Թրամփի առաջարկներն Էրդողանի «սրտով» չեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները «ուշադրության արժանի» չի համարում։
«Մեր տեսանկյունից ուշադրության կամ քննարկման արժանի ոչինչ չկա սիոնիստական լոբբիի ճնշման ներքո ամերիկյան նոր վարչակազմի կողմից Գազայի հետ կապված առաջարկությունների մեջ։ Սրանք բոլորը Գազայում անհանգստություն առաջացնելու փորձեր են»,- լրագրողներին ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահն ասել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հավատարիմ է մնում իր խոսքին՝ կատարելով հրադադարի համաձայնագրի պայմանները։
Հիշեցնենք՝ Թրամփն օրերս հայտարարեց Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու իր մտադրության մասին այն բանից հետո, երբ պաղեստինցիները այնտեղից վերաբնակեցվեն հարևան երկրներ, մասնավորապես՝ Եգիպտոս և Հորդանան։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնման և աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև չպայթած զինամթերքի և այլ զենքերի սպառնալիքի վերացման համար:
Կարծիքներ