Խաղողագործներն ահազանգում են՝ աղետի առջեւ են կանգնած

Խաղողագործներն ահազանգում են՝ աղետի առջեւ են կանգնած

Չորս տարի առաջ այս սեզոնին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին գլուխ էր գովում, թե «մթերման սեզոնն է, ոչ մի աղմուկ-աղաղակ չկա, սա հիշարժան փաստ է»։

Մինչ Փաշինյանն այս օրերին վայելում է ամառային մեկ ամսյա հանգիստը, խաղողագործությամբ զբաղվող գյուղացիները կանգնած են ապրուստի միակ միջոցից զրկվելու վտանգի առաջ։

Նարեկ Սահակյանը խաղողի այգիներ ունի, որոշել է քանդել ու հեռանալ երկրից, ասում է՝ ամեն տարի արհեստական խնդիրներ են ստեղծում, գյուղացին եկամուտ չի ունենում, հիմա էլ ռուսական կողմի արգելքը, որն իսկական աղետ է դարձել գյուղացու գլխին։ «Ամեն տարի հանձնման հետ կապված խնդիրներ են ստեղծում, խաղողն ընդունում են 100-120 դրամ, ձեռք չի տալիս, որոշել ենք քանդել այգիները։ Սրան էլ վրադիր՝ անհասկանալի պատճառաբանությամբ տոկոսներ են պահում։ Խաղողով բարձված մեքենաներն արհեստականորեն հերթի մեջ են թողնում, երկու օր հետո ասում են՝ խաղողը թթված ա, էժանով պիտի հանձնեք»,-ասաց խաղողագործը։

Զրուցակցիս խոսքով՝ «Պռոշյան» գինու գործարանը մինչեւ հիմա պայմանագիր չի կապել, մթերումը սկսվելու է հոկտեմբերից։

«Մապ գինու-կոնյակի գործարանը պայմանագրերն արդեն կապել է, մթերում է 120 դրամով։ Իրենց մոտ էլ չեն կապում պայմանագիր, լրացել է քանակը»,-նշեց նա։

Խաղողագործներին շատ է մտահոգում հայկական գյուղմթերքը ռուսական շուկա արտահանելու արգելքը։

Գրել էինք, որ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես կասեցրել է պտուղ-բանջարեղեն արտադրող հայկական ընկերությունների արտադրանքի մատակարարումը ՌԴ։

«Ռուսական կողմի արգելքը բառիս բուն իմաստով աղետ է գյուղացու գլխին։ Մարդիկ տաք են, չեն հասկանում։ Ես ծիրանի այգի ունեմ, որի բերքը գնում է Ռուսաստան։ Եթե այս արգելքը չվերանա՝ ի՞նչ կլինի մեր վիճակը, ինչ պիտի անենք՝ թափենք մեր բերքը։ Գյուղացին զրկվելու է ապրուստի միակ միջոցից։ Այս տարի հաստատ քանդելու եմ իմ այգիները, գնում ենք գործարանների դիմաց որբի պես կանգնում, ոնց որ մուրացկան լինենք, նվաստացնում են ժողովրդին»,-ասաց նա։

Զրուցակիցս ասում է՝ առավել քան վստահ է՝ ռուսական կողմի արգելանքը քաղաքական որոշման հետեւանք է՝ հայ-ռուսական հարաբերություններով պայմանավորված։

«Որովհետեւ սրանք ամեն ինչ անում են՝ ռուսի հետ կապերը խզելու համար, ռուսն էլ հիմար չէ։ Բոլորը խուսափում են այս իշխանություններին մի բան ասեն, բայց սաղ մեղքը սրանց վրա է»,-նշեց զրուցակիցս։