Առաջարկությունների փաթեթը Հայաստանն ուղիղ փոխանցել է Ադրբեջանին

Առաջարկությունների փաթեթը Հայաստանն ուղիղ փոխանցել է Ադրբեջանին

Իրականում առաջարկները, որի մասին այդքան խոսվում է, մենք փոխանցել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, ենթադրում եմ, որ ռուսական կողմն էլ Ադրբեջանին է փոխանցել, բայց մենք էլ նաեւ ուղիղ Ադրբեջանին ենք փոխանցել դրանք, ու այն, որ այդպիսի առաջարկներ լինելու են, այդ մասին Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելի հանդիպման ժամանակ։ Այս մասին քիչ առաջ առցանց ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրանք՝ այդ առաջարկները, ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ այն մասին են, որ Բրյուսելում կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու վեարբերյալ եւ գործը տանել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորմանը։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին դեռ մայիսին ենք խոսել,հայելային հետքաշման մասին է խոսքը։ Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին մեր ռուսաստանցի, ադրբեջանցի եւ միջազգային գործընկերներին մենք տեղյակ ենք պահել։ Հայաստանում այդ թեմայի հետ կապված անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում ու բովանդակության մանրամասները չիմանալով, առնվազն ճիշտ չէ մեկնաբանություններ անել։ Այնպիսի տպավորություն է, թե ըստ այդ առաջարկների՝ մենք առաջարկում ենք սահմաններն առանց պահպանության թողնել, բայց, բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող,մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության ու կայունության մակարդակը բարձրացնելուն, կրկնում եմ։Մեր եւ միջազգային գործընկերների ընկալմամբ՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան հնարավոր չեն, երբ սահմանին կայունություն չունենք, եւ սա նաեւ պայմանավորվածությամբ գրավոր փաստաթղթի տեսքով արձանագրել ենք Սոչիում։ Ադրբեջանի կողմից հրապարակային արձագանք կա ու կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանը, ըստ էության, հենց այդ առաջարկների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է առանց նախապայմանների տեղի ունենան»,- ասաց նա։