Արդարադատության որակի մասով ես կարծում եմ, որ շեշտակի առաջընթաց չունենք (տեսանյութ)

Արդարադատության որակի մասով ես կարծում եմ, որ շեշտակի առաջընթաց չունենք (տեսանյութ)

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում խոսեց նախարարության ձեռքբերումներից, որոնցից հիմնականը դատաիրավական բարեփոխումներին ուղղված ռազմավարության մշակումն էր, ապա պատասխանեց լրագրողների հարցերին։ Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցին՝ Բադասյանն ասաց, որ ինքն այստեղ օրենքի խախտում չի տեսնում և ընդգծեց՝ Հայաստանում չկա որևէ պաշտոնյա, որն անձեռնմխելի է և չի կարելի  նրա նկատմամբ քրեական հետապնդւոմ իրականացնել։

Hraparak.am-ը նախարարին եկու հարց ուղղեց։ Մենք նախ հետաքրքրվեցինք՝ Հայաստանում արդարադատություն կա՞, թե՞ ոչ, մասնավորապես վերջին մեկուկես տարում, նոր իշխանության պայմաններում։

Նախարարն ասաց, որ հայաստանում կա արդարադատություն, ավելին՝ Հայաստանում հեղափոխությունից առաջ էլ կար արդարադատություն, հարցը այդ արդարադատության որակն է և հանրության վստահությունը այդ արդարադատության նկատմամբ։

Մեր մյուս հարցը վերաբերում էր անձեռնմխելի պաշտոնյաներին։ Հարցրինք նրան՝ ի՞նչ է կարծում, ԱԺ շենքի պաշարման գործընթացը առաջնորդող պատոնյայի կամ դատարանները շրջափակելու կոչ անող պաշտոնյայի նկատմամբ հիպոթետիկ պե՞տք է քրեական հետապնդում իրականացվի, թե՞ ոչ։

Պարզվում է, ըստ նախարարի, Ազգային ժողովի շենքի շրջափակումը հեղափոխության հերթական փուլն էր, որը, դարձյալ ըստ նախարարի, իրագործվել է օրենքի բոլոր պահանջների և պայմանների պահպանմամբ։

«Հայաստանի ժողովրդի կամքը ևս մեկ անգամ արտահայտվել է Հայաստանում բարեփոխումներ սկսելու և Հայաստանում նոր որակի քաղաքական իշխանություն ձևավորելու մասով, որին հաջորդել են ընտրություններ, որոնք առաջին անգամ ՀՀ պատմության մեջ որակվել են որպես ազատ, արդար ընտրություններ»,-ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է դատարաների շրջափակման կոչին, Բադասյանն այստեղ էլ «օրենքի շրջանակներում» բացատրություն ուներ։

«Բազմիցս դրա մասին խոսել ենք, որ դա հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, որ այս համակարգում անհրաժեշտ նն արմատական բարեփոխումներ, որպեսզի հանրության վստահությունն այդ համակարգի նկատմամբ աճի, և մենք ակնկալենք որակյալ արդարադատություն»,-ասաց նա՝ նկատելով, որ եթե նոր իշխանությունը նպատակ ունենար ունենալ իրենից կախված դատական համակարգ, դրա մեթոդները հրապարակային կոչ անելը չէր։

Նկատեցինք, որ դա իր մեկնաբանությունն է, որ հանրության ուշադրությունը նման խնդիրների վրա բևեռելու համար էր այդ կոչն արվել, մինչդեռ քրեական օրենսգրքում այդպիսի մեկնաբանություն չկա, կան հստակ հոդվածներ, օրինակ՝ չի կարելի շրջափակել դատարանների դռները։

Նախարարն ասաց, որ մեր վկայակոչած հոդվածների շրջանակներում այդ արարքը չի տեղավորվում։

Հարցրինք նաև՝ արդարադատության որակն ինչպիսի՞ն է այսօր,  և այն գործըթնացները, որ ծավալվում են այսօր Սդ-ի շուրջ, արդարադատության որակի ի՞նչ մակարդակի մասին են վկայում։

«Տեսեք, արդարադատության որակի մասով ես կարծում եմ, որ շեշտակի առաջընթաց չունենք։ Այսինքն՝ այո, համակարգային կոռուպցիան բոլոր ոլորտներից դուրս է մղվել և չի կարող պահպանվել նախորդ մակարդակով, բայց նախ բացի կոռուպցիոն ռիսկերից դատական համակարգում դատական ակտերին ներկայացվող պահանջների պահպանման առումով, կարծում եմ, կրկին լուրջ խնդիրներ ունենք։ Եվ դրա մասին վկայում են նաև մեր հարուցած կարգապահական վարույթները»,- ասաց Ռուստամ Բադասյանը;

Մանրամասն՝ տեսանյութում։