Չկա՝ մերը, ձերը, բոլոր զինվորների համար հավասար ենք աղոթում

Չկա՝ մերը, ձերը, բոլոր զինվորների համար հավասար ենք աղոթում

«Առավոտյան 8։15-ին ձայներ լսեցինք, վեր թռանք, ինձ թվաց՝ ինչ-որ հրդեհ ա, էրեխեքին գրկեցինք ու իսկույն բակ դուրս եկանք»,-պատմում է Անահիտ Հայրապետյանն ու հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ Արցախում պատերազմ սկսվեց։

«Ամբողջ շենքի ժողովուրդը բակում էր, էդտեղ իմացանք, որ բեսպիլոտնիկ ա եղել, խփել ա վերեւից, մտանք մեր շենքի տակի 2 խանութը, հետո էնտեղից՝ նկուղներ, մի քանի օր այդտեղ մնացինք։ Տեսանք, որ դրությունը շատ ա վատանում, էրեխուն վերցրինք՝ եկանք Սիսիան, էդտեղից էլ՝ Երեւան»,- պատմում է Անահիտ Հայրապետյանը, ով Ստեփանակերտից հարսի ու մեկուկես ամսական թոռնիկի հետ Երեւան է եկել հոկտեմբերի 3-ի գիշերը։ Նրանք ապաստան են գտել Գ․ Քոչար փողոցում գտնվող «5 rooms» փոքրիկ հյուրանոցում, իրենց հետ Արցախից եկած 4 ընտանիք եւս․ բոլորը կանայք են ու մանկահասակ երեխաներ։  

Ասում է՝ չէին սպասում, որ նման ջերմ վերաբերմունքի կարժանանան, կեցությունը, սնունդը, հիվանդանոցի բոլոր ծախսերն անվճար են իրենց համար․ «Հայաստանի ողջ ժողովրդից շնորհակալ ենք, որ մեզ սենց ընդունել են՝ դռնբաց, շատ հյուրընկալ ժողովուրդ են։ Մի քիչ տարօրինակ է մեզ համար, որովհետեւ նախորդ 2 կռիվն այնքան չենք զգացել, բայց այս մեկը սարսափելի է․․․ Երանի վաղը լուր ստանանք, որ կռիվը պրծել ա, ու գնանք մեր տները։ Մեկ է, ինչքան էլ այստեղ մեզ համար լավ լինի, մեր տունն ենք ուզում, մեր ամսուկեսական փոքրիկը որ հոր ձենը լսում է հեռախոսով, նոր քնում է, բայց մինչեւ էդ շատ անհանգիստ ա լինում, չի քնում։ Չի սովորել էս օդին, ի՞նչ անենք․․․»։

Տիկին Անահիտի տղան ու փեսան սահմանին կռվում են, թե որ մասում են՝ չգիտի․ «Այսօր խոսեցի տղայիս հետ, տրամադրությունը լավ է, ինչ հարցնում ես, ասում ա՝ սաղ լավ ա, վատ բան չկա․․․ դե, հասկանալի է՝ տղամարդ է․․․, վախը տղամարդու համար էլ է․․․ սպասում ենք լավ բանի․․․ էսօր Ֆեյսբուքում կարդացի, որ Ֆրանսիան ինչ-որ որոշում է հանել, պառլամենտը պետք է հավաքվի, մեր անկախությունը ճանաչվի,- ասում է տիկին Անահիտը։ Նա վստահ է՝ հենց մի երկիր ճանաչեց Արցախի անկախությունը, մյուս երկրներն էլ հերթով կճանաչեն։- Ու կազատվենք այդ ֆաշիստներից․․․ տա Աստված․․․ շատ ահավոր վիճակ է․․․ Ստեփանակերտի կեսը համարյա չկա․․․, բայց ոչինչ, կգնանք, կօգնենք, կվերականգնենք, ու մեր Ստեփանակերտն էլ ավելի կգեղեցկանա»։

Անահիտ Հայրապետյանը կարծում է, որ այս անգամ գոնե  հարցին վերջնական լուծում պետք է լինի, որպեսզի ժողովուրդը վերադառնա իր տուն։ «Մարդ չի մնացել համարյա, սաղ ստեղ ենք՝ Երեւան, պիտի սաղ վերադառնանք մեր Ստեփանակերտը, ի վերջո՝ հարցի լուծում պետք է լինի,- ասում է նա ու հավելում, որ ուրիշ տեղ չի պատկերացնում իր ապրուստը։- Անգամ ստեղ չեմ պատկերացնում, կարում չեմ, մեր Ստեփանակերտը լավ է, մեր դպրոցը, մեր ամեն ինչը։ Կարոտում ենք մեր խաղահրապարակը՝ տերեւներով թափված, երանի հիմա այնտեղ լինեինք․․․»։

Հարցնում եմ՝ հիմա ինչի՞ կարիք ունեն։ «Ղարաբաղի օդի․․․ ուրիշ ոչ մի բան»,- պատասխանում է ու հուզմունքը խեղդելով՝ նորից կրկնում․ «Ղարաբաղի օդի․․․ էդ հաց ու ջուրն էլ մի կերպ կանենք, բայց մեր օդն եմ ուզում, էլի եմ ասում՝ ստեղ շատ լավ ա, շատ հյուրընկալ են բոլորը, բայց մեր հողի վրա ավելի լավ ա․․․ ամենագլխավորը՝ որ մեր զինվորները ողջ եւ առողջ վերադառնան տուն, նրանց տանը սպասում են իրենց մայրերը, քույրերը, կանայք․․․ խնդրում եմ պաշտոնյաներից՝ ինչքան հնարավոր է, շուտ հարցին լուծում տան, մեր էրեխեքը մեղկ են, չեն հարմարվում ոչ մի կերպ, վերադառնանք մեր Ղարաբաղը։ Ամեն առավոտ բացում եմ նկարներն ու ասում՝ Ղարաբա՛ղ, օդ ու ջրիդ մատաղ...»։

Այս ընթացքում Արցախից Երեւան է եկել նաեւ վրացահայ Թամարա Չիմակաձեն, ով արդեն 7 տարի ապրում է Արցախում։ Ասում է՝ միշտ երազել է Ղարաբաղի մասին, ամուսինն Արտաշատից է, ծանոթացել են մորաքրոջ տանը, հավանել իրար ու հաստատվել Ղարաբաղում։ Ամուսինը մնացել է Ստեփանակերտոմ, ինքը 6 տարեկան տղայի հետ ամսի 5-ին Երեւան է եկել։ Վերջին անգամ ամուսնու հետ խոսել է 3 օր առաջ, կնոջն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, այդքանը։ «Հիմա մեր երազանքը նա է, որ ամեն ինչ խախանդ լինի, ու նորից վերադառնանք Արցախ»,- ասում է Թամարան ու նշում, որ տնից դուրս գալիս հասցրել է մի քանի թեթեւ շոր վերցնել, ուրիշ ոչինչ։ «Էնքան որ՝ ասեցինք հասնենք Երեւան, մեր փրկությունը Երեւանն էր․․․ ճիշտն ասած՝ էլի կմնայինք, բայց էրեխեն կրակոցներից վախեցել էր, ասեցի՝ էրեխա կա մեջտեղը․․․»,- ասում է Թամարան ու ընդգծում, որ այսօր ամենաշատը խաղաղության կարիք ունեն։ Առաջին օրերին անընդհատ լացում էր, հիմա՝ էլ չէ, գիտակցում է՝ պետք է ուժեղ լինել․ «Ով էլ հիմա էնտեղ է, բոլորը նկուղներում են ապրում, ափսոս է Ղարաբաղը․․․»։  

Թամարա Սարգսյանը դժվարությամբ է խոսում, մի կողմից աղջիկներին է խնամում, մյուս կողմից մորը հոգ տանում․ «Սեպտեմբերի 27-ին մեծ էրեխուս ծննդյան օրն էր, առավոտ 8։20-ին սկսեցին կրակոցները, որ շատ պարզ լսվում էին Ստեփանակերտում։ Բոլորս դուրս եկանք տնից, մի քանի րոպե հետո մեր հարեւանն էկավ ասեց՝ ինչ-որ պահեստ ա պայթել, վախենալու բան չկա, մտանք տուն, բայց նորից սկսեցին կրակոցները, մեր տունն էլ հենց կենտրոնում է՝ հրապարակի կողքի փողոցն է։ Էդ ընթացքում փոքրիս էի լողացնում, ամուսինս զանգեց ասեց՝ տանը ինչ կա, շուտ վերցրու, դուրս արի, ես էլ ջուր վերցրեցի, էրեխեքին՝ շորեր, ու գնացինք սկեսուրիս տուն, քաղաքից հեռու բարձր տեղ է, մի գիշեր մնացինք էնտեղ, բայց ձեներն էնքան ուժեղ էին ու ահավոր, որ շատ վախեցա, հատկապես որ նկուղ էլ չկար տանը։ Մի գիշեր էլ մնացինք, այդ գիշեր ահավոր վախեցա, որովհետեւ ձայները շատ մոտ էին, մի սենյակում արդեն 8 հոգով էինք։ Հաջորդ օրը սկեսրայրս մեզ ճանապարհեց՝ եկանք Երեւան»։

Ընդամենը 2 օր է, ինչ ամուսնու հետ կարողացել է կապ հաստատել, այդ ընթացքում ոչ մի լուր չի ունեցել, հետո պարզվել է՝ այնպիսի տեղում է եղել, որտեղ կապ չի եղել․ «Շատ էի վախեցել․․․ առաջին օրը որ զանգեց, ինքը չէր էլ իմանում, թե քաղաքում ինչ վիճակ է, ասեց՝ ինչի՞ եք գնացել Երեւան, ինչո՞ւ չեք մնացել․․․»։

Թամարան Երեւան է եկել իր 2 դստրիկների ու մայրիկի հետ, որին մի կերպ է համոզել գալ, որովհետեւ երեխաները փոքր են՝ 1․5 եւ 3 տարեկան, չէր կարող մենակ հասցնել։ Հիշում է՝ կրակոցների ժամանակ, երբ մեծերը խուճապի մեջ են եղել, երեխաների ձեռքից անընդհատ այս ու այն կողմ են քաշքշել, ինչը նրանց համար սթրես է եղել․ «Երեխաները կարոտում են Արցախը, մեծս ամեն գիշեր քնելուց հարցնում է՝ առավոտյան կգնա՞նք պապիկի տուն, պապան կգա՞ առավոտյան»։ Թամարան շեշտում է, որ այս փողոցում բոլորն արդեն հարազատ են դարձել իրեն․ «Օգնությունը՝ մի կողմ, բայց բոլորը շատ բարեհամբույր են, կողքի սրճարանից գալիս՝ սուրճ են խմում մեզ հետ, երեխաների հետ խաղում են։ Այս անգամ, իրոք որ, ղարաբաղցին ու երեւանցին դարձել են ընդհանուր մի ընտանիք, ու հիմա չենք նայում՝ մեր եղբայրն է, թե ոչ, աղոթում ենք բոլոր զինվորների համար ու հավասար ենք աղոթում։ Չկա տարբերություն՝ մերն ա, ձերն ա, բոլորի համար էլ ցավում ենք»։

Արցախից եկած 7 ընտանիք էլ այս օրերին տեղավորվել է Սարյան փողոցում գտնվող «Սիթի հոթել» հյուրանոցում։ Բոլոր երեխաներն անխտիր նույն բանն են ասում՝ կարոտել են Արցախը, իրենց տունը։ Մեծերի ծանր լռության ներքո անգամ նրանց խաղն է անձայն ու անշշուկ դարձել։  

Գրետա Մեհրաբյանը Բաքվում է ծնվել, մեծացել։ Բաքվի ջարդերից հետո թողել է տուն-տեղ ու եկել Հայաստան, որից հետո հաստատվել արդեն Արցախում։ Տեսել է ամեն ինչ՝ ջարդ, երկրաշարժ, մի քանի արցախյան պատերազմ, 4 տարի ապրել է նկուղներում, իսկ սեպտեմբրի 27-ին սկսված պատերազմը նրան ստիպել է արդեն 5-րդ անգամ թողնել իր տունը եւ փախչել այս անգամ թոռների, ծոռների հետ։ Տիկին Գրետայի երկու թոռները՝ տղայի հետ միասին, այժմ սահմանին են, աղջիկն էլ զինվորական է, մնացել է Ստեփանակերտում։ Ինչքան խոսում է նրանց հետ, ասում են՝ լավ ենք ու վերջ։ Բոլորի միակ ցանկությունը՝ խաղաղություն ու հաղթանակ։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել էր, որ հայերն ու ադրբեջանցիները տարիներ շարունակ ապրել են կողք-կողքի, այս անգամ էլ կկարողանան Արցախում ապրել միասին, ինչին, սակայն, տիկին Գրետան դեմ է՝ այլեւս չի հավատում․ «Էս կռվից հետո դա չի լինի, էսքան զոհերից հետո միասին ապրել էլ հնարավոր չի․․․»։

Մարտակերտի բնակիչ Նաիրա Ավետիսյանը եւս առանց հուզմունքի չի կարողանում խոսել, մի ցանկություն ունի՝ շուտափույթ լուծում լինի այս հարցին, որ ամեն մեկը վերադառնա իր տուն․ «27-ի առավոտյան Մարտակերտից դուրս ենք եկել, փախել, անտառներում 5 օր մնացել մեքենայի մեջ, հետո տղաս բերեց՝ Շուշիից ճամփեց մեզ ու ինքը հետ դառավ պատերազմ։ Քրոջս, եղբորս տղաները, իմ տղան՝ բոլորը դիրքերում են՝ ծառայության մեջ։ Աշխարհին թող խաղաղություն լինի, որ էս կռիվը շուտ վերջանա, գնանք մեր տները։ Մեր ամեն մի զոհը մեզ համար շատ տանջալի է, ուզում է ղարաբաղցի լինի, հայաստանցի, թե ամերիկացի, հայը մնում է հայ»։

Տիկին Նաիրան հույս ունի, որ այս անգամ պատերազմին վերջ կտրվի, եւ հաջորդ սերնդի ուսերին այս պատերազմն այլեւս չի ծանրանա․ «Արյունով վերցված հողերը երբեք չենք տա, որովհետեւ շատ զոհեր ու արյուն ունենք թափված, հատկապես Արցախի ապրողները ոչ մի դեպքում չեն ուզի դա․․․»։

Կանայք չգիտեն, թե ինչու է միջազգային հանրությունը լռում եւ ոչ մի քայլ չի ձեռնարկում․ «Երեւի ինչ-որ մեկին դա պետք է․․․ ոչ մեկը հիմա մեզ ձեռք չի մեկնում, բոլոր կանգնած սպասում են վերջին, թե ում վերջին են սպասում՝ չգիտենք, իսկ սեղանի շուրջ խոսելով՝ կռիվը չի դադարում։ Ցավոք, եթե ավտոմատի կռիվ լիներ, մերոնք կհաղթեին, բայց ինքնաթիռի առաջ ոչ մեկը չի կարա կանգնի։ Պետք է կանգնացնել Էրդողանին, վերջ տան նրա ինքնաթիռներին ու վերջ, մենք ձեռքով էլ լինի՝ կհաղթենք իրենց»։