Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր Աֆղանստանի պատերազմի մասին

Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր Աֆղանստանի պատերազմի մասին

The Washington Post (WP) պարբերականը հրապարակել է գաղտնի փաստաթղթեր եւ հարցազրույցներ Աֆղանստանի պատերազմի եւ այդ պատերազմին մասնակցած սպաների հետ։ Ըստ ամերիկյան պարբերականի, հրապարակված տվյալները վկայում են այն մասին, որ ամերիկյան կառավարությունը թաքցրել է իր քաղաքացիներից այդ պատերազմի մասին իրականությունը։

«The Washington Post-ի տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ամերիկացի պաշտոնյաները 18 տարի ստել են, մինչ ընթանում էր Աֆղանստանի ռազմարշավը, փորձելով ամեն ինչ ներկայացնել դրական լույսով, մինչդեռ իրականությունն այն է, որ այդ պատերազմում անհնար է հաղթել»,- ասված է հրապարակման մեջ։

Գաղտնի փաստաթղթերը ավելի քան երկու հազար էջ են։ Դրանք նախկինում չհրապարակված հարցազրույցներ են այն մարդկանց հետ, ովքեր անմիջական դերակատարություն են ունեցել պատերազմում՝ գեներալներ, դիվանագետներ, բուժաշխատողներ, աֆղանստանցի պաշտոնյաներ։

Նշենք, որ պարբերականը այդ փաստաթղթերը հրապարակելու իրավունք ստացել է տեղեկատվության օրենքի պահանջներին համապատասխան՝ երեք տարի շարունակ դատարանում վիճարկելով հրապարակելու իրավունքը։