ՀՀ արտաքին պարտքը եւ Բաքվի թալաքը

ՀՀ արտաքին պարտքը եւ Բաքվի թալաքը

Հայաստանի իշխանությունները հրճվանքի մեջ են: Վերջապե՜ս, վերջապե՜ս գտնվեցին միամիտ ներդրողներ, որոնք ո՛չ թերթ են կարդում, ո՛չ հեռուստացույց միացնում եւ ո՛չ էլ ինտերնետ մտնում: Նրանք հավատում են, որ Հայաստանն իր պատմության վերջին տասնամյակում այսօր ամենակայուն վիճակում է գտնվում, եւ պատրաստ են պարտքով 3 միլիարդ դոլար տալ: Ոչ միայն տալ, այլեւ համաձայն են դա անել այդ տասնամյակի ամենափոքր տոկոսադրույքով՝ փոխարենը ստանալով մի թղթի կտոր, որի վրա հպարտորեն գրված է՝ ՀՀ եվրապարտատոմս: 
Միեւնույն ժամանակ, դարերով ստուգված ժողովրդական իմաստնությունը հուշում է, որ անվճար պանիրը միայն մկան թալաքում (թակարդ) է լինում: 

Ո՞րն է այս դեպքում այդ «թալաքը»: Գաղտնիք չէ, որ ներդրողները համաձայնում են ցածր տոկոսադրույքով ներդրում կատարել այն դեպքում, երբ երկիրը կայուն եւ բարգավաճ վիճակում է: Հայտնի է նաեւ, որ Հայաստանն այսօր իր վերջին տասնամյակի ամենաանկայուն ու օրհասական վիճակում է՝ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ նոր ցնցում կամ արհավիրք կլինի: Եվ դա կախված է ոչ միայն մեզանից, այլ նաեւ այն բանից, թե ինչ տրամադրությամբ կարթնանան Ալիեւն ու Էրդողանը, ինչ նոր զինված հակամարտության կմասնակցի Մոսկվան: 

Գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանն այսօր անվճարունակ է, բյուջեն մեծ պակասորդ ունի: Մեր երկրի «տնտեսությունն»  այնպիսին է, որ նրա եկամտային մասը մեծապես կախված է այն բանից, թե քանի մարդու կհաջողվի ներքաշել շահումներով խաղերի մեջ: Դրան ավելացել է այն, որ մեր չորրորդ ամենամեծ հարկատուի, մեր ամենագլխավոր ոսկու հանքի՝ Սոթքի եկամուտները զգալիորեն պակասելու են: Միաժամանակ, զգալիորեն ավելանալու են հետագա տարիների բյուջետային ծախսերը՝ պատերազմի եւ կապիտուլյացիայի պատճառով առաջացած խնդիրների լուծման համար պահանջվող ֆինանսական մեծ ծախսերի պատճառով:

Այդուհանդերձ, այս տարվա սկզբին մեր կառավարությանը հաջողվեց իրացնել 750 մլն դոլարի եվրապարտատոմս՝ 3,8%   եկամտաբերությամբ ու 10 տարի ժամկետով: Ընդ որում, օ՜ զարմանք, մեր ֆինանսների նախարարն ասաց, որ շուկան պատրաստ է եղել 3 միլիարդ դոլարի ՀՀ եվրաբոնդ գնել: 

Ցանկություն է առաջանում հոտնկայս ծափահարել մեր կառավարությանը: Մի՞թե նրանց հաջողվել է վիճակագրական կասկածելի թվերով մոլորության մեջ գցել ոչ միայն մեր բնակչությանը, այլեւ աչալուրջ ներդրողներին:   

Սակայն ՀՀ եվրաբոնդերն ամենեւին էլ թղթի կտորներ չեն: Դրանք, ինչպեսեւ մեր արտաքին պետական պարտքը, ապահովված են ՀՀ ողջ ունեցվածքով: 

Ինչպես որ սովորական քաղաքացին բանկից վարկ վերցնելիս գրավադրում է որեւիցե արժեքավոր բան՝ անշարժ կամ շարժական գույք, ոսկեղեն եւ այլն, այնպես էլ մեր կառավարությունը պարտք անելիս գրավադրում է ՀՀ ողջ ունեցվածքը: Եվ եթե չկարողանա պարտքերի տակից դուրս գալ ու ճանաչվի սնանկ, ԴԱՀԿ-ն կգա ու կբռնագրավի Հայաստանի ունեցվածքի մի մասը:
Մեր դեպքում ԴԱՀԿ-ի դերը կկատարեն Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը, որովհետեւ չի բացառվում, որ մեր եվրապարտատոմսերն ու արտաքին պարտքի «բարաթները» հայտնվեն հենց Բաքվի ձեռքում: 

Չիմացողներին հուշենք, որ աշխարհում գոյություն ունի պարտքերի շուկա, որտեղ սնանկացած ու անվճարունակ պետությունների պարտքերն էժան գներով վաճառվում են այդ պարտքերը զոռբայությամբ կամ այլ մեթոդներով գանձելու ունակ պարտատերերին: 
Ենթադրվում է, որ այս տարվա վերջում ՀՀ արտաքին պարտքը կհասնի 9 միլիարդ դոլարի: 
Հետաքրքիր է, եթե բանը հասնի ԴԱՀԿ-ին, որքա՞ն կգնահատվեն Մեղրիի միջանցքն ու Սեւանի՝ Ադրբեջանին հարող ափը: Չէ՞ որ Հայաստանի տնտեսությունն այլ արժեքավոր ու եկամտաբեր օբյեկտներ չի կարող առաջարկել: Ամեն ինչ արդեն վաճառվել եւ սեփականաշնորհվել է: Մնացել են ԳԱԱ ինստիտուտների եւ Երեւանի բուհերի անշարժ գույքերի նման մանր-մունր բաներ: Մի քանի հատ էլ կառավարական շենք: Հետեւաբար, բացի տարածքներից, Հայաստանից խլելու այլ բան չկա: Չի բացառվում, որ անգրագետ գյուղացու նման նոր վարկերով՝ հին վարկերը փակող մեր կառավարության վերցրած արտաքին պարտքը հետագայում այնքան մեծանա, որ այդ գումարով հնարավոր լինի ստանալ ողջ Զանգեզուրը եւ «Էրիվանը»:

Գուցե հենց այդ տարբերա՞կը նկատի ուներ Իլհամ Ալիեւը, երբ ասաց, որ առանց տանկերի էլ կվերադառնան Զանգեզուր եւ «Էրիվան»:

Գրիգոր Էմին-Տերյան