Ոչ մի խնդիր դեռ չենք ունեցել Ռուսաստանում, Վրաստանում առավել ևս չենք ունեցել. «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն

Ոչ մի խնդիր դեռ չենք ունեցել Ռուսաստանում, Վրաստանում առավել ևս չենք ունեցել. «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն

«Ապավեն» բեռնափոխադրող ընկերությունն աշխարհի տարբեր անկյուններում բեռնափոխադրմամբ է զբաղվում՝ Ռուսաստան, տարածաշրջանային երկրներ, եվրոպական երկրներ, աշխարհի մոտ 90 երկիր։ Սակայն պատերազմական իրավիճակն այդքան էլ չի խանգարել ընկերության գործունեությանը։

Ընկերության  գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խնդիր ընդհանրապես չկա, բնականոն աշխատանքին պրոցես է, ըստ էության, բան չի փոխվել, ամեն ինչ իր հունով ընթանում է։

Բացի այդ, Արցախում սկսած պատերազմով պայմանավորված ընկերությունը բավականին լուրջ քանակի ավտոտրանսպորտային միջոցներ է հատկացնում և տարբեր տեսակի մատակարարումներ է  ապահովում Արցախի համար։

Աղաջանյանը նշեց, որ արտահանելու և ներմուծելու  հարցում խնդիր չեն ունենում, իսկ ընկերության հիմնական ուղղությունը Վրաստանով է. «Վրաստանով դեպի նավահանգիստներ և հետո ամբողջ աշխարհ, որևիցե սահմանափակում այն բեռների նկատմամբ, որոնք մենք ենք տեղափոխում, չկա, ո՛չ ներկրման, ո՛չ էլ արտահանման տեսանկյունից»։

Բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրենի խոսքերով՝ հակամարտությամբ պայմանավորված  բարդություններ էին կանխատեսում, սակայն խնդիրներ չեն եղել. «Համեմատաբար ամենամեծ բարդությունը մեքենաների փոխադրումների շուկայում տեղի ունեցավ։ Ենթադրենք, ֆրանսիական ավտոփոխադրող ձեռնարկությունը ավտոմեքենա պետք է բարձի, և դա գա Հայաստան, պարզապես չի գալիս։ Կամ այլ եվրոպական երկրներ մի քիչ վտանգավոր են համարում։ Բայց այն կազմակերպությունները, որոնք երկար տարիների փորձ ունեն, օրինակ՝ չեխ գործընկերներ ունենք, ինչպես աշխատել են, այնպես էլ աշխատում են։ Քանի որ իրենց բեռների քանակները բավականին լուրջ են, հետեւում են մեզ մոտ տեղի ունեցող իրադարձություններին, համարում են, որ Երևան գնալն անվտանգ է, և սահմանափակումներ չեն դնում։ Իսկ որոշ եվրոպական ավտոընկերություններ, որոնք որ չնչին քանակով են աշխատում, մի քիչ անհանգստացած են այստեղ տեղի ունեցող իրավիճակից և պարզապես չեն գալիս։ Սակայն դա, իհարկե, լրացվում է այլ փոխադրողներով, այսինքն՝ երրորդ երկրների կազմակերպություններով, և ամեն դեպքում գործը չի տուժում»։

-Ռուսաստանում թուրք, ադրբեջանցի, իսլամադավան ժողովուրդների հետ խնդիրներ ունենո՞ւմ եք, այդ թվում՝ Վրաստանում։

-Ո՛չ, ո՛չ, բացարձակ, ոչ մի խնդիր դեռ չենք ունեցել Ռուսաստանում, Վրաստանում առավել ևս չենք ունեցել։ Տվյալ դեպքում, եթե ես որպես «Ապավեն»-ի 27 տարվա հիմնադիր տնօրեն ասեմ, Վրաստանն ինձ համար նույնքան տուն է, որքան որ՝ Հայաստանը։ Ես այնտեղ ծնվել եմ, մեծացել եմ, դպրոց եմ ավարտել, ունեմ ընկերներ, շրջապատ, հարազատներ և մշտական կապի մեջ եմ։ Այնտեղ մեր կազմակերպությունը, այսպես ասեմ, պետության, իշխանության, հա՞, գործընկերների, ինչու չէ, նաև մրցակիցների կողմից ավելի շատ դիտվում է որպես տեղական կազմակերպություն, չնայած նրան, որ եկել է Հայաստանից։ «Ապավենն» այն կազմակերպությունն է, որ իր դիրքն ամուր է ինպես Հայաստանում, այնպես էլ՝ Վրաստանում, դրա համար մենք Վրաստանում մեզ զգում ենք ինչպես «ձուկը ջրում»։

Աղաջանյանն ասաց, որ որոշել են Թուրքիայի հետ աշխատանքները, որքան հնարավոր է, սահմանափակել և ընդհանրապես դադարեցնել, Ադրբեջանի հետ չեն աշխատում։

«Ապավեն» ընկերությունն ինքնաթիռներով փոխադրում չի իրականացնում, քանի որ հարյուր հազարավոր տոննաների բեռներ են փոխադրում։ Հարցին, թե հիմնականում ի՞նչ ապրանքներ են փոխադրում, պատասխանեց. «Մտե՛ք սուպերմարկետ և տեսե՛ք Հայաստանի տնտեսությունը, ինչ ունի Հայաստանն արտահանելու և ներմուծելու։ Գյուղմթերքով չենք զբաղվում, գյուղմթերքով այլ զբաղվողներ կան։ Մենք նկատի ունենք ոչ գյուղատնտեսական մթերքները, մնացած ամեն ինչը տեղափոխվում են, ամեն ինչը։ Գրեթե ամեն ինչ՝ սկսած կահույքից վերջացրած շոկոլադով, նրբերշիկով, մոլիբդենով, պղնձի խտանյութով, կոնյակով, պահածոներով, ալյումինով, ո՞ր մեկը ասեմ»։