Մինա տա սըտկիլու չի․․․

Մինա տա սըտկիլու  չի․․․

Այս փոքրիկ պատմությունը հիշեցի, որովհետև մոտ մեկ ամիս առաջ գրառմանս մեջ սատկել բառ օգտագործելու համար ֆեյսբուքն էջս արգելափակել էր։

Գորիսում շատ սիրելուց էլ են ասում՝ «սատկես տյու»։ Դե եկ ու ֆեյսբուքին բացատրիր։ Ինչևէ, դեպքը ինձ պատմել է սիսիանցի ճանաչված ու սիրված վիրաբույժ Յուրի Հովակիմյանը․

«Մի օր Սերո Խանզադյանն ու Գուսան Աշոտը եկել էին ինձ մոտ՝ հիվանդանոց։ Սերոն առողջական խնդիրներ ուներ՝ կապված միզապարկի, շագանակագեղձի հետ։ Սերոն սյունեցու բամբ ձայնով գոռաց․

-Դե՜ Յուրիկ, տես հինչ ես անում։

-Սերո Նիկոլաևիչ, դա իմ բնագավառը չի, ես հիմա կխնդրեմ, մասնագետ կգա ու քեզ կստուգի,- պատասխանեցի։ Երևանը Սիսիանը չէ, որ բոլոր օրգանների վիրաբուժությամբ ես զբաղվեմ։

- Ուրոլոգին հիմա կկանչեն։

-Արա՜ դե տյու եշի էլի,- բորբոքվեց Սերոն,- մասնագետ, հա մասնագետ, լոխին անա էլ կոշտ եմ։

Գուսան Աշոտը փորձեց համոզել ինձ․

-Յուրա, ախպոր նման տյու եշի, տա ստակող չի, հինչ օզում ես նշանակի, մինա տա սըտկիլու չի»։

Սատկել բառը քաղցրությամբ էին օգտագործում, հիմա սատկել բառն էլ են քրեականացրել, որովհետև այսօրվա սատկել բառի մեջ ժողովրդի ցասում կա։

Յուրի Հովակիմյանի նկարը դրել եմ իմ գրքից։