Ռուս հանրության մեջ մեծացել է անորոշությունը 

Ռուս հանրության մեջ մեծացել է անորոշությունը 

Ռուսաստանում վերջերս անցկացված սոցհարցումներից մեկի համաձայն, այդ երկրի հասարակության մեջ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, մեծացել է ընդհանուր անորոշությունը՝ կապված ինչպես իրենց ապագայի, այնպես էլ երկրի ապագայի եւ հեռանկարների հետ։ Մարդիկ պարզապես չունեն պատկերացում, թե ինչ է լինելու հետո, ասենք՝ վաղը։ Անորոշության ընդհանուր ֆոնին արտահայտվում են տարատեսակ կարծիքներ։ 
Ոմանք նշում են, որ ամեն ինչ կվերջանա միջուկային պատերազմով, կամ եթե Ռուսաստանն իրեն գոհացնող արդյունքներով չավարտի պատերազմը, ապա այն պարզապես կկազմաքանդվի։ Ոմանք էլ պնդում են, որ լիովին ձեռնտու կլինի ներկայիս իրավիճակում պատերազմը «սառեցնելը։ 

Սակայն, անկախ այն հանգամանքից, թե ինչ կլինի հետո, առաջիկա 3-5 տարին նրանց համար կատարյալ մշուշապատ է եւ անհասկանալի։ Հարցախույզի մասնակիցները նաեւ նշել են, որ Ռուսաստանում ամեն դեպքում հարկ է պահել գաղափարական բազմազանությունն ու որոշակի բազմակարծության ապահովում է պետք ունենալ, իսկ որպես ռուսական քաղաքակրթության անքակտելի բաղադրիչ հանդիսացող արժեքներ ներկայացրել են միասնականությունը, բարությունը, կարեկցանքը, փոխօգնությունը, արդարությունը, հայրենասիրությունը։ 

Բավական հետաքրքրական է եղել ռուսների մոտեցումները հատկապես հայրենասիրական դաստիարակության վերաբերյալ։ Հիմնականում միջին տարիքի անձինք կարծում են, որ հայրենասիրական դաստիարակությունը մատաղ սերնդի հետ պարտադիր պետք է իրականացվի, սակայն հայրենասիրությունը միայն ռազմահայրենասիրական դաստիարակությունը չէ։ Հայրենասիրություն կարելի է դաստիարակել նաեւ էկոլոգիական, կամավորական եւ նմանատիպ այլ շարժումների ձեւավորման եւ զարգացման միջոցով։ Ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները կողմ են արտահայտվել, որ դպրոցներում վերականգնվի նախնական ռազմական պատրաստականության դասընթացը՝ որպես ռազմահայրենասիրական դաստիարակության բաղադրիչ։ Երիտասարդությունն այս առումով հստակ պատկերացումներ չի արտահայտել։ 

Բավականին ուշագրավ են Մայիսի 9-ի տոնակատարության նպատակահարմարության առնչությամբ արտահայտված կարծիքները։ Ռուսների մի մասն այն համարել է հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական դաստիարակության կարեւոր հանգրվան՝ իր բաղադրիչներով հանդերձ, մյուս մասը կարծում է, որ տոնակատարությունը կարեւոր է, իհարկե, սակայն շատ ավելի՝ որպես հիշատակի օր։ Հենց այդպես էլ ընկալվում է նաեւ «Անմահների գնդի» երթերի անցկացումը Մայիսի 9-ին։