«Ապաշրջափակում»` տարակուսելի եւ զարհուրելի եզրույթ

«Ապաշրջափակում»` տարակուսելի եւ զարհուրելի եզրույթ

Ստալինը 1920թ․ նոյեմբերի 30-ին, այսինքն՝ ճիշտ այն օրերին, երբ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացվում էին քեմալական սալի եւ բոլշեւիկյան մուրճի արանքում, «Պրավդա»-ին տված հարցազրույցում համապարփակ կերպով անդրադարձել է Անդրկովկասի (Հարավային Կովկաս) աշխարհաքաղաքական, ռազմավարական նշանակությանը․
«Ռեւոլյուցիայի համար Կովկասի կարեւոր նշանակությունը ոչ միայն նրանով է որոշվում, որ նա հումքի, վառելիքի եւ պարենի աղբյուր է հանդիսանում, այլեւ իր դիրքով Եվրոպայի ու Ասիայի միջեւ, մասնավորապես Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ տնտեսական եւ ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ (Բաթում-Բաքու, Բաթում-Թավրիզ, Բաթում-Թավրիզ-Էրզրում) առկայությամբ։

Այս բոլորը հաշվի է առնում Անտանտը, որն այժմ տիրապետելով Կոստանդնուպոլսին՝ Սեւ ծովի այդ բանալուն, կցանկանար պահպանել Անդրկովկասի վրայով դեպի արեւելք տանող ուղիղ ճանապարհը։
Ով վերջիվերջո կհաստատվի Կովկասում, ով կօգտվի նավթից եւ դեպի Ասիայի խորքը տանող ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ։ Ռեւոլյուցիա՞ն, թե՞ Անտանտը․ այս է ամբողջ հարցը։

Ադրբեջանի ազատագրումն զգալի չափով թուլացրեց Անտանտի դիրքը Կովկասում։ Անտանտի դեմ Թուրքիայի մղած պայքարը նույն հետեւանքներին հասցրեց։ Այնուամենայնիվ, Անտանտը չի վհատվում եւ հյուսում է իր ոստայնը Կովկասում» (գլխագրով ընդգծումները մերն են՝ Կ․ Խ․)։
Ստալինյան հարցազրույցի հետքերով էական զուգահեռներ կարելի է գծել 100-ամյա հեռավորության վրա՝ Կովկասի բնական հարստությունների կողոպտման ծրագրերից մինչեւ հաղորդակցական երթուղիներին տիրանալու ռազմավարական մրցակցություններ, մինչեւ Թուրքիա-«Ադրբեջան»-ի տեղն ու դերը ռուսական քաղաքականության մեջ։ 

Սակայն մի այլ զուգահեռ կա չշարադրված տողամեջերում․ թե այն ժամանակ Ստալինն ու Անտանտը, իրենց նվաճողական իմպերիալ մոտեցումներով, իրավական ինչ սահմանումներ են տվել ստրատեգիական «ամենակարեւորագույն» ճանապարհներին, եւ թե այսօր իրավական ինչպիսի կարգավիճակ է պատկերացվում՝ հաղորդակցական ուղիների «ապաշրջափակում» եզրույթի համար։ 

«Միջանցք», «դալան» կամ «կորիդոր» հոմանիշները ճանապարհների դեպքում նշանակում են «անարգել» (unimpeded) անցման հասանելիությամբ եւ առանց սահմանային-մաքսային անցակետերով (checkpoints) երթուղի, անցք։ Բազմաթիվ աղբյուրներում նշված այս երկու հատկանիշներն իրավականորեն առանձնացնում են «միջանցք» հասկացությունը «տրանսպորտային ճանապարհ» հասկացությունից, որն էլ բնորոշ է ինքնիշխան պետություններում առկա հաղորդակցական ուղիներին։

Իսկ «անարգել»-ը (unimpeded) հավաստի բառարաններում բացատրվում է not blocked եւ unblocked բառերով, որոնք նույնությամբ համընկնում են «ապաշրջափակված»-ի իմաստի հետ։ 
Ահա թե որն է չգրված զուգահեռը։

Ինչո՞ւ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության թարգմանության մեջ «ապաշրջափակել» եզրույթի փոխարեն չեն օգտագործվել «բացել», «վերաբացել», «շահագործել», «վերաշահագործել» կամ այլ տարբերակներ։

Ինչո՞ւ եւ ոչ մի շահառու պետություն, այդ թվում՝ Թուրքիան ու «Ադրբեջան»-ը, ցայժմ լուրջ չեն ընդունել եւ չեն ընդունում ՀՀ իշխանությունների այն պնդումը, որ «եռակողմ»-ում ոչ մի խոսք չի եղել զանգեզուրյան միջանցքի մասին։

Վախենամ՝ այս տարակուսելի եզրույթի խաբկանքով ազգովի կանգնենք եւս մի նոր զարհուրելի իրավիճակի դեմ-հանդիման։

Կարեն Խանլարյան