Լեզվաբանական կրքեր եւ նոր շրջադարձ Բրյուսովի անվան համալսարանում

Լեզվաբանական կրքեր եւ նոր շրջադարձ Բրյուսովի անվան համալսարանում

Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում ձեւավորվեց ժամանակավոր՝ 3 հոգանոց խորհուրդ, հետեւյալ կազմով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթեւոսյան։

Պարզվում է՝ 3 հոգանոց ժամանակավոր խորհուրդը նախօրեին՝ արագ կարգով, իր առաջին նիստն է գումարել, նախ՝ Ժաննա Անդրեասյանին ընտրելով խորհրդի նախագահ, ապա՝ Դավիթ Գյուրջինյանին նշանակելով ռեկտորի պաշտոնակատար։ Ժամանակավոր խորհրդի այս որոշումը ոչ միայն դարձյալ շիկացրեց մթնոլորտը համալսարանում, այլեւ ուսանողներին, բուհի պրոֆեսորադասախոսական կազմին հավաքեց բուհի դահլիճում՝ քննարկելու իրենց անելիքներն ու ստեղծված իրավիճակը, որն էլ ավելի լարվեց, երբ պարզվեց, որ «Բրյուսով» ոստիկաններ են եկել՝ հենց համալսարանի աշխատակիցներից մեկի զանգով։   

Դահլիճում հավաքված բրյուսովցիները հերթով իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունը հայտնեցին լիազոր մարմնի քայլերի նկատմամբ։ ԱԺ նախկին նախագահ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքականության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանն իր խոսքում արձանագրեց, որ մի քանի ամիս անց նորից կանգնած են նույն իրավիճակում, որտեղ խնդրո առարկա է համալսարանի նկատմամբ լիազոր մարմնի վերաբերմունքը․ «Ամիսներ առաջ չլսելով համալսարանին, անգամ տեղյակ չպահելով համալսարանին՝ փորձ էր արվում համալսարանի ճակատագիր որոշել, այսօր արդեն ամեն ինչ արվում է շատ ավելի վատ ձեւերով։ Չի կարելի ոտնահարել 5 հազար մարդու իրավունքները, չի կարելի համալսարանի հետ վարվել այնպես, կարծես վարվում ես մի չօգտագործվող պահեստի հետ։ Սա պահեստ չէ, որ երբ ուզեն, բացեն, ու երբ ուզեն, փակեն։ Հարցերը, որոնք առաջացել են, ունեն թե՛ բարոյական, թե՛ իրավական բնույթ։ Բարոյական՝ այն առումով, որ իսկապես ոտնահարվել են ուսանողների ու դասախոսների իրավունքները։ Լիազոր մարմինը ոչ միայն չի կատարել իր պարտականությունները, այլեւ գերազանցել է դրանք եւ նշանակել է այն, ինչ կա, էլի որեւէ մեկին համալսարանից տեղյակ չպահելով։ Ես որեւէ մեկի անունը չտվեցի, որովհետեւ այստեղ անձի խնդիր գոյություն չունի, խնդիրը համալսարանն է։ Ցավոք, պետք է արձանագրել, որ մենք գործ ունենք պարզունակ վրեժխնդրության հետ։ Մոտավորապես այսպես՝ մենք ուզում էինք՝ այսինչ մարդն ընտրվի, բայց դուք ուրիշ մարդու ընտրեցիք, դե, այ, հիմա կտեսնեք, թե մենք ինչ ենք անելու։ Սա ցավալի բան է, եւ այս հապշտապ, գաղտագողի եւ հակաօրինական քայլն ուղղված է նաեւ համալսարանի կրթական գործընթացի խաթարմանը»։

Տ․ Թորոսյանը նշեց, որ իրենք պատրաստ են լիազոր մարմնի ներկայացուցիչների հետ քննարկել ցանկացած հարց․ «Լիազոր մարմնի ներկայացուցիչները պետք է գան եւ մարդկանց բացատրեն, թե ինչ են անում եւ ինչի համար։ Այսօր մենք արդեն ունենք լուրջ խնդիր, դա մեր համալսարանի անվտանգությունն է, որովհետեւ նման ուժային եւ կոպիտ մեթոդներով համալսարանի դեմ քայլեր անելը շատ է հիշեցնում որոշ գործընթացներ, որ մենք տեսնում ենք մեր երկրի դեմ։ Սա ցավալի է, առավել եւս, երբ ընդամենը երեկ հայտարարվում էր, որ կա էսկալացիայի մեծ վտանգ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի սահմաններին»։

Ռեկտորի պարտականությունները կատարող պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն էլ առաջարկեց հենց այսօր համալսարան հրավիրել հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի 3 ներկայացուցիչներին․ «Թող գան ներկայացնեն՝ ինչու են այս որոշմանը գնացել, ու տան իրավական հիմնավորում»։ Ապա դիմելով ուսանողներին՝ նշեց, որ իրենք են որոշելու, իսկ ինքը կանգնած է լինելու նրանց ցանկացած որոշման կողքին․ «Կանգնած եմ լինելու նաեւ կոլեկտիվի որոշման կողքին։ Բնականաբար, մենք այս որոշումը բողոքարկելու ենք նաեւ դատարանում։ Իսկ ես ամբողջ օրը մնալու եմ այստեղ, մեկը փորձի՝ լինի ոստիկան կամ աշխատակից, գա ձեզ մի բան ասի, միանգամից զանգում եք ինձ»։      

Ըստ Ց․ Ակոպյանի, Ժամանակավոր խորհուրդը Դավիթ Գյուրջինյանին նշանակել է ռեկտորի ԺՊ, դրանով հակասելով բարձրագույն կրթության եւ հիմնադրամների մասին օրենքներին։ «Անգամ իրենց փոխած կանոնադրությանը, որի մեջ գրել էին, որ ռեկտորի բացակայության դեպքում ռեկտորի պարտականությունները կատարում է ամենաերկար ստաժով պրոռեկտորը՝ մինչեւ նոր մրցույթի անցկացումը, այսինքն՝ իրենք հակասել են հենց իրենց իսկ գրած, իրենց կառավարության կողմից հաստատված որոշմանը,- ասոմ է Ակոպյանն ու նկատում՝ առավոտյան ստացած գրության մեջ իրենց առաջարկել են գիտխորհրդի նիստ հրավիրել, որպեսզի բերեն եւ ներկայացնեն նոր ԺՊ-ին։ Բայց մոռանում են, որ դա էլ ընթացակարգ ունի, եւ գիտական խորհրդի նիստը գոնե 5 օր առաջ պետք է ծանուցվի։ Մենք չենք պատրաստվում այսօր նիստ հրավիրել, եթե ուզում են, թող բերեն ու ներկայացնեն իրենց ապօրինի որոշման հիմքերը։ Այսինքն՝ ժամանակավոր խորհրդին հետաքրքրիր չէ, որ բուհի բյուջեն հաստատված չէ, ռեկտորի հաշվետվությունը չեն լսել, աշխատակիցներն աշխատավարձ են ուզում, ոչ մի բան իրենց հետաքրքիր չէ, միայն իրենց չընտրված ռեկտորին բերեն կարգեն ռեկտոր։ Ի դեպ, ես ցավում եմ նաեւ իր համար, ով, որպես լեզվաբան, մտավորական՝ այս իշխանության ձեռքին դարձավ գործիք եւ իր ամբողջ ներդրումը, վաստակը սրանով կարծես ջուրն է գցում»։

Ինչպես իր խոսքում նկատում է Ակոպյանը, այս ընթացքում իրեն փորձել են վարկաբեկել, որ իբրեւ թե ուզում է դառնալ ռեկտոր, բայց․ «Կոլեկտիվը ոնց որոշեց, ես այնպես էլ անելու եմ, ես իմ վերջնական որոշումը կայացնելու եմ միայն այն ժամանակ, երբ այստեղ կունենանք օրինական ճանապարհով ընտրված ռեկտոր, այդ ժամանակ բոլորի ներկայությամբ դիմում եմ գրելու ու առհավետ գնամ, բայց դա՝ միայն այն դեպքում, երբ կունենանք օրինական ընտրված ռեկտոր։ Բայց այսօր իրենք 3 հոգով որոշում են բուհի ճակատագիրը եւ ամեն ինչի վրա թքած ունեն, լավ չի մնացել բուհը՝ կպատժենք, ռեկտորն իրենց դեմ միտինգ է արել՝ կպատժենք, կբերենք այն մարդուն, ում ուզում ենք, կապ չունի՝ կոլեկտիվն ուզում է, թե ոչ։ Պետք է մի անգամ այս մարդկանց ձեռքը բռնե՞նք, թե՞ ոչ։ Մի անգամ պե՞տք է մի կոլեկտիվ ոտքի կանգնի ու չթողնի, որ սրանց ցանկացածը լինի, եթե ուզում են սա վերածեն անձերի պայքարի, չի լինի, սա արդարության, իրավունքի համար կռիվ է»։

ԿԳՄՍ նախարարությունն ավելի ուշ տեղեկացրեց, որ, ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» օրենքով, ժամանակավոր խորհրդի որոշմամբ մարտի 15-ին բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու հիմնադրի կողմից ռեկտորի ընտրության արդյունքների հաստատումը։
«Միաժամանակ հաշվի առնելով միտումնավոր տարածվող ապատեղեկատվությունը եւ խնդրի հետ կապված հնարավոր թյուրընկալումները՝ հարկ ենք համարում ընդգծել, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը որեւէ առնչություն չունի բուհերի խոշորացման գործընթացի հետ. Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միավորման հարց այս պահին չի քննարկվում: Իրականությանը չի համապատասխանում նաեւ պնդումը, թե առկա է բուհի լուծարման վտանգ. այդ իրավասությունն արգելված է օրենքով»:

Օրվա վերջում արդեն, ոստիկաններով շրջապատված, ԿԳՄՍ նախարարը՝ ռեկտորի նոր ԺՊ-ի հետ, եկավ համալսարան։ Դավիթ Գյուրջինյանը ծիծաղով արձագանքեց միայն, որ իշխանությունների սրտի թեկնածուն է, ապա, մոտենալով ամբիոնին, շնորհակալություն հայտնեց խորհրդին՝ նշելով, որ ինքը դեռ ժամանակավոր պաշտոնակատար է եւ իր աշխատանքն ունի։ «Ի դեպ, լավ աշխատանք ունեմ եւ Բրյուսովից եմ գնացել այնտեղ, հիմա էլ գալիս եմ Բրյուսով որոշակի առաքելությամբ։ Բարեկիրթ բուհի համբավ ունի Բրյուսովը, բայց դա խախտված է, եւ այն պետք է վերադարձնել ու իր ճիշտ հունի մեջ դնել»,- ասաց նա ու նշեց, որ չի գալիս լուծարելու «Բրյուսովը», հենց միայն անձնական պատճառներից ելնելով, որովհետեւ իր 2 աղջիկները այս բուհն են ավարտել, եւ չի ուզենա, որ ասեն՝ իրենց հոր ձեռքով փակվեց ու լուծարվեց «Բրյուսովը»․ «Ես բավականին դիմացկուն եմ եւ երիտասարդ՝ 60 տարեկան, ու գալիս եմ բավականին եռանդով աշխատելու»։

Ժաննա Անդրեասյանն էլ նախ նշեց, որ ժամանակավոր խորհրդի կազմը շատ տրամաբանական է, եւ այդտեղ ներառված է լիազոր մարմինը՝ ի դեմս իրեն, արդարադատության նախարարության ներկայացուցիչը եւ որպես հիմնադիր՝ վարչապետի աշխատակազմից ներկայացուցիչ։ Ավելի քան տրամաբանական էր, ըստ նրա, որ խորհուրդը որոշում է կայացրել եւ Գյուրջինյանին նշանակել ռեկտորի ԺՊ․ «Պարոն Գյուրջինյանը բուհի համար նոր մարդ չէ, եւ իր մասնագիտությունը բուհի հիմնական ուղղվածության տրամաբանության մեջ է, ու հայտնում եմ մեր ամբողջական աջակցությունն այդ ուղղությամբ արվող ցանկացած ջանքի։ Հույս ունեմ՝ մենք կունենանք բավարար ակադեմիական միջավայր՝ բոլոր հարցերը քննարկելու համար»։

Թե ինչու հենց Դ․ Գյուրջինյանը, նախարարը նշեց, որ իրենց համար կարեւոր էր բուհում ունենալ մարդ, որպես ԺՊ, ով դուրս է բուհում ընթացող գործընթացներից․ «Որտեղ մթնոլորտն անառողջ է, եւ կարիք կա բոլոր գործընթացները վերադարձնելու բարոյահոգեբանական ճիշտ միջավայր։ Այս պայմաններում բուհի ներսից որեւէ թեկնածուի դիտարկումը կարող էր ունենալ հակառակ ազդեցությունը եւ կարող էր վնասել գործընթացների կարգավորման մեր ցանկությանը, իսկ պրն Գյուրջինյանը շատ տրամաբանական թեկնածություն է»։