Զինվորականները պետք է գան հրապարակ եւ կոչ անեն…

Զինվորականները պետք է գան հրապարակ եւ կոչ անեն…

44-օրյա աղետալի պատերազմը Փաշինյանի համար «լավ» առիթ էր՝ քանդելու հայկական բանակը, վարկաբեկելու ու հասարակությունից օտարելու զինվորականներին: «Բոլորը մեղավոր են, բացի ինձնից» տրամաբանությամբ, Փաշինյանը պարտության մեղքը բարդեց իրեն չսիրողների, նախկինների, ՌԴ-ի, չպայթած իսկանդերի, ՀԱՊԿ-ի, շարքային քաղաքացիների դեմ: Իսկ պարտության ամենամեծ մեղքը դրեց բանակի ու զինվորականների ուսերին: Գործեր հարուցվեցին պաշտպանության նախարարի ու բանակի հրամանատարներից շատերի վրա: Օդում կախված շատ հարցականներ կան 44-օրյա պատերազմի պարտության հետ կապված: Իսկ 18-20 տարեկան զինվորների, պայմանագրային զինվորականների սպանդը հասարակության ամենացավոտ հարցերից մեկն է: Այս հարցերի շուրջ պետք է տարվի արդար ու անաչառ հետաքննություն: Իսկ դրա համար պետք է առաջին հերթին հեռացվեն այս իշխանությունները: 

Զինվորականներն այլեւս չպետք է լռեն, նրանք պետք է խոսեն, պետք է բարձրաձայնեն ամեն ինչի մասին: Սա այն դեպքը չէ, որ ասենք՝ «զինվորական չզբաղվել պոլիտիկա»: Այստեղ նախ հայրենիքի, երկրի ու նրա ապագայի հարցն է, հետո՝ հենց իրենց՝ զինվորականների: Պետք է խոսեն այն զինվորականները, ովքեր եղել են մարտական գործողությունների անմիջական մասնակիցը, պատերազմական իրադարձությունների կիզակետում եւ ամեն ինչ գիտեն: Պատերազմից հետո խոսեց միայն Մովսես Հակոբյանը, մասամբ` Օնիկ Գասպարյանը: Հակոբյանի բացահայտումները բավականին լույս սփռեցին պատերազմի մութ կողմերի վրա: Բայց դա բավարար չէ: 

Այնպես, ինչպես խոսեցին ԱԱԾ պահեստազորի սպաները, ԱԱԾ-ականները, սկսել են խոսել ԱԳՆ դիվանագետները, պետք է խոսեն նաեւ զինվորականները: Օրերս ՔԿ-ն հայտարարեց, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության անգործությունը, որը դրսեւորվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում: Հաղորդագրության մեջ գրված է. «Նրա գործողությունների հետեւանքով շրջափակման մեջ հայտնված Ա. Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաեւ ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է»: Անդրանիկ Մակարյանին այս հոդվածով սպառնում է ազատազրկում 7-13 տարի ժամկետով: 

Հաղորդագրությունը կարդալիս առաջին հերթին ցանկություն է առաջանում տեղում հաշվեհարդար տեսնել այդքան զոհերի պատճառ դարձած մարդու հետ: Բայց Մակարյանին ճանաչողները չեն կարող հավատալ դրան: Ըստ որոշ աղբյուրների, Մակարյանը նեղ միջավայրում ասել է, որ ամեն քայլը կատարել է վերադասի հրամաններով: Թե կոնկրետ ո՛ր վերադասի, հայտնի չէ: Այս անորոշությունը կարող է փարատել միայն ինքը՝ Մակարյանը, եւ, առհասարակ, այն զինվորականները, ովքեր անցնում են նմանատիպ գործերով: Նրանք վերջապես պետք է դուրս գան հրապարակ ու խոսեն, պետք է հասարակությանը ներկայացնեն ողջ ճշմարտությունը,  հրապարակավ ջրի երես հանեն իսկական դավաճաններին:

Մակարյանը պատահական մարդ չէ բանակում, նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, անգամ չէր միացել Փաշինյանի հրաժարականը պահանջող հրամանատարներին, ողջ կյանքը նվիրել է բանակին եւ, ի տարբերություն մյուս գեներալների ու հրամանատարների, բանակի թալանին չի մասնակցել, ապրում է բավականին համեստ ու զուսպ կյանքով: Նրան ճանաչողների համար նրա խոսքը համոզիչ կլինի: Այո՛, Մակարյանը եւ մյուս զինվորականներն այս ճակատագրական, օրհասական պահին պետք է դուրս գան եւ հրապարակում ասեն ողջ ճշմարտությունը: Կոչ անեն իրենց գործընկերներին, բանակում մնացած մյուս զինվորականներին՝ կանգնել ժողովրդի ու հայրենիքի կողքին: Հակառակ դեպքում այս զինվորականները ոչ միան կդառնան քավության նոխազներ, այլեւ շուտով կկանգնեն Ալիեւի առաջ եւ կպատասխանեն առաջին պատերազմում կատարած իրենց գործողություններին վերաբերող հարցերին:… Հայտնի է, որ Ալիեւը վաղուց է ուզում ստանալ նրանց անուններն ու տվյալները: Իսկ գաղտնիք չէ, որ Փաշինյանը կատարում է Ալիեւի բոլոր ցանկությունները: