Գաղափարական աղքատությանը սոցիալական աղքատության դեմ պայքարով չես հաղթի

Գաղափարական աղքատությանը սոցիալական աղքատության դեմ պայքարով չես հաղթի

Երեկ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում եւ գործող 68 հազարի փոխարեն նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ: Խմբակցությունն իր այս առաջարկը հիմնավորել է 7,1 տոկոս գնաճով, ջրի եւ էլեկտրաէներգիայի թանկացման հեռանկարով, աղքատությունը կրճատելու ցանկությամբ եւ էլի նման շատ խելոք բաներով:

Առաջին հայացքից թվում է, թե սրա տակ թաքնված է շարքային սոցիալական պոպուլիզմ. ընդդիմադիր խմբակցությունն ուզում է հասարակությանը ցույց տալ, որ մտածում է աշխատավորների սոցիալական իրավունքների բարելավման մասին եւ ամեն ջանք գործադրում է՝ աշխատավորների եկամուտները բարձրացնելու համար: Սակայն ավելի էական է, թե ինչ քաղաքական հետեւանքներ կարող է առաջացնել այս նախաձեռնության ընդունումը կամ մերժումը:
Նախ, իշխանության կողմից նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն ինչ-որ իմաստով ոչ պոպուլյար քայլ է, քանի որ այն ազդում է տնտեսվարողների եկամուտների կրճատման վրա: Գաղտնիք չէ, որ շատ տնտեսվարողներ վարձու աշխատողներին վճարում են բարձր աշխատավարձ, բայց քիչ հարկ վճարելու համար հաշվապահական փաստաթղթերում ձեւակերում են ավելի ցածր աշխատավարձ, հիմնականում նվազագույն աշխատավարձի չափով: Երբ պետությունը բարձրացնում է նվազագույն աշխատավարձի շեմը, դա ստիպում է տնտեսվարողներին եւս բարձրացնել իրենց աշխատակիցների պաշտոնական աշխատավարձերը եւ այդպիսով ավելի շատ հարկ վճարել: Այսպիսով, բարձրացնելով նվազագույն աշխատավարձի շեմը՝ իշխանությունը հարուցում է տնտեսվարողների դժգոհությունը, բայց երբ դա արվում է ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ,  տնտեսվարողները կարող են դրա համար պատասխանատու համարել հենց ընդդիմությանը: Ստացվում է, որ շատ աշխատողների իրական աշխատավարձը չի բարձրանա, բայց նրանց գործատուների եկամուտները կնվազեն:

Եթե իշխանությունը հավանություն տա այս նախաձեռնությանը եւ կողմ քվեարկի դրա ընդունմանը, կարող է դրանով ցույց տալ, որ բավական արդյունավետ համագործակցություն է ծավալում ընդդիմադիր խմբակցության հետ, եւ ընդդիմության բոլոր նախաձեռնությունները չէ, որ կուրորեն մերժվում են: Իշխանություն-ընդդիմություն համագործակցության դաշտի ձեւավորումն առաջին հերթին ձեռնտու է իշխանությանը, քանի որ բացառապես իշխանության հրաժարականը պահանջող արմատական ընդդիմության կերպարի փոխարեն կձեւավորվի իշխանության հետ արդյունավետ համագործակցող կառուցողական ընդդիմության իմիջ:

Կարող են ասել, որ «Հայաստան» խմբակցությունն այս նախաձեռնությունը ներկայացրել է՝ համոզված լինելով, որ իշխանություններն անպայմանորեն մերժելու են այս նախաձեռնությունը, եւ այդ դեպքում իրենք հնարավորություն կունենան ասելու, որ, տեսեք՝ մենք ոզում էինք ձեր եկամուտները բարձրացնել, կոմպենսացնել թանկացումների հասցրած վնասը, փրկել ձեզ աղքատության ճիրաններից, բայց ագահ ու ժլատ իշխանությունները մերժեցին մեր նախաձեռնությունը, որովհետեւ իրենք բարձրացնում են միայն իրենց եւ իրենց մերձավոր շրջապատի ներկայացուցիչների աշխատավարձերը, իսկ հասարակության մնացած մասին մատնում աղքատության ու սովի: Եվ նման քարոզչությունը հնարավորություն կտա իշխանությունների դեմ տրամադրել հասարակության առավել աղքատ կամ բացառապես իրենց անձնական եկամտով կողմնորոշվող շերտերին, որոնց համար գուցե Արցախի ու հայրենիքի կորուստն ընդունելի է, սակայն ամսական 32 հազար դրամից զրկվելը ոչ մի արդարացում չունի:
Այս նախաձեռնությունը քննարկվելու է 2022 թվականին, եւ դժվար է ասել, թե կոնկրետ որ ամսին: 2022թ. բյուջեի նախագծով նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվելու է, բայց ոչ թե 100 հազար, ինչպես առաջարկում է «Հայաստան» դաշինքը, այլ՝ 85 հազար:

Իշխանությունները, այդպիսով, հաստատ գնալու են նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմանը եւ դա ներկայացնելու են որպես կոմպրոմիսային լուծում, պետության եկամուտներն առայժմ սրան են բավարարում: Մյուս տարի հնարավոր է 100 հազար էլ դառնա, գուցե մի բան էլ ավելի: Մի խոսքով, սոցիալական պոպուլիզմն էլ չի ստացվի կամ այն էֆեկտը չի ունենա:
Ընդդիմության մոտ ժանրի կրիզիս է, նոր գաղափարներ չկան, իսկ հին գաղափարներն էլ այնքան մաշված ու տրորված են, որ հակառակ արդյունքն են տալիս:

Ավետիս Բաբաջանյան