Հայկ Խանումյանի արձագանքը` վարչապետի հարցադրմանը

Հայկ Խանումյանի արձագանքը` վարչապետի հարցադրմանը

Արցախի նախագահի թեկնածուները շարունակում են արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը՝ կապված բանակցային գործընթացի նկատմամբ առկա իրենց դիրքորոշումների հետ:

ՀՀ վարչապետին արձագանքել է ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը: «Ես և Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով և բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին:

Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով և թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը և զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը:

ՀՀ զինված ուժերից բացի այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է և այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել»,-գրել է ԱՀ նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թող Արցախի նախագահի թեկնածուներն ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, հարցադրմանն արձագանքել էին  ԱՀ նախագահի թեկնածուներ Աշոտ Ղուլյանը, Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը: