաղաքապետի ընտրություններից ընդամենը 2 ժամ առաջ հանդես է եկել հետընտրական ծրագրով. «Ստեղծված իրավիճակում Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է», ավելացնելով, որ հանուն Գյումրու եւ գյումրեցու պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների: Նոր եւ արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ, եթե հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՔՊ-ին ինչ-որ հրաշքով հաջողվի վերարտադրվել: Իսկ մինչ այդ ՔՊ-ն պետք է ամեն ինչ անի, որ Վարդան Ղուկասյանը՝ որպես Գյումրու քաղաքապետ, ձախողվի: Դա պետք է ոչ թե հանուն Գյումրու, կամ հանուն Հայաստանի, այլ հանուն ՔՊ-ի: Եթե Փաշինյանին, Սարիկ Մինասյանին, մյուս ՔՊ-ականներին հաջողվի հասնել նրան, որ Վարդան Ղուկասյանը ձախողվի, ապա ՔՊ-ն վերարտադրվելու հնարավորություն կստանա:
Եթե ՔՊ-ի համար Վարդան Ղուկասյանի ձախողումն օրախնդիր պահանջ է, ապա ընդդիմությունը, ընդհակառակը՝ պետք է ամեն ինչ անի, որ Վարդան Ղուկասյանն իրեն դրսեւորի որպես հաջողված քաղաքապետ: Դատելով Վարդան Ղուկասյանի հայտարարությունից՝ նա գիտակցում է, թե ինչպիսի պատասխանատվության տակ է ինքը մտել, որը տարածվում է ոչ միայն Գյումրու, այլ ամբողջ Հայաստանի վրա: «Երբեք չեք ամաչի ինձ համար»,- քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո դիմելով Գյումրու ավագանու անդամներին եւ գյումրեցիներին՝ ասել է Վարդան Ղուկասյանը: Ղուկասյանը պետք է այնպես անի, որ ոչ միայն իր համար չամաչեն, այլեւ չամաչեն իրեն ձայն տալու, իրեն քաղաքապետ ընտրելու համար:

Ինչպե՞ս կարող է Վարդան Ղուկասյանը ձախողվել կամ հաջողել, որո՞նք են լինելու դրա դրսեւորումները: Վարդան Ղուկասյանը քաղաքապետ է ընտրվել չորս խմբակցությունների ավագանիների աջակցության շնորհիվ: Այդ աջակցությունը չպետք է լինի մեկանգամյա. քաղաքապետին որոշումներ կայացնելու համար պետք է լինելու ավագանիների շարունակական աջակցությունը: ՔՊ-ն փորձելու է այնպես անել, որ քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շուրջ որոշումներ կայացնելու հետ կապված ավագանու տարբեր խմբակցություններ տարաձայնություններ ունենան քաղաքապետի հետ եւ իրենց քվեարկությամբ չաջակցեն որոշումների կայացմանը: Սա հնարավորություն կտա ՔՊ-ականներին՝ ասել. «Տեսա՞ք, բա որ ասում էինք, որ սրանց Գյումրու եւ գյումրեցու շահը չի հետաքրքրում, սրանք Կռիլովի «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» առակի հերոսների նման փորձում են ամեն մեկն իր անձնական ու խմբային շահով առաջնորդվել»: Չձախողվելու առաջին նախապայմանը չորս խմբակցությունների համերաշխությունը պահպանելն ու ամրապնդելն է, եւ դրանում ամենակարեւոր դերը պատկանում է քաղաքապետին:
Չձախողվելու համար պետք է, որ Վարդան Ղուկասյանն իր կառավարման արդեն առաջին շաբաթների եւ ամիսների ընթացքում ցույց տա, որ ՔՊ-ից ազատագրված Գյումրին գնում է զարգացման ճանապարհով: Ղուկասյանը պետք է կարողանա սկսել այնպիսի ծրագրերի իրականացում, որ Գյումրու օրինակով մարդիկ տեսնեն, որ ՔՊ-ից ազատագրված Հայաստանն ապրելու եւ զարգանալու հեռանկար ունի: Այս հարցում հատկապես մեծ է Հայաստանից դուրս ապրող գործարարների դերը, ովքեր չեն գտնվում փաշինյանական թելադրանքի տակ: Նրանք պետք է ներդրումներ անեն Գյումրիում, քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնեն: Ղուկասյանը նախընտրական շրջանում խոսել է մի քանի ծրագրերի իրականացման մասին, պետք է այնպես անել, որ դրանք չլինեն միայն խոսքեր, այլ վերածվեն կոնկրետ գործողությունների: 

Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայության համար պետք է հստակ լինի, որ հիմա դրված է Հայաստանի գոյության կամ ոչնչացման հարցը: Նիկոլ Փաշինյանը երեկ արդեն բացահայտ հայտարարեց, որ մտադիր է հանրաքվեի դնել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը եւ Անկախության հռչակագրի չեղարկման հարցը: Սահմանադրության փոփոխությունն ընդամենը պատրվակ է, իրական նպատակն Անկախության հռչակագրից հրաժարվելն է: Փաշինյանը եւ նրա թիմը բռնել են Հայաստանի թուրքահպատակեցման քաղաքական կուրս: Վարդան Ղուկասյանը հրապարակայնորեն է հայտարարել, որ դեմ է թուրքահպատակ իշխանություններին եւ Հայաստանի թրքահպատակեցմանը: Պետք է ամեն ինչ անել, որ Գյումրու օրինակով ամբողջ Հայաստանն ազատագրվի թուրքական հպատակությունից եւ Հայաստանը դրան տանող անձանցից: