Եվս մի անհեթեթ նախաագիծ

Եվս մի անհեթեթ նախաագիծ

Թեեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ բարձր ամբիոնից հայտարարում էր, թե տպավորություն ունի, որ ընդդիմությունը շահագրգռված է կորոնավիրուսի տարածմամբ, «որովհետեւ գարշահոտություն տարածող ուժերը համարում են, որ Հայաստանում ինչքան շատ մարդ վարակվի կորոնավիրուսով, ինչքան շատ մարդ մահանա, այնքան իրենք ավելի բարձր հնարավորություն կունենան խոսելու», բայց իշխանության քայլերից պարզ է դառնում, որ այդ իրավիճակից ավելի շատ օգտվում են իրենք՝ իշխանականները։ Ինչ խելքներին փչում է, անում են։ 
Երկրում հաստատված արտակարգ դրության պայմաններում, երբ արգելվում են բողոքի ակցիաները, ընդունվում են այնպիսի աղմկոտ նախագծեր, ինչպիսիք Լանզարոտեի կոնվենցիան է, սահմանադրական փոփոխությունները, հիմա էլ առողջապահության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում՝ արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում իրականացնելու համար։ Սա նշանակում է, որ իշխանությունը դեռ երկար է ձգելու արտակարգ դրության ռեժիմը, եւ որոշել են իրենց տնօրինության տակ առնել ուրիշի մասնավոր սեփականությունը։

Նախագծի վերաբերյալ նախարարության ֆեյսբուքյան էջում 2 առաջ գրել են․ «Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորություն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։ Փոփոխության համաձայն՝ առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը եւ կկատարեն նախարարի ցուցումները, որպեսզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը»։ Միաժամանակ հիշեցրել են, որ նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձեւից) անցնում է առողջապահության նախարարությանը: Օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ կներկայացվի Ազգային ժողով։

Նախարարությունը մինչ այս պահը հարկ չի համարել այս կասկածելի նախաձեռնության շուրջ քննարկում կազմակերպել ոլորտի պատասխանատուների՝ հիվանդանոցների սեփականատերերի կամ տնօրենների հետ։ Սակայն այս լուրը փոթորկել է մասնավոր հիվանդանոցները, որտեղ հասկանում են, որ իրենց տարիներով ստեղծած՝ կայացրած հիմնարկները կարող են կարճ ժամանակում «վարի տալ», ոչնչացնել։ Առանց այն էլ առողջապահական համակարգը, ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, պետական  հիվանդանոցներում խայտառակ իրավիճակ է, ծանր դեպքերն արդեն ուղարկում են մասնավոր բուժհիմնարկներ ու որոշել են նաեւ, որ բոլոր բուժհաստատությունների կառավարումը պետք է Թորոսյանը կենտրոնացնի իր ձեռքում, ով կարող է նաեւ նշանակել տնօրեններ։ «Այդ ո՞ւմ պետք է բերեն նշանակեն Էրեբունիի, Իզմիրլյանի կամ համալսարանական թիվ 1 հիվանդանոցի տնօրեն, որ, ասենք, Քուշկյանից, Չարչյանից եւ Արմեն Մուրադյանից լավ կառավարեն, եւ, ի վերջո՝ ի՞նչ նպատակով։ Այդ ի՞նչ չեն կարողանում անել հիմա, որ պետք է անեն նախարարության նշանակած ֆեյսբուքյան ստատուսչիկները»,- ասաց ոլորտի ներկայացուցիչը։ Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչ լիազորություններով է օժտված լինելու ժամանակավոր տնօրենը։ «Արդյոք դոստուպ ունենալո՞ւ է ուրիշի փողերի՝ ֆինանսական հոսքերի վրա, եթե այո, ապա ի՞նչ հիմնավորմամբ, կամ կարողանալո՞ւ է գլուխ հանել ուրիշի կայացրած հիմնարկից, եւ, ի վերջո, եթե նման մտադրություն կա, ապա ինչո՞ւ չեն սկսում հիվանդանոցների գույքագրումը, որպեսզի հետո նույն գույքով հետ հանձնեն»,- շարունակեց մեր աղբյուրը՝ նկատելով․ «Իսկ հաշվարկե՞լ են, որ այս հեռանկարի դեպքում տվյալ հիմնարկի բուժաշխատողները պարզապես կարող են բոյկոտել ու չներկայանալ աշխատանքի»։

Մի խոսքով՝ իշխանությունը հերթական ոտնձգությունն է անում, եւ դրա հիմքում քաղաքական շարժառիթներ են՝ ցանկանում են տեղեկանալ մեկի ֆինանսական հոսքերի, մյուսի՝ կապերի մասին․ ո՞վ է հաճախում հիվանդանոց, ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են եւ այլն։ «Հակառակ պարագայում, եթե կասկածներ ունեն, որ հիվանդանոցներն ինֆորմացիա են թաքցնում իրենցից, կարող են ընդամենը նախարարության մի աշխատակցի նշանակել ներկայացուցիչ»,- ասաց մեր աղբյուրը։

ՀԳ․ Նյութն արդեն պատրաստ էր, երբ երեկոյան, պարետատան հերթական նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կենտրոնացված կառավարման մասին առողջապահության նախարարության մտադրություններին, ասաց, որ այսօր չկա նման գործողությունների կարիք, որովհետեւ բուժհաստատություններն այսօր շատ ակտիվ աշխատում են նախարարության եւ կառավարության հետ․ «Եվ բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները։ Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում, եւ մասնագետներն ուսումնասիրում են կառուցակարգերը, փորձում են ի հայտ բերել զուտ օրենսդրական այն բացերը, որոնք կարող են գոյություն ունենալ տեսականում»։ Իրականում վարչապետն այնքան էլ անկեղծ չէ, որովհետեւ այսօր ոչ այնքան օրենսդրական բացերը լրացնելու ժամանակն է, որքան համավարակի դեմ արդյունավետ պայքարի։ Ըստ ամենայնի, Արսեն Թորոսյանի մտքում է ծագել այս հանճարեղ միտքը, բայց հասկանալով, որ դա կարող է հիմնահատակ ավերել բուժհաստատությունները, նահանջել են իրենց մտադրություններից։