Մարտն ու մարդը

Մարտն ու մարդը

Հայաստանի իշխանությունների գործողությունների մեջ իմաստ, տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է: Նախ, որովհետեւ նրանք իրենց մտադրություններն ու կարծիքը փոխում են ավելի հաճախ, քան գարնանը եղանակն է փոխվում: Եվ եթե գոնե եղանակային փոփոխություններն օդերեւութաբաններն ինչ-որ սկզբունքով կարող են կանխատեսել` ցիկլոնների եւ տաք հոսանքների շարժին հետեւելով, ապա ՔՊ-ականների տրամադրությունների ու մտադրությունների փոփոխությունները որեւէ տրամաբանության ու կանոնի չեն ենթարկվում: Ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ դրանց փոփոխության վրա ազդում են չափազանց աննշան, սուբյեկտիվ գործոններ ու վախեր, որոնք միանգամայն անկառավարելի են դարձնում այսօր իշխանության ղեկի մոտ գտնվողներին:

Հենց դրանով է բացատրվում այն, որ մենք մի օր կտրուկ եւ համարձակ հայտարարություններ ենք անում ռուսների դեմ` նրանց Հայաստանից դուրս հրավիրելով, հաջորդ օրը մի քանի քայլ հետ ենք նահանջում եւ ռուսամետ հայտարարություններ անում: Երրորդ օրը մեկնում ենք Եվրոպա, հետո` Եվրոպային թշնամի որեւէ պետություն, եւ այսպես շարունակ: Բայց ամենաողբալին իշխանության երկրորդ էշելոնի վիճակն է, որն անմիջականորեն չի տիրապետում բավարար տեղեկատվության եւ ստիպված է խարխափել անորոշության մեջ` ինչ ասի, ինչպես իրեն պահի: Ռուսներին մի երկու քաղցր խո՞սք ասի, եվրոպացիներին քծնի՞, պահանջի, որ ռուս սահմանապահները հեռանա՞ն, թե՞ եվրադիտորդների անիմաստության մասին խոսի: Նրանք նաեւ գիտեն, որ մանավանդ լրատվամիջոցների հետ խոսելիս պետք է օձի խելք եւ նապաստակի զգուշություն դրսեւորեն` մի անզգույշ խոսք, եւ ամենաբարձր մակարդակից կարող են շառաչուն ապտակ ստանալ: Եվ այսպես անդունդի եզրով քայլում են, մինչեւ տեսնեն, թե դեպի ուր է տանում երկիրը Փաշինյանը: