Դատարանը արգելել է Դոն Պիպոյին հավաքել խաղողի բերքը, խնամել այգին

Դատարանը արգելել է Դոն Պիպոյին հավաքել խաղողի բերքը, խնամել այգին

Մենք ժամանակին գրել ենք, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի բաջանաղը եւ վերջինիս հայրը ֆինանսական մեծ վնաս են պատճառել նրան եւ արդյունքում քրեական գործ է հարուցվել, դատական պրոցես է սկսվել։ Վեճի առարկան եղել է 900 հազար դոլարի կարգի գումար եւ քրեաիրավական գործընթացի արդյունքում բաջանաղի ընտանիքին պատկանող խաղողի այգին պետք է որպես վնասի փոխհատուցում փոխանցվեր Ասատրյանին։ Այս գործընթացը կասեցնելու համար մեղադրվող կողմը գնացել է սնանկացման ճանապարհով՝ դիմել է Սնանկության դատարան։ 

Մենք տեղեկություն ենք ստացել, որ Սնանկության դատարանն աննախադեպ որոշում է կայացրել՝ այդ հայցով. հայցի ապահովման միջոց է կիրառել խաղողի այգու հետ կապված։ Եւ որոշել է, որ մինչեւ դատական պրոցեսի ավարտը այգու փաստացի սեփականատերը՝ Արթուր Ասատրյանը, բերքը չպետք է տնօրինի։ Պարզ ասած՝ խաղողը չպետք է հավաքեն, այգին չպետք է ջրեն, այգին չպետք է խնամեն, այլ պետք է թողնեն, որ բերքը ծառերի վրա փչանա։ Անգամ գյուղատնտեսությունից հեռու մարդուն էլ հասկանալի է, որ բերքահավաքի այս ժամանակահատվածում՝ եթե այգին չմշակեն և բերքը չհավաքեն, խաղողի բերքի կորուստ կլինի եւ կրկին վնաս կպատճառվի առանց այն էլ մեծ վնասներ կրած սեփականատիրոջը:

Այս գործով զբաղվող Արթուր Ասատրյանի փաստաբաններից մեկը հաստատեց մեր տեղեկությունները եւ ասաց, որ Սնանկության դատարանում մյուս կողմից երկու հայց կա, երկուսով էլ դատարանը նման որոշում է կայացրել։ Նա ասաց, որ ավելի ինֆորմացիա չունեն, քան մերն է։

«Բաջանաղի հետ է կապված խնդիրը, մոտ մեկ միլիոն 300 հազար դոլարի հափշտակության մասին է խոսքը։ Այդ գործով Արթուր Ասատրյանը և նրա հայրը՝ Օնիկ Ասատրյանը տուժող են ճանաչվել»,- ավելի վաղ ասել էր փաստաբաններից մեկը։ 
Մենք տեղեկացանք, որ նման որոշում կայացնողը սնանկացման դատավոր Աթաբեկյանն է։